Հայոց Եռամիասնութիւնը Մատաղ Սերնդի Սրտերում – ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
08 ԱՊՐԻԼ 2022 – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
Անկեղծ ասած` տեղեակ չէի եւ ինձ համար հաճելի անակնկալ էր օրերս արցախցի մի խումբ պատանի երգիչների ու երաժիշտների Լիբանան կատարած այցի մասին լուրը: Հետաքրքրուեցի, պարզուեց` Ստեփանակերտի երաժշտական ուսումնական հաստատութիւնների եւ արուեստի դպրոցների շնորհալի սաներն են, որ ԱՀ ԿԳՄՍ (կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի) նախարարութեան եւ լիբանանահայ համայնքում գործող «Ջավախք, Արցախ, Հայաստան» բարեգործական կառոյցի ամենայն աջակցութեամբ մեկնել են Պէյրութ` մասնակցելու «Ղօղանջ վերապրումի» կարգախօսի ներքոյ եղբայրական Լիբանանում անցկացուող Արցախի մշակոյթի օրերին:
Հուրախութիւն ինձ` իմացայ նաեւ, որ այդ ազգաշահ մշակութային ձեռնարկի նախաձեռնողների ու եռանդուն կազմակերպիչների թւում է նաեւ արցախցիներիս համար վաղուց ի վեր հոգեհարազատ դարձած, մեր` «մունք»-ի անխզելի մաս, լիբանանահայ, այո՛, հաստատապէս արցախահայ հանրայայտ երաժիշտ ու խմբավար, Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան համոյթի հիմնադիր-ղեկավար Զաքար Քէշիշեանը, իսկ Արցախի պատուիրակութիւնը գլխաւորում է իմ կուսակից ընկեր, Ստեփանակերտի Շարլ Ազնաւուրի անուան մշակոյթի կենտրոնի տնօրէն Արմէն Յովսէփեանը:
Լրահոսից իմ քաղած լուսանկարներն արձանագրում են, որ արցախցի պատանի երաժիշտ-երգիչները մշակութային օրերի շրջանակներում, լիբանանահայ իրենց հասակակիցների հետ միասին, ի շարս այլ համերգասրահների, հանդէս են եկել նաեւ սփիւռքահայ նշանաւոր մանկավարժ, երաժիշտ-խմբավար, մշակութային եւ հանրային գործիչ, միով բանիւ` բոլորին ուսուցիչ, լուսահոգի Գէորգ Գանտահարեանի անունը կրող դահլիճում եւ ինձ համար շատ սիրելի դարձած Այնճար հայաշէն ու հոյաշէն գիւղաքաղաքում:
Հաճելի է գիտակցել, որ Լիբանանում Արցախի մշակոյթի օրերը եւ բացառապէս պատանի շնորհալիների մասնակցութեամբ դրանց անցկացումը եւս մէկ հաւաստումն են այն անժխտելի իրողութեան, որ անկախ 2020-ի աշնանային 44-օրեայ պատերազմի աղէտալի հետեւանքներից, անսասան, հաստատուն է Հայաստան-արցախ-սփիւռք եռամիասնութիւնը, որ, ի կատարումն նախնեաց սուրբ պատգամի, ահաւասիկ, սերնդափոխութեան օրինաչափութեամբ ծլարձակում, կանաչ շիւեր է տալիս նաեւ հայոց մատաղ սերունդների` մեր զաւակների ու թոռների սրտերում:
Յիրաւի, կուռ համախմբման, ամուր միասնութեան մէջ է հայոց ներուժը` մեր ազգային յարատեւութեան կ՛արեւէր գրաւականն ու երաշխիքը:
Ստեփանակերտ
aztagdaily.com/archives/543168