Ռուսաստան․ 2-3 ամիս անց իրավիճակն անհամատեղելի է լինելու պետության գոյության հետ

Ռուսաստան․ 2-3 ամիս անց իրավիճակն անհամատեղելի է լինելու պետության գոյության հետ

04.03.2022 | Մեկնաբանություն | Lragir.am,

Լոնդոնի Համալսարանի (UCL) հետազոտող Վլադիմիր Պաստուխովը կարծում է, որ Ռուսաստանի դեմ արդեն իսկ գործող պատժամիջոցները 2-3 ամիս անց ստեղծելու են մի իրավիճակ, որը համատեղելի չի լինի պետության գոյության հետ։ Ինքնաթիռները օդ չեն բարձրանա, բացի ռազմական օդանավերից, ծրագրային ապահովումը չի աշխատի, բացի չինական ծրագրերից ու գողացածներից, որոնք նույնպես չեն աշխատի։ Կյանքի որակն անկում կապրի 2-3 սերունդ առաջվա մակարդակին։ Սառեցվում են ռուսական պետական ակտիվներն արտերկրում, ոսկու եւ արժույթի պահուստները, ինչը Ռուսաստանի ունեցվածքի ուղիղ բռնագրավում է։ Նա նշում է, որ այդ պահուստներն ավելին են, քան օկուպացված տարածքը կարող է արժենալ։

Իր հերթին, ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան, խոսելով բանկային համակարգի դեմ կիրառված սահմանափակումների մասին, մռայլ կանխատեսում է արել, որ 3-4 շաբաթ անց Ռուսաստանում բազմաթիվ բանկեր կսնանկանան։

Ռուսաստանցիներն այս 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ զգում են պատժամիջոցների շունչը թանկացումների եւ տեղաշարժի սահմանափակումների տեսքով։ Ռուսաստանցիների, հատկապես որակյալ մասնագետների շրջանում երկիրը լքելու զանգվածային տրամադրություններ են՝ սպասվող աղետալի իրավիճակի, պատերազմների հեռանկարի, իրենց ընտանիքների ապագայի նկատառումներով։ Այս օրերին արդեն նկատելի են զանգվածային ելքի նշանները՝ բիզնեսները եւ դրամական խնայողությունները փրկելու, ընդհանրապես փրկվելու համար։

Պուտինը գնալու է մինչեւ վերջ, դա արդեն ակնհայտ է, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառմամբ։ Ընդ որում, հարցը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու, նշում են ռուս եւ արտերկրի գործիչներն ու փորձագետները։ Հակառակը նահանջն է ու պարտությունը, ինչը բացառվում է թե նրա, թե նրա շրջապատի համար՝ սեփական պատմական առաքելության եւ այն իրականացնելու միջոցների առջեւ կանգ չառնելու զառանցագին «գաղափարախոսությամբ»։ Մեռյալ, մեկուսացված երկիր դեգրադացված բնակչությամբ՝ պատրաստ մեռնելու հիվանդագին գաղափարների համար՝ սա է Կրեմլի վարչակարգի տեսլականը։

lragir.am/2022/03/04/702520/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail