Եվրամիությունը դառնում է «միջանկյալ» միջնորդ Հարավային Կովկասում. Ռուսաստանին «խնդրում են իրերը հավաքել և հեռանալ»
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
06 ԱՊՐԻԼ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Լեհաստանի գլխավոր նպատակն է վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև, ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի Երևան կատարած այցից հետո ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։ «Վարշավան ամեն ինչ արեց իր հնարավորությունների սահմաններում, այս տարվա փետրվարին Լեհաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին, սակայն Ուկրաինայում պատերազմը փոխեց իրավիճակը», – հավելել է Չեպլակը։
Փաստորեն, ԵԱՀԿ նախագահող պետությունը հայտարարում է, որ ուկրաինական պատերազմը ճշգրտումներ է մտցրել արցախյան հիմնախնդրի կարգավորման ձեւաչափում։
Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել և պատասխանատվության կենթարկվի, ասել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, ով Բրյուսելում հանդիպումից առաջ զանգել է Փաշինյանին և Ալիևին։ Ուկրաինայում «չհրահրված պատերազմի» մասին Բլինքենի կոշտ արտահայտությունները վկայում են, որ ԱՄՆ-ը մտադիր չէ այս փուլում Արցախի հարցով աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբի ձևաչափով։ Բայց Ռուսաստանը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, այլեւ նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» հեղինակը, որն Արեւմուտքում գնահատվում է որպես հրադադարի պայմանագիր։
Եթե ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ-ն ասում են, որ ուկրաինական պատերազմը «փոխել է» ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանի ներկայության պատճառով, հետևաբար չեն ճանաչում նաև Ռուսաստանի հեղինակած «եռակողմ համաձայնագրերը»։
ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որը ՄԱԿ-ի մանդատ ունի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ որոնելու համար։ Եթե այն չաշխատի, ապա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հեղինակած ոչ լեգիտիմ «եռակողմ» ձեւաչափն առավել ևս անօրինական կդիտվի։ Ըստ ամենայնի, մոդերատորի դերը կստանձնի Եվրամիությունը, քանի դեռ ՄԱԿ-ի մանդատի ներքո կարգավորման նոր ձևաչափ չի ստեղծվել։
Իսկ առայժմ, ինչպես ասում է Բլինքենը, տարածաշրջանում էսկալացիայի ժամանակը չէ։ Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել երկրներին երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնելու հարցում՝ երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերակատարության միջոցով»:
Բլինքենը «ցավակցություն է հայտնել Ալիևին շաբաթավերջին Բաքվում գազի ողբերգական պայթյունի կապակցությամբ»՝ կոչ անելով զսպվածության, լարվածության թուլացման և դիվանագիտության վերսկսման։
lragir.am/2022/04/06/709543/