Աղավնո՝ ապտակ Բաքվին, Մոսկվային ու ՀՀ իշխանությանը
25.04.2022 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Բաքուն ավարտում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի շինարարությունը։ Նոր ճանապարհը կսկսվի Կոռնիձորից, կանցնի Արցախի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերով, այնուհետև կմիանա Եղծահող-Լիսագոր ճանապարհին։ 32 կիլոմետրանոց ճանապարհը կվերահսկեն ռուս խաղաղապահները, հայտնում են զլմ-ները։
Նոր ճանապարհի կառուցումը նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով։ Արդյոք համաձայնեցվել է նոր ճանապարհի երթուղին։
Խոսքը միայն Քաշաթաղը Բաքվի լիակատար վերահսկողությանը հանձնելու մասին չէ։ Նոր ճանապարհը «խոր թիկունքում» կթողնի հերոսական Աղավնոն, որը հպարտ ու արժանապատիվ կանգնած է՝ ապացուցելով, որ հայրենիքում ապրելու իրավունքը չի կարելի օտարել եռակողմ թղթերով ու «խաղաղապահների» գնդացիրներով։
Աղավնոյում ապրող մի քանի տասնյակ ընտանիքներ նախատինք են ոչ միայն Բաքվին և Մոսկվային, այլ նաև Հայաստանի կառավարությանն ու վարչապետին, որի ստորագրությամբ հայկական հողերը հանձնվեցին, իսկ հայերը տեղահանվեցին։
Քաշաթաղը, Քարվաճառը և Ակնան հանձնելու հարցը դեռ կքննարկվի հայկական դատարանում։ Իսկ Աղավնոն բնածին իրավունքի գործոնն է, եւ Բաքուն ու Մոսկվան ՀՀ իշխանության հետ գերադասում են շրջանցել իրավունքը, քանի որ չեն կարող պայքարել դրա դեմ։
www.lragir.am/2022/04/25/713365/