Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութիւն. «Հայաստանն ու Արցախը Միակամ Են Արցախահայութեան Իրաւունքներու եւ Հայրենիքի Միջազգային Ճանաչման Պայքարին Մէջ»
21 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն մը տարածած է Արցախի վերածնունդի օրուան առիթով` նշելով, որ Հայաստանն ու Արցախը կը շարունակեն միակամ ըլլալ համազգային իղձերու իրականացման, պետականութեան եւ ինքնիշխանութեան, արցախահայութեան իրաւունքներու եւ հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարին մէջ:
Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան յայտարարութեան մէջ նշուած է.
«1988 թուականի փետրուարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամաւորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայութեան նկատմամբ ցեղային խտրականութեան եւ զտումների տասնամեակների քաղաքականութեան դադարեցման եւ ինքնորոշման իրաւունքի իրացման համար:
1988 թուականի այս իրադարձութիւնները հիմք դրեցին համահայկական շարժման` յանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապատիւ եւ անվտանգ ապրելու եւ իրաւունքների պաշտպանութեան պայքարի:
Այս իրադարձութիւններից 34 տարի անց` չնայած տեղի ունեցած արհաւիրքների` Ազրպէյճանական խորհրդային հանրապետութեան կողմից իրականացուած դաժան ջարդերին, ցեղային զտումներին, ապա ղարաբաղեան արիւնալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականութեան եւ ինքնիշխանութեան, արցախահայութեան իրաւունքների եւ հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»:
aztagdaily.com/archives/538718