Հայաստան – Արարման և քաղաքակրթության օրրան Միտանի /Հուրի – Միտանի/. Հին հայկական պետություն

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - HAMLET MARTIROSYAN - ARMENIAN IS THE ORIGIN OF THE HUMAN RACE, AT LEAST 50,000 YEARS OLD

Հայաստան – Արարման և քաղաքակրթության օրրան Միտանի /Հուրի – Միտանի/. Հին հայկական պետություն

10 ՄԱՅԻՍ 2011

Ամփոփում

Մ.թ.ա 15-14-րդ դդ. Հայկական լեռնաշխարհի հարավում` Վանա լճի և Զագրոսի լեռների միջև ապրող խուրրիական /հայկական/ միտանի ցեղի առաջնորդները /թագավորներ/ և ազնվականությունը կարողացան իրենց շուրջը համախմբել և միավորել խուրրիական /հայկական/ շատ ցեղերի, մանր ու միջին պետական կազմավորումների և ստեղծել Միտանի /Խուրրի-Միտանի/ պետությունը:

Միտանին Հայկական լեռնաշխարհում ստեղծված առաջին հայկական հզոր պետությունն էր: Միտանիի թագավորները պայքարի մեջ են մտել հին աշխարհի ուժեղ պետությունների` Եգիպտոսի ու Խաթթիի հետ և դժվարին պայքարում հաջողության հասել:

Ստեղծելով ուժեղ պետություն, որի սահմանները տարածվում էին Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջաններից ու Կիլիկիայից մինչև Աշշուր, Նինվե, Արրապխա /Քերքուկ/, Զագրոս, իսկ հյուսիս արևելքում` մինչև Կովկասի նախալեռներ:

Հզոր Միտանին Առաջավոր Ասիայում կենտրոնական դիրք է գրավել: Նրա հսկողության տակ են գտնվել այն բոլոր առևտրական ճանապարհները, որոնք կապել են Միջերկրականի արևելյան առափնյա մասերը Միջագետքի, Զագրոսի ու Պոնտոսի հետ:

Նրա ձեռքին էին Եփրատ ու Տիգրիս գետերի ակունքների շրջանը, Սիրիայի հյուսիսի հարուստ ու ծաղկուն քաղաքները, որոնք հիմնականում խուրրիաբնակ էին և ծաղկուն ու հարուստ էին դարձել խուրրիների շնորհիվ:

Առաջավոր Ասիայում մասնավորապես Հայկական լեռնաշխարհում 19-20-րդ դդ. կատարված հնագիտական պեղումները վկայում են, որ դեռևս մ.թ.ա. 8-4-րդ հազարամյակներում այդ տարածքներում տեղծվել են հզոր մշակույթներ, որոնք հայտնի են Կոնիայի հարթավայրի, Նեոլիթյան, Հալաֆ- հասունյան /ավելի ուշ Սամարրյան/, Շենգավիթյան կամ Կուր-արաքսյան և այլ անուններով:

Այս մշակույթների հայրենիքը Հյուսիսային Միջագետքը, Հայկական լեռնաշխարհը և շրջակա տարածքներն են, իսկ այդ մշակույթների ու քաղաքակրթությունների ստեղծման ակունքներում կանգնած են Հայկական լեռնաշխարհի բնիկները` խուրրիները /հայ-արմեններ/:

Հայկական լեռնաշխարհի բնիկների` հայ-արմենների ստեղծած պետություններն ու պետական կազմավորումները վաղ պատմություն ունեն և հազարամյակների ընթացքում շատ ցեղեր ու ժողովուրդներ են հայտնվել նրանց հարևանությամբ, որոնք մեր ժողովրդի ու երկրի համար օգտագործել են տարբեր անուններ:

Այսպես. շումերները, խուրրիների բնակության վայրերը` Հայկական լեռնաշխարհի հարավային մասերը և Հյուսիսային Միջագետքը կոչում են Սուբիր, աքադացիները` Սուբարու, Սուբարի, Սուբարթու /Շուբարթու/:

Եգիպտացիները խուրրիների համար օգտագործել են h՝rw /խարու, խուրու ընթերցմամբ/ անունը: Նրանք օգտագործել են նաև Whrjn Նախրինա, Նախարինի, /Նախարինա/, Maittani, Mittani անունները:

Աքադալեզու / բաբելերեն, ասորերեն/ գրավոր աղբյուրները օգտագործել են Hanigalbat, Haligalbat, Hanagalbat անունները: Խեթերը օգտագործել են Hurri / Hurla/ անունը: Խուրրի թագավորները իրենք իրենց անվանում են hurri, իսկ երկիրը` Mitanni:

Հնագույն արձանագրությունների hu-u-ur սեպախումբը մի շարք ուսումնասիրողներ /Հ. Վինքլեր, Էդ. Մեյեր, Է. Վայդներ, Ֆորեր, Վայսբախ/ կարդում են Har, այլ ուսումնասիրողներ` /Բ. Հրոզնի, Ա. Ունգնադ/ Hur ձևով: Har / har/ ընթերցման ժամանակ ուսումնասիրողները անունը կապում են արիներ անվան հետ, իսկ խուրրիերենը համարում` հին արիական լեզու:

Ավելի ուշ Խաթթիի մայրաքաղաք Խաթթուսասից հայտնաբերված տեքստում hurlili-ն /խեթերեն hurla «խուրրի»/ ընթերցվում է hurri ձևով: Սրանով մերժվեց harri ձևը և խուրրիների արիներ լինելու տեսակետը:

Գիտական աշխարհում ընդունվեց hurri ձևը: 20-րդ դարի կեսերին գիտական աշխարհում ի հայտ եկան նոր տեսակետներ ու կարծիքներ արիական ցեղերի նախահայրենիքի մասին: Առաջ քաշվեց այն տեսակետը, որ հնդեվրոպացինների նախնիների` արիական ցեղերի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհ ու շրջակա տարածքներն են:

Այդ են վկայում նաև հնագիտական պեղումների արդյունքները /վաղ երկրագործություն, խեցեգործություն, մետաղամշակություն, Արև-Աստծո ու նրա խորհրդանիշերի` խաչի, սվաստիկայի պաշտամունք, ձիու, առյուծի, արծվի պաշտամունք/, մարդաբանական /«արմենոիդ» մարդաբանական տեսակի շարունակականություն /, լեզվաբանական /հայոց լեզվում առկա են հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներին հատուկ բոլոր հնչյունները/ հետազոտությունները և այլն:

Նկատում ենք նաև, որ hurri / h-ur-ri/ և harri / h-ar-ri/ անունների մեջ առկա է ar -ur բաղադրիչը, որը կարող է հանդես գալ նաև ir, er ձևերով: Հետևաբար և՝ hurri-ն, և՝ harri-ն իրենց -ar, -ur արմատներով կապվում են Ար /Արա/ Աստծո անվան և Հայկական լեռնաշխարհի հետ / Արմանի, Արատտա, Արարատ, Արմենիա, Արաքս, Արագած …, Ուրարտու, Ուրմե, Ուրմիա…/:

Հայ-արմենները վաղագույն ժամանակներից զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, խեցեգործությամբ ու մետաղների մշակմամբ: Իսկ ընդունված է, որ մշակութային այս տարրերն են դրված մարդու կողմից ստեղծված վաղ քաղաքակրթության հիմքում:

Հյուսիսային Միջագետքում, Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում նրանք հիմնադրել են բազմաթիվ բնակավայրեր` գյուղեր ու քաղաքներ, այդ թվում մայրաքաղաք Վաշշուգանեն, Երուսաղեմը, Աշշուրը, Նինվեն, Բաբելոնը, Ալալախը /այժմ Ատչանա/, Արրապխան /այժմ Քերքուկ/, որոնք հարստացել են արհեստների ու առևտրի շնորհիվ:

Ստեղծված հարստությունը և մշակույթը գրավել են հայ-արմենների հարևանությամբ ապրող ցեղերի ուշադրությունը և մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներից /հավանաբար նաև ավելի վաղ/ սկսվել են սեմական ցեղերի /աքադացիներ, բաբելացիներ, ասորեստանցիներ, արամեացիներ/, խեթերի ու եգիպտական փարավոնների թալանչիական արշավանքները դեպի Հյուսիսային Միջագետք, Հայկական լեռնաշխարհ ու շրջակա տարածքներ:

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին խուրրիների հարևանությամբ սկսել են գործել զավթողական տրամադրություններ ունեցող երկու հարևաններ` խեթերը և եգիպտացիները: Այդ երկու վտանգավոր հարևանների թշնամական գործողություններին դիմագրավելու համար խուրրիներին անհրաժեշտ էր միավորվել և ստեղծել ուժեղ պետություն: Այդ խնդիրը հաջողությամբ են իրագործել խուրրիական /հայկական/ միտանի ցեղի թագավորները:

Մինչև խուրրիական ցեղերի միավորումը և Միտանի պետության կազմավորումը խեթական տեքստերը բազմիցս վկայում են խուրրի ռազմիկների թագավորների ռազմական միության մասին:

Խեթերի դեմ մղված պայքարի ժամանակ միտանի ցեղի թագավորին /անունը հայտնի չէ/ հաջողվել է գլխավորել արդեն կազմավորված «խուրրի ռազմիկների թագավորներին» իսկ այնուհետև` «խուրրի ցեղերի թագավորների երկրները»:

Նկատում ենք, որ արտաքին վտանգի ժամանակ միավորված ցեղերի ռազմական միությանը հաջորդել է նրանց քաղաքական ու տնտեսական միավորումը:

Գրավոր աղբյուրներում վկայված Միտանիի առաջին թագավորը Շուտառնա 1-ինն է /մ.թ.ա. 16-րդ դարի վերջ/, Կիրտայի որդին: Նրան հաջորդած Պարատտարնայի /մ.թ.ա. 15-րդ դարի կես/ ժամանակ Միտանին մեծ հաջողություններ է ունեցել:

Սաուսադատտարի ժամանակ երկիրը դարձել է Առաջավոր Ասիայի հզոր պետություններից մեկը:

Միտանին հզորանում էր բարդ արտաքին ռազմաքաղաքական պայմաններում: Շարունակվում էին եգիպտական փարավոնների թալանչիական արշավանքները դեպի Սիրիա-Պաղեստին: Թութմոս 1-ինը / մ.թ.ա. 16-րդ դարի 2-րդ կես/, Թութմոս 3-րդը /մ.թ.ա. 15-րդ դարի 2-րդ կես/, Ամենհոտեպ 2-րդ /մ.թ.ա. 15-րդ դարի վերջ/ և Թութմոս 4-րդը բազմաթիվ արշավանքներ են կազմակերպել դեպի Սիրիա-Պաղեստին, հաճախ հասնելով Եփրատի ափեր:

Կրկնվող արշավանքները վկայում են, որ խուրրիները արժանի դիմադրություն են ցույց տվել եգիպտացիներին, որն էլ ի վերջո ստիպել է կողմերին հաշտության պայմանագիր կնքել: Թութմոս 4-րդի ժամանակ կնքված պայմանագրով Կարքեմիշը, Հալեպը և Ալալախը մնացել են Միտանիի ազդեցության ոլորտում, իսկ Պաղեստինն ու Սիրիայի հարավային մասերը անցել են Եգիպտոսին:

Եգիպտացիների և խուրիների միջև հաստատվել են նաև խնամիական կապեր: Միտանիի արքայադուստրեր Գիլու Հեպան /Շուտառնա 2-րդի դուստրը/, Տադու Հեպան /նաև Նեֆերտիտի , Տուշրատայի դուստրը/, նաև Տիան /Նախրինայի` Նաիրիի իշխանի դուստրը/ եղել են հայտնի թագուհիներ եգիպտական արքունիքում:

Եգիպտոսի հետ հաշտության պայմանագիր կնքելով Միտանին էլ ավելի հզորանալու և բարգավաճելու հնարավորություն է ստացել: Սակայն այդ վիճակի հետ չէր ցանկանում հաշտվել Խաթթին, որը հավակնություններ ուներ ընդարձակվելու դեպի Սիրիա ու Միջերկրական ծովի ափեր: Խեթերի` այդ ուղղությամբ հաջողության հասնելու բոլոր փորձերը անհաջողությամբ էին ավարտվում, բախվելով խուրրիների ռազմական ուժին:

Մ.թ.ա. 1345թ. Խաթթիում գահ է բարձրացել դիվանագիտական հմտություններով օժտված Սուպիլուլիումաս 1-ինը /մ.թ.ա. 1345-1322/, որի ժամանակ կատարված դեպքերը ճակատագրական են դարձել Միտանիի համար: Միտանիի թագավոր Շատուռնա 2-րդից հետո երկրում սկսվել է գահակալական պայքար նրա որդու` Արտաշումարայի և եղբոր` Արտադամայի միջև:

Պայքարի ժամանակ Արտաշումարան սպանվել է պալատական Ուտխիի կողմից: Սակայն Արտաշումարայի կողմնակիցներին հաջողվել է գահ բարձրացնել նրա փոքր եղբորը` Տուշրատային: Սակայն դավադրություններն ու բանսարկությունները շարունակվել են Միտանիի շուրջը:

Ի վերջո Միտանին բաժանվել է 2 մասի` Խուրրի /Արածանիի ավազան/ և Միտանի /Տիգրիսի ավազան, Աղձնիք, Ծոփք/: Միտանիի բաժանումը արտաքին /նաև ներքին/ թշնամական ուժերի հաղթանակն էր:

Այս գործում մեծ է եղել Սուպիլուլիումաս 1-ինի դերը: Խուրրիների հետագա փորձերը` վերականգնել երկրի հզորությունը, հաջողությամբ չեն ավարտվել: Հզորացող /նաև սեմականացող/ Ասորեստանը և Բաբելոնը իրենց հերթին անընդհատ հարձակումներով էլ ավելի են թուլացրել Միտանին, ընդարձակելով իրենց սահմանները ի հաշիվ թուլացող Միտանիի: Ընդդեմ Միտանիի միավորվել էին Խաթթին, Բաբելոնը, Ասորեստանը և այլ փոքր թագավորություններ:

Արդյունքում Միտանին պարտություն է կրել ու բաժան-բաժան արվել նրանց միջև:

Սակայն Ասորեստանի թագավորներ Սալմանասար 1-ինը /մ.թ.ա. 1274-1245/, Թուկուլթի-Նինուրթա 1-ինը, Թիգլաթպալասար 1-ինը /մ.թ.ա. 1115-1077/ և ուրիշներ իրենց արձանագրություններում վկայում են, որ խուրրիները հաճախ էին ապստամբում և իրենց հարկ էր լինում նորից ու նորից արշավանքներ կազմակերպել այդ ապստամբությունները ճնշելու համար:

Մ.թ.ա. 13-րդ դարի կեսերին ավարտվել է Հայկական լեռնաշխարհում ստեղծված հայոց հնագույն պետության` Միտանիի /Խուրրի-Միտանի/ պատմությունը: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբներից սկսված սեմական ցեղերի ներհոսքը դեպի խուրրիաբնակ Հյուսիսային Միջագետք, Հարավային Միջագետք, Հայկական լեռնաշխարհի հարավային մասեր, Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջաններ` Պաղեստին, Սիրիա, Հորդանան, Փյունիկիա / Լիբանան/ և այլ տարածքներ էլ ավելի է ուժեղացել Միտանիի թուլացումից և անկումից հետո:

Սկսվել էր սեմականացող Միջագետք –Հայկական լեռնաշխարհ /հայ-արիական տարածք/ հակամարտությունը: Այդ հակամարտության արձագանքն են Մ. Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության միջոցով պահպանված «Հայկի ու Բելի մասին», «Արա գեղեցիկի և Շամիրամի մասին», «Արամ թագավորի մասին» և այլ ավանդազրույցներ:

Միտանիի անկումը պետության պատմության ավարտ էր նշանակում, բայց ժողովուրդը շարունակում էր ապրել: Հայկական լեռնաշխարհի հյուսիսում շարունակում էր գոյություն ունենալ Հայասա պետությունը, հարավում` Ալզին /Աղձնիք/: Ստեղծվում են նաև նոր պետական կազմավորումներ` Շուպրիան /Արմե-Շուպրիա, Սասուն/, Իսուվան /Ծոփք/, Բաբխին /Հայկական Տավրոսի լեռնային շրջաններ/ և այլն:

Միտանիից հետո պատմության թատերաբեմից անհետանում են նաև Խաթթին /մ.թ.ա. 12-րդ դարի սկիզբ/ ու Եգիպտոսը /մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջ/: Եվ եթե այդ պետությունները անհետացան թողնելով միայն անուն ու մշակույթ, ապա Միտանին նոր շարունակություն ունեցավ ի դեմս մ.թ.ա. 9-րդ դարում կազմավորված հայկական նոր Արարատ-Ուրարտու պետության:

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – Նկարում եգիպտական արձանի վրա հիքսոսյան այբուբենով արված արձանագրություն է

lousavor-avedis.org/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail