Անդրադարձ – Հայի Թմրած Հանճարը Պէտք Է Արթնանայ – ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ
13 ԱՊՐԻԼ 2022 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:
Նայէք այս նկարին, որը արտատպած եմ այս շաբաթ իմ ստացած «Սայընս Նիուզ» թերթից (26 փետրուար, 2022 էջ 22): Նկարի տակ գրուած է հետեւեալը.
«The existence of lethal autonomous weapons, like these STM Kargu drones made in Turkey, has caused experts to call for a ban on devices that can launch attacks with no human intervention»:
Ահաւասիկ մեր թշնամին ինչո՛վ է զբաղուած, իսկ մենք` ինչո՛վ, «Յիսուսի արձանը կանգնեցնելով», փոխանակ մեր «օլիկարխ» մեծահարուստը յատկացնի իր փողերը զէնքի գործարաններ ու նման սարքեր արտադրելու:
Լա՛ւ, Յիսուսի արձանը ունի իր տեղն ու ԺԱՄԱՆԱԿԸ, ոչ թէ հիմա, երբ մեր հայրենիքը լուրջ, օրհասական, ԼԻՆԵԼՈՒ-ՉԼԻՆԵԼՈՒ շեմին է կանգնած:
Մենք պէտք է լուրջ ըմբռնենք մեր թշնամու (թուրք եւ ազերի) ուզածը, որ նա փափաքում է Հայաստանի ոչնչացումը, եւ ըստ այնմ աշխատենք: Այո՛, ամէն տեսակ ուժով ու խելքով պիտի դիմադրենք: Ճիշդ է` նմանելու է Դաւիթ-Գողիաթին կամ մեզ հարազատ Սասունցի Դաւիթին` ի դէմս Մսրա Մելիքին, բայց տեսէք, թէ վերջում ո՛վ յաղթեց: Ուրիշ ելք չունենք:
30 տարի մեր թշնամին մեր աչքի առջեւ զինւում էր ու յայտարարում էր, իսկ մենք լուրջի չառինք նրա ասածները, յոյսներս դրինք միջնորդ գործակալների վրայ, փոխանակ նման զէնքերով զինուէինք:
Չէ՛, ուզում եմ հաւատալ, աւելի շուտ` համոզուած եմ, որ մենք այդ աստիճանի չենք ԱՊՈՒՇԱՑԱԾ: Ափսո՜ս, որ վերջին 20-30 տարիներին փոխանակ եկեղեցիներ կառուցէինք, զէնքի գործարաններ սարքէինք, այսպիսի խայտառակ պարտութիւն չէինք ունենայ:
Լա՛ւ դիտեցէք, թէ ինչպէ՛ս է արձագանգում ամբողջ աշխարհը պայքարող Ուքրանիային: Մուրացող ժողովուրդին ոչ ոք չի յարգում ու չի սիրում:
Այո՛, այս նոյն Զելենսքին, որ հիմա լացելով օգնութիւն է աղերսում Ամերիկայից, 44-օրեայ պատերազմից յետոյ առաջիններից էր, որ շնորհաւորեց Ալիեւին` նրա յաղթանակի առիթով: Նա նոյնիսկ Ազրպէյճանին տրամադրեց նման մահացու ֆոսֆորային զէնքեր: Բազմաթիւ երկրներ հարստանում են զէնքի վաճառքով:
Գարեգին Նժդեհն ասել է. «Այն ազգը, որ մեռնել չի ուզում, չի մեռնի…»:
Հաւաքենք մեր դիմացկուն ԾԻՆԵՐԻ ուժը, վռնտենք մեր մէջից հայանուն թուրքին, շտկենք մեր մէջքը, հաւատանք ու վստահենք ՄԻԱՅՆ ՄԵԶ, որպէսզի փրկենք մեր Աւետեաց Հայաստան Աշխարհը:
Հաւատացէք, որ մեզ յարգող ու լսող կը լինի, աւելի ճիշդը` ԿԸ ՍՏԻՊԵՆՔ, ՈՐ ՄԵԶ ԼՍԵՆ ՈՒ ՅԱՐԳԱՆՔԻ ԱՐԺԱՆԱՑՆԵՆ…
19 մարտ 2022
aztagdaily.com/archives/543484