Արդեն սկսել է Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը Հարավային Կովկասի համար – Վահե Գասպարյան

Վահե Գասպարյան

Արդեն սկսել է Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը Հարավային Կովկասի համար – Վահե Գասպարյան

19.04.2022 | Հարցազրույց | ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը

Պարոն Գասպարյան, Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներին, հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

Արդեն սկսել է Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը Հարավային Կովկասի համար։ Արևմուտք ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։

Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, և որպեսզի դա անեն, հարկավոր է Ռուսաստանին դուրս մղել Արցախյան խնդրի կարգավորման գործընթացից, որովհետև Ռուսաստանը Հարավային Կովկասը վերահսկում է Արցախի խնդրի վրա իր ունեցած ազդեցության լծակների միջոցով։

Որպես առաջին քայլ՝ եղավ Ռուսաստանին Մինսկի խմբի ձևաչափից վռնդելը և Բրյուսելյան հանդիպումը։ Ընդ որում, հետաքրքիր է, որ Բրյուսելյան առաջին հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ 2021 թվականի տարեվերջին, Ռուսաստանից ջղաձիգ արձագանք չեղավ։ Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանը դեռ հույս ուներ, որ Ուկրաինայի հետ սպասվող պատերազմում ինքը շատ արագ կհաղթեր, կկլաներ Ուկրաինան, որից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ կտար շատ հեշտ կլանել նաև Հայաստանը։

Զուգահեռ Ռուսաստանը փորձում էր Հայաստանի հասարակությանը պատրաստել Ռուսաստանի կազմ մտնելու մտքին՝ Թաթարստանի ապագայի խոստումներով և այլն։ Սակայն Ուկրաինայի պատերազմում կրած ծանր պարտությունները և Ռուսաստանի օր օրի թուլացումը բերեցին նրան, որ ապրիլի 6-ին Բրյուսելի երկրորդ հանդիպումից հետո արդեն եղավ Ռուսաստանի ջղաձիգ արձագանքը։ Հիշում ենք, Լավրովն ասաց, որ Ռուսաստանը դուրս է մղվում Մինսկի ձևաչափից։

Ռուսաստանն արդեն տեսավ, որ կորցնում է ոչ միայն Ուկրաինան, այլև Հայաստանը և Հարավային Կովկասը։

Եվ չուշացավ Ռուսաստանի քայլը՝ Մինսկի ձևաչափից դուրս մնացած ռուս համանախագահին շնորհվեց Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցչի կարգավիճակ, որը նրան թույլ կտա միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Սրանով Ռուսաստանը փորձում է պահպանել պատերազմից հետո ստեղծված եռակողմ ձևաչափը՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան՝ որպես այլընտրանք Մինսկի խմբին և Արևմուտքին։

Եվ այդ ձևաչափի ներքո փորձում են Հայաստանին պարտադրել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի որոշումներից բխող քայլեր։

Այդ համատեքստում պետք է նայել նաև Արևմուտքի հաջորդ պատասխան քայլերը՝ ի դեմս Ֆրանսիայի ու ԱՄՆ համանախագահների այցերի, Մոսկվա այցից առաջ Շառլ Միշելի զանգի, որով Արևմուտքը վերահաստատում է իր մտադրությունը և Փաշինյանին զգուշացնում է, որպեսզի Մոսկվայում չենթարկվի Կրեմլի ճնշմանն ու պահանջներին։

Ի՞նչ պահանջներ է ներկայացնում միջազգային հանրությունը Հայաստանին Արցախի հարցում։

Ի՞նչ է ուզում միջազգային հանրությունը։ Նախ միջազգային հանրություն տերմինը շատ լղոզված և ոչ կոնկրետ հասկացություն է, որոհետև միջազգային հանրության մեջ մտնում է և Հունգարիայի պրոռուսական նախագահը, և մյուս կողմից՝ Մակրոնն ու Բայդենը, այլոք։

Ավելի ճիշտ կլինի խոսել Արևմուտքի գերտերությունների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի և Հարավային Կովկասում նրանց շահերի ու քաղաքականության մասին։ Ի՞նչ են ասում նրանք, ասում են, որ ուզում են նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը և Արցախի հարցի լուծումը տանել իրենց համար հարմար հունով։

Սա մեզ տալիս է և հնարավորություններ, և ռիսկեր։

Հնարավորությունն այն է, որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Արևմուտքը, քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում և հարգում է այս կամ այն երկրի ժողովրդի կամ կառավարության կարծիքը։ Այսինքն՝ եթե հարցը լուծվի միջազգային հանրության կամ Արևմուտքի հովանու ներքո, նրանք կհարգեն Հայաստանի կարծիքը։ Բայց, եթե մենք հստակ չհնչեցնենք մեր պահանջները, նրանք կշարունակեն հարցի լուծումը տանել ներկա սահմանների ճանաչման և Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ուղղությամբ։

Այսինքն՝ հարցի արդար ու հայանպաստ լուծման համար անհրաժեշտ է երկու նախապայման, առաջինը, որ Ռուսաստանը չլինի որպես միջնորդ, որովհետև Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը համընկնում են, և Ռուսաստանը մեզ պարտադրում է հակահայկական լուծումներ։

Երկրորդ, հայկական գործոնի, հայ ժողովրդի սուբյեկտության առկայություն։ Միայն այդ դեպքում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կտեսնեն, որ հայ ժողովուրդը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, համաձայն չէ Փաշինյանի կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ։

Իսկ ինչպե՞ս պետք է Արևմուտքը դա տեսնի, միայն մեկ ճանապարհ կա դա ցույց տալու, այն է՝ հայ ժողովրդի բազմահազարանոց ներկայությունը Երևանի հրապարակներում։

Հենց դրա համար է, որ մենք մեր համակիրներին, նաև շարքային դաշնակցականներին կամ մյուս կուսակցությունների շարքային անդամներին ասում ենք, որ առաջին իսկ հարմար պահին ԱԺԲ-ն պատրաստ է ուղղորդել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը, իշխանության բերել ազգային անցումային կառավարություն, որն արդեն համահունչ քայլեր կանի միջազգային հանրության հետ միասին, որպեսզի Արցախի հարցը լուծվի միջազգային իրավունքի, այսինքն՝ Ազգերի լիգայի որոշմանը համապատասխան։

Եվ մենք ասում ենք, որ պատրաստ ենք համախմբել հայ ժողովրդի առողջ ուժերը, եկեք համախմբվենք գաղափարի շուրջ, այն է՝ Հայաստանի ինքնիշխանությունը և Արցախի ու Հայաստանի վերամիավորում Ազգերի լիգայի որոշման համաձայն։

Միայն մեր ուժն է, որ իրականում այդ գաղափարի կրողն է, մնացած բոլոր ուժերը, նույնիսկ եթե նրանք խոսում են Հայաստանի ինքնիշխանության կամ Արցախի կարգավիճակի մասին, նրանք անկեղծ չեն իրենց մղումներում։

Դա է ցույց է տվել այդ մարդկանց ու ուժերի անցած ճանապարհը, ես նկատի ունեմ հիմա Ազատության հրապարակում ներկա անհատներին ու ուժերին։

lragir.am/2022/04/19/712211/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail