Շուտով կգա այդ օրը․ Կողմնորոշվեք, թե որտեղ է ձեր հայրենիքը
03.03.2022 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան < Թուրքիոյ հանրապետութեան պետական ռեժիմի պաշտօնեաները եւ քոչուոր թափառաշրջիկ թուրքերը >
Երեկ խորհրդարանում հերթական միզանսցենն էր՝ «ընդդիմադիր» պատգամավորը հարց ուղղեց Փաշինյանին՝ «հիշեցնելով» Արցախի 75 տոկոսը հանձնելու մասին, Նիկոլ Փաշինյանն ի պատասխան «մատով սպառնաց». արդյունքում տապալվեց կառավարության հետ հարց ու պատասխանը։
Փաշինյանը, մատ թափ տալով, առայժմ ցուցամատը, Սեյրան Օհանյանից պահանջեց կողմնորոշվել՝ Սանասա՞ր, թե Կուբաթլու։ Եթե Սանասարը «հայրենիքի» մաս է, ապա ինչո՞ւ էին նախորդ իշխանությունները բանակցությունների ընթացքում պատրաստ 7 շրջան զիջել։
«Արդար զայրույթի» և մեղքը հիվանդ գլխից առողջ գլխին փոխանցելու հնարքն այլևս չի աշխատում։ Փաշինյանը պատրա՞ստ է ընդունել, որ Սանասար չկա, բայց կա «բուն ադրբեջանական» Կուբաթլու, չի եղել Հադրութ-Դիզակը, չեն եղել նաև Եգանյան մելիքները։ Իսկ նոյեմբերի 9-ի թուղթը նա ստորագրել է անադեկվա՞տ վիճակում, զենքի սպառնալիքի տա՞կ, թե՞ սթափ ուղեղով՝ համոզված լինելով, որ «հայրենիքը» չի հանձնում։
Այս հնարքը խորհրդարանում ծվարած քաղաքական ուժերի կողմից դեռ երկար է օգտագործվելու, քանի դեռ հանրությունը չի պահանջել հստակ գնահատականներ կատարվածի վերաբերյալ։ Ռազմական դրության, համընդհանուր մոբիլիզացիայի հայտարարությունը, որն աննկատ վերածվեց կամավորների հավաքի, հրադադարի համաձայնության ստորագրումը Հայաստանի վարչապետի կողմից, որին ոչ ոք պաշտոնապես պատերազմ չէր հայտարարել, և այլն, և այլն։ Ի՞նչ էր դա՝ հայրենական պատերա՞զմ, իսկ գուցե անգամ «դեօկուպացիա՞»։
Շուտով կգա այդ օրը՝ այն ֆոնին, ինչ կատարվում է Ուկրաինայում, որի նախագահը առաջին իսկ օրվանից պարզ և հստակ ամեն ինչ իր անունով կոչեց՝ Ռուսաստանի ագրեսիա եւ ներխուժում Ուկրաինա, ինքնիշխանության, մարդասիրական նորմերի խախտում, ըստ այդմ՝ դիմում ՄԱԿ-ին, Հաագայի դատարան, ԵՄ-ին անդամակցության հայտ, զենքի մատակարարում, պատժամիջոցներ և հստակ գնահատականներ։ Ուկրաինայի պահանջներից առայժմ չի կատարվել միայն երկնքի փակումը և նավթային էմբարգոն։ Բայց դրանք էլ են հնարավոր։
Հանրային կարծիքը մանիպուլացնելու իշխանության և խորհրդարանական «ընդդիմության» փորձերն արդեն նման են ոչ թե Ռուսաստանի օգտին «խաղիկների», այլ ազգի և պետության հանդեպ հանցագործության։ Կողմնորոշվեք, թե որտեղ է ձեր հայրենիքը։
lragir.am/2022/03/03/702256/