Դաշնակցական երիտասարդները գազի պալոններ են բաժանել արցախցի ընտանիքներին
15 ԱՊՐԻԼ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ:
Ինչպէս յայտնի է, մարտի 8-ից Արցախի տարածքում գազամատակարարումը դադարեցուել էր․ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազամատակարարի նորոգման աշխատանքները։
Արցախցիներն անելանելի վիճակում էին յայտնուել։ Այդ դժուարին օրերին ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միութիւնը նախաձեռնեց, ապա Հոլանդիայի ու Աւստրալիայի երիտասարդական միութիւնների աջակցութեամբ կեանքի կոչեց «Գազ Արցախի համար» ծրագիրը։ Հայաստանում սփիւռքից ժամանած ընկերներին միացան ու ծրագրի իրագործմանը ներգրաւուեցին նաև Հայաստանի երիտասարդական միութեան անդամները։ Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Նժդեհ Գարագաւորեանը եղել է Արցախում և մի քանի օր առաջ է վերադարձել այնտեղից։
Նա «Հորիզոնի» թղթակցին պատմեց՝ «Գազ Արցախի համար» ծրագիրը իրագործելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ «Նոր սերունդ» երիտասարդական միութեան անդամները հասկացել են՝ գազամատակարարման խնդիրը մէկ-կամ երկու օր չէր տևելու։
Ադրբեջանցիները փաստացի, երբ ցանկանան, կարող են գազամատակարարումը կասեցնել։ «Դրանից յետոյ մենք սկսեցինք հանգանակութիւնը, ապա խօսեցինք մեր՝ Արցախում ու Հայաստանում ապրող ընկերների ու Բիւրոյի հետ, ասացինք՝ նման նախաձեռնութիւն ունենք, և նրանք մեզ աջակցեցին՝ իւրաքանչիւրը իր ուժերի մակարդակով։ Կարող եմ ասել, իսկապէս, բանական մեծ գումար հաւաքուեց ու մենք ապրիլի 1-3-ը ՀԵՄ-ի և ԱԵՄ-ի ընկերների հետ միասնաբար եղանք Արցախի գիւղերում ու բաժանեցինք գազի պալոնները։ Ընդհանուր առմամբ 650 գազի պալոն ենք բաժանել։ Այսինքն՝ 650 ընտանիքի զինեցինք այս դիմադրողականութեամբ։
Մենք աշխատում էինք այն ցուցակներով, որոնք մեզ տրամադրել էին համայնքների ղեկավարները․ մեր ուշադրութեան կենտրոնում էին յատկապէս այն ընտանիքները, որոնք առաւել ծանր կորուստներ էին ունեցել պատերազմի ժամանակ կամ նրանք, որոնք սոցիալապէս անապահով էին։
Եղել ենք Ասկերանի, Մարտունու սահմանամերձ գիւղերում, Մարտակերտում, Մեծ Շէնում, նաև Ստեփանակերտում, որտեղ մարդիկ փայտ գտնելու ու տաքանալու հնարաւորութիւն չունէին, Ստեփանակերտում ևս կար գազի պալոնների կարիք», — պատմեց Նժդեհ Գարագաւորեանը։ Նրա խօսքով՝ Արցախն ու արցախահայութեանը մշտապէս պէտք է պահել ուշադրութեան կենտրոնում։ Յատկապէս արցախցի փոքրիկները մարդկային շփման, ջերմ վերաբերմունքի կարիք ունեն։
«Ես կոչ ունեմ սփիւռքին․ նոյեմբերի 9-ը եղաւ այդպէս, բայց մենք Արցախի էջը չենք փակել, պէտք է մշտապէս գնանք Արցախ։ Արցախը մերն է, Արցախը միայն յեղափոխական երգերում փառաբանելու չէ, պէտք է գնալ այնտեղ, զրուցել մարդկանց հետ։ Արցախի հանդէպ մեր սէրն ու մեր զինուորագրուածութիւնը չի կարող սահմանափակուել միայն ֆեյսբուքեան գրառումներով։
Արցախում եղած օրերին մի ճաշարան գնացի, որտեղ սիրում եմ լինել։ Հարցրի՝ Ձեզ մօտ զբոսաշրջիկներ գալի՞ս են, աշխատողն ասաց՝ ո՛չ, միայն Դուք էք եկել։ Արցախցիները իրենց աւելի ուժեղ են զգում, երբ սփիւռքից, Հայաստանից գնում են այնտեղ, զրուցում իրենց հետ», — նշեց Նժդեհ Գարագաւորեանը։ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միութիւնը, իհարկէ, նոր ծրագրեր է նախաձեռնում։ Մասնաւորապէս, գիւղերում մարդիկ, անասունների կարիք ունեն․ շատերն ուզում են անասուններ պահել, դա նրանց կ’օգնի սոցիալական բեռը փոքր-ինչ թեթևացնել, իսկ դաշնակցական երիտասարդները հիմա ուսումնասիրում են այդ ծրագիրը՝ ջանալով մշտապէս մշակել այնպիսի ծրագրեր, որոնք արցախցիներին կ’օգնեն շարունակել կառչած մնալ հայրենի հողին։
Ապրիլի 24-ին ընդառաջ՝ ՀՅԴ Ֆրանսիայի «նոր սերունդ» երիտասարդական միութիւնը, բնականաբար, միջոցառումներ է նախաձեռնել։
«Ապրիլի 14-ին՝ հինգշաբթի օրը, մեծ ցոյց ենք անելու ֆրանսիայում՝ ադրբեջանական դեսպանատան դիմաց՝ բոլորին յիշեցնելու, որ մեր պայքարը վերջացած չէ։ Այսօրուայ իշխանութիւնները ամէն գնով ուզում են խաղաղութեան գնալ՝ անհաւասար, արիւնալի, ամօթալի խաղաղութեան, բայց ամէն մարդ չի կիսում այդ կարծիքը ՀՀ-ում ու սփիւռքում։
Մենք չենք մոռացել 1,5 միլիոն հայի ճակատագիրը, Շուշին, 2016-ին Թալիշում գլխատուած ծերունիներին, այս պատերազմում տեղի ունեցած անմարդկային ոճիրները։ Հաւատացած ենք, որ մեր հաւաքական բարեկեցութիւնը կախուած է մեր հաւաքական խնդիրների լուծումից։ Եթէ Հայ Դատի մէջ առաջ գնանք, ապա մեր բարեկեցութեան խնդիրները կը լուծուեն», — նշեց Նժդեհ Գարագաւորեանը։
Անի Մարտիրոսեան