Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը
22 Ապրիլ, 2022
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Այսօր առավոտյան Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հրավերով Փարիզի քաղաքապետարանում էինք` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Մեծ պահ հիշողության եւ պահանջների: Հարգանքի տուրք զոհերի հիշատակին, արդարության համար մինչև վերջ պայքարելու խոստում և Հայաստանի ու Արցախի անվտանգության ու անկախության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու հանձնառություն»,- գրել է Փափազյանը:
Նա շնորհակալություն է հայտնում Աննա Իդալգոյին` աջակցության և հավատարմության համար ։
Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայ համայնքի նախաձեռնությամբ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: Ամեն տարի ավանդույթի համաձայն Կոմիտասի հուշարձանի մոտ հիշատակի միջոցառում են անցկացնելու կառավարության, խորհրդարանի, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ելույթների առանցքում լինելու է Թուրքիայի ժխտողականությունը, պահանջատիրությունը: Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը նույնպես օրակարգում է: Ելույթներից հետո նախատեսվում է երթ:
armenpress.am/arm/news/1081338.html