Թուրքական արխիվային փաստաթղթերը սիրիահայ կազմակերպությունների գործունեության մասին
03 ԱՊՐԻԼ 2022 – ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹ:
Akunq.net-ը թուրքերենից թարգմանաբար ներկայացնում է թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուի կողմից բացառապես Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին տրամադրված փաստաթղթերը, որոնք Չեթինօղլուն գտել է թուրքական արխիվներում։ Թուրք պատմաբանը նաև հակիրճ առաջաբան է գրել, որը ևս ներկայացնում ենք ստորև՝ մեր շնորհակալությունը հայտնելով նրան․
Սաիթ Չեթինօղլու
Սոցիալիզմը մեր տարածաշրջան բերած հայերը սոցիալիզմին փարվել են նաև այն վայրերում, որտեղ ցրվել են և շատ մեծ գին են վճարել այդ տարածքներում սոցիալիզմի զարգացման համար։ Հայերը Ֆրանսիական մեծ հեղափոխությունից մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմ՝ համեստորեն ստանձնել են մարդկության մեծ դատը։
Հայերի մեծ մասը, որպես սոցիալիզմի առաջատար և կրող, էական դերակատարում է ունեցել նաև Մերձավոր Արևելքում, ուր աքսորվել էր։ Հայերը ինչպես որ շարունակել են գաղթավայրերում իրենց քաղաքական կուսակցությունների կրողը լինել, այնպես էլ հանդես են եկել որպես իրենց հիմնադրած Կոմունիստական կուսակցության անձնազոհ մարտիկներ։
(Թուրքիայի-Ակունքի խմբ․) Արտգործնախարարության մի փաստաթղթից, որը 2021 թվականից դադարել է գաղտնի պահվել, հասկանում ենք, որ հեղափոխական հայերը հետապնդվում էին։ Հալեպի հյուպատոսը 26.11.1942 ամսաթիվին նախարարությանը հղած իր գրության մեջ զեկուցում է, որ Հակաֆաշիստական հայկական ընկերությունը նշել է Բոլշևիկյան հեղափոխության 25-րդ տարելիցը և ներկայացնում միջոցառման մասնակիցների ցանկը։ Ինչպես պարզ է դառնում այդ ցանկից, բարձր մակարդակի մասնակցություն է ապահովվել։ Հյուպատոսը հատկապես ընդգծում է այդ հանգամանքը։
Հյուպատոսը միջացառման մասին զեկուցելու հետ մեկտեղ, իր գրությանը կցել է նաև դրա արտացոլումը մամուլում և այդ թեմայով մի հրապարակման թարգմանությունը։
(5)
2254/1004
ԳԱՂՏՆԻ 26/11/42
Հակաֆաշիստական հայկական
ընկերության մասին
Արտգործնախարարության ղեկավարությանը
1-Բոլշևիկյան հեղափոխության 25-րդ տարելիցի կապակցությամբ Հակաֆաշիստական հայկական ընկերության կողմից Հալեպի ֆրանսիական աշխարհիկ վարժարանում իրականացված միջոցառումը և հիշյալ ընկերության նախագահ Մաքյանի ելույթը հրապարակած «Ալ Ըսլահ» թերթի հոդվածի թուրքերեն թարգմանության օրինակը ներկայացված են որպես առնչություն ունեցող փաստաթղթեր։ Հակառակ նրան, որ այդ տարելիցի կապակցությամբ «Արևելք» կինոթատրոնում տեղի ունեցած միջոցառմանը ֆրանսիացիներից կամ անգլիացիներից որևէ ներկայացուցչի մասնակցության մասին ոչ մի ակնարկ չկա, հայերի կազմակերպած այդ արարողությանը ներկայացել է պատվիրակը, և այստեղի ֆրանսիացի պաշտոնյաների մի մասը ներկա է գտնվել միջոցառմանը։
2-24/11/42 ամսաթիվը կրող և 2237/995,2235 թվակիր գրություններին կից գրված է, որ դրանք ուղղված են Արտգործնախարարության ղեկավարությանը և Անվտանգության ․․․ տնօրինությանը։
Հալեպի հյուպատոս
.c.1776
28.12.1942
Հետախուզության տնօրեն
Ստորագրություններ
«Ալ Ըսլահ», 19.11.942 & No. 172
Անցյալ շաբաթ Հակաֆաշիստական հայկական ընկերությունը ֆրանսիական վարժարանում նշել է Բոլշևիկյան հեղափոխության 25-րդ ամյակը։ Այդ արարողությանը ներկա են գտնվել պատվիրակության ղեկավարը՝ պարոն Կամույին, մայոր Կլարկը, Ընդհանուր անվտանգության տնօրենը՝ կապիտան Մորեն, Տպագրության ծառայության տնօրեն Ռեյը, վարժարանի տնօրեն Մաթիենը, պատվիրակության քարտուղար Իբրահիմ Դեդդեն։ Արարողության ժամանակ ելույթ ունեցած պարոն Մաքյանը (Սիրիայում Խորհրդային Հայաստան ընկերության նախագահ, «Ժողովրդի ձայնը» պարբերականի հայերեն էջերի գլխավոր խմբագիր) իր խոսքում անդրադարձել է Բոլշևիկյան հեղափոխությանը և խոսել Ռուսաստանում հաջողված մեծ գործերի մասին, նաև նշել ռուսական վեհ գաղափարի և նախագահ Ստալինի ջանքերի մասին և ապա հավելել․ «Տասնյակ ազգերի գերության մեջ պահող Հիտլերը չի կարող հայերի բարեկամը լինել։ Մենք՝ հայերս, հպարտ ենք, որ Խորհրդային Հայաստանը միացել է ազատության ճակատին, և որ 200 հազար հայ մասնակցել է այդ պայքարին»։ Այդ խոսքերից հետո բանախոսը խնդրել է իր երախտիքի ու գնահատանքի ուղերձը հաղորդել Ստալինին, Ստալինգրադի և Կովկասի ճակատների պաշտպաններին ու Հյուսիսային Աֆրիկայում առանցքային ուժերին ճնշած միացյալ ուժերին։
(15.03.2021 ամսաթվին ընդունված 32363030 թվակիր որոշման համաձայն՝ սույն փաստաթուղթը դադարել է գաղտնի պահվել)։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net
akunq.net/am/?p=82871