Լինել Հայաստան, թե Ուկրաինա. Կիեւը ընտրեց, ԽՍՀՄ մնացածը՝ նույնպես – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ
11 ՄԱՐՏ 2022 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
< Թուրքիոյ հանրապետութեան պետական ռեժիմի պաշտօնեաները եւ քոչուոր թափառաշրջիկ թուրքերը > < Արտերկրի Անկախ Հայեր – Հայաստանի եւ Թուրքիոյ ներկայացուցիչներու բանակցութիւններու մասին >
ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Ուկրաինան որորշել է կռվել Ուկրաինա մնալու համար
Երբ դեկորատիվ խորհրդարանը ընտրում է ՀՀ դեկորատիվ նախագահ, իսկ վարչապետն ու իր հենակ ընդդիմությունը դեկորատիվ պայքարի սերիալ են ներկայացնում «Կեցցե նոյեմբեր 9-ը» խորագրի ներքո, հստակ է մեկ բան: Օտարի ոտքի տակ մունիցիպալ ինքնավարությունը դիտվում է ազգային միակ երազանք, ինչպես եւ նախորդ դարաբաժանին՝ Նժդեհի գնահատականը վկա: Այն ժամանակ նմանատիպ «հեղափոխական» երազանքը հանգեցրեց ազգային Մեծ աղետի: Ներկայում քաղաքական իմաստով թերհաս ժողովրդի համար ո՞վ է երաշխավորել «փոքր» հետեւանքներ
Իրականում ավելի քան երկու դար կազմող հետամնացությունը այժմ չէր կարող չհանգեցնել Փաշինյան-Քոչարյան տանդեմի առաջացման: Վճռորոշը օտարանպաստ տանդեմի հավատարիմ հոտն է, որ պատրաստ է գլխովին կոտորվելու, միայն թե գլխուղեղին պատմությունն ապագային կապող գնահատականներով նեղություն չտա: Մեր դեպքում կործանարար, այսպես կոչված «դրական կապով» պարուրված հոտ-հովիվ համակարգը դատապարտված է բազմաչափ, այդ թվում բարոյական այլասերման:
Դեռ երեկ մեզանում տարածված էր հետեւյալ պատկերացումը. Լենինը ստեղծեց մինչ այդ անհայտ Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Սաքարթվելո, ղրղզ-ղազախ, ուզբեկ-թուրքմեն պետական գոյացություններ: Հայաստանը այս ցուցակից բացակայում էր՝ մերն ուրիշ է: Հիմա ստիպված ենք ընդունել, որ անխտիր բոլոր այդ գոյացությունները, նույնիսկ ֆենթեզի Բելառուսը, մոտ են պետականության կերտման: Այս ցուցակից Հայաստանը բացակայում է: Մերը, ցավոք, իսկապես ուրիշ է:
Կարելի է, իհարկե, նկատել, որ հայերը ռուսների կողմից ենթարկվել եւ ենթարկվում են հասկանալի պատճառով անհամեմատ ավելի մեծ ճնշման: Բայց պետք է նաեւ նկատել, որ հայերի վրա ահռելի ճնշում բանեցնողը սիմոնյան-իսկանդարյան եւ այլ յանների բազմահազար բանակն է: Նման ծավալի երեւույթ չկա թվարկված ժողովուրդների պարագային: Հայերս անհամբեր սպասում ենք՝ թուրքը, թե ռուսն է մեզ ազատելու խորհրդածին պետական ատրիբուտներից. դրոշից, օրհներգից, խորհրդարանից եւ, ամենափափագելին՝ բանակից:
Նիկոլ Փաշինյան. «Խաղաղության գալիք դարաշրջանը հիշատակի լավագույն տուրքն է մեր նահատակներին»
Այս ընթացքում, ուկրաինացիք հազարներով զոհ են տալիս մարտի դաշտում եւ իրենց քաղաքների փլատակներին, հստակ գիտակցելով հանուն ինչի: Հանուն ուկրաինացի լինելու, հանուն Ուկրաինա ունենալու, հանուն ուկրաիներեն խոսելու, հանուն ուկրաիներեն աղոթելու:
Հայի հոգեւոր, ռազմական եւ վարչական շունչով IX դարի Կոնստանդնուպոլսում կյանքի կոչված եւ այն պահին դեռ միասնական կիեւյան ժողովուրդը հային այժմ, տասներկու հարյուրամյակ անց, դաս է կարդում: 4, 5, 6 թե 7 հազար նվիրյալ կորցրած կնքահայր-ժողովրդին հարց է ուղղում՝ ինչի համար էին ձեր զոհերը: Ըստ Փաշինյանի՝ «խաղաղ դարաշրջանի՞»:
Սա արմատական հարց է, որը կարծես բնական պատասխան պիտի ունենար: Իրականում այդ պատասխանը չկա ոչ ժողովրդական լայն զանգվածներում, ոչ էլ, բնականաբար, դրածո խաշնարածների վերնախավում: Փոխարենը, Ուկրաինայում եւ այլուր ինքնիշխան որոշումը միանշանակ է՝ չլինել Հայաստան, չնմանվել հայի, չվերանալ հայի պես:
ԽՍՀՄ ժողովուրդներից Ուկրաինան առավելագույն շանսերն ունի դառնալու ազգ եւ պետություն, որորվհետեւ մեծագույն զոհողությունների գնով առճակատվել է անմիջապես մետրոպոլիային՝ Մոսկվային: Հայաստանի համար 2020-ի Արցախում դա “a must” ընտրություն էր, բայց մենք չցանկացանք անել դա, ինչի համար էլ, ինչպես եւ XIX-XX դարաբաժանին, ենթարկվելու ենք պատմության դատաստանի: ՔՊ-Հայաստան տանդեմի նախագծած «ապագան» հենց այդ անցյալն է՝ իր «լավ, կարմիր թուրքերով», դահիճ Կարաբեքիր-փաշային շուստովյան կոնյակի ընծաներով եւ մնացածով: Եթե պահպանվի ներկայիս ընթացքը, ավելացնենք:
Լուսանկար՝ Վաղ առավոտ | Պետրոսյան
ezerk.am/?p=24850