Թուրքերէնից հայերէն է թարգմանուել Արևմտահայաստանում հայերի ինքնութեան պայքարի մասին յուշագրութիւնը
28 ԱՊՐԻԼ 2022 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ:
Երևանի «Լուսակն» հրատարակչատան կողմից լոյս է ընծայուել Մօտկան գաւառի հայերից Ֆերման Թորոսլարի «Աքսոր․ Ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը» յուշագրութեան արևմտահայերէն թարգմանութիւնը։ Յուշագրութիւնը թուրքերէնից արևմտահայերէն է թարգմանել սփիւռքահայ մտաւորական Մարի Մերտխանեան-Եարալեանը (հայերէն հրատարակութեան խմբագիր՝ բանասիրական գիտութիւնների դոկտոր Հայկազուն Ալվրցեան, առաջաբանի հեղինակ՝ պատմական գիտութիւնների թեկնածու Մելինէ Անումեան)։
Այդ մասին հաղորդում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադրամի պաշտօնական կայքէջ Akunq.net-ը։
Աղբիւրի փոխանցմամբ՝ սոյն յուշագրութեան թուրքերէն հրատարակումն իրականացուել էր Կ․Պոլսում գործող «Արաս» հայկական հրատարակչութեան կողմից, 2013 թ․։ Գրքում ներկայացուած է Արևմտեան Հայաստանում 1930-ական թուականներին թուրքական իշխանութիւնների իրականացրած ռազմական գործողութեան շրջանակներում Մօտկանից Թուրքիայի այլ շրջաններ աքսորուած Թորոսեան ընտանիքի պատմութիւնը: Ի դէպ, սոյն յուշագրութիւնն այնքան մեծ արձագանգ է ստացել Թուրքիայում, որ «Արաս»-ը գրքի թուրքերէն բնագիրը վերահրատարակել է 5 անգամ և ներկայում պատրաստւում է այն տպագրել 6-րդ անգամ։
«Աքսոր․ Ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը» յուշագրութեան մէջ ներկայացւում է, թէ ինչպէս է հեղինակի ընտանիքը, որի ազգականների մեծ մասը կոտորուել էր, 1930-ականն թուականներին «Վերաբնակեցման մասին» օրէնքի (İskân Kanunu) շրջանակներում աքսորւում Թուրքիայի արևմտեան նահանգներ: Երկար տարիներ դժուարին պայմաններում ապրել հարկադրուած Թորոսեան ընտանիքը թէև փորձում է ինչ-որ կերպ նախնիների հողը վերադառնալ, սակայն աքսորի հրամանն անշրջելի էր…
Ստորև ներկայացնում ենք գրքի հայերէն թարգմանութեան առաջաբանը․
Հայերիս, յատկապէս՝ ոչ մասնագիտական շրջանակների մօտ, թերևս, ձևաւորուել է թիւր կարծիք, համաձայն որի՝ թուրք ազգի արհեստական «կերտման» գործընթացն աւարտուել է երիտթուրքերի իշխանութեան տարիներին։ Մինչդեռ, փաստ է, որ Թուրքիայի բնակչութեան արհեստական կառուցման քաղաքականութիւնը, որն ուղեկցուել է բռնի թուրքացման և իսլամացման գործընթացներով, անընդմէջ շարունակուել է նաև Թուրքիայի Հանրապետութեան ամբողջ պատմութեան ընթացքում։
Այսպէս, հանրապետութեան ժամանակաշրջանի տարբեր տարիներին ընդունուած հարկադիր վերաբնակեցման մասին օրէնքները, 1930-ական թուականներին սկսուած «Հայրենակի՛ց, թուրքերէն խօսի՛ր» արշաւը, 1937-38 թթ․ Դերսիմի կոտորածը, 1942-44 թթ․ Ունեցուածքի հարկի մասին օրէնքի գործադրումը, 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները, 1964 թ․ ստամբուլաբնակ յոյների արտաքսումը և այլ բռնութիւններ այդ քաղաքականութեան դրսևորման օրինակներից են։
Ի տարբերութիւն այս քաջածանօթ դէպքերի՝ մեզանում համեմատաբար քիչ է յայտնի 1934 թ․ յունիսի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ընդունուած և 2510 համարը կրող «Վերաբնակեցման մասին» օրէնքը, որը տուեալ ժամանակաշրջանի Թուրքիայի ներքին գործերի նախարար Շիւքրու Քայայի կարծիքով՝ պէտք է կառուցէր «մէկ լեզուով խօսող, նոյն կերպ մտածող, միանման զգացումներ տածող» բնակչութեամբ մի երկիր։
Սոյն օրէնքի համաձայն, Թուրքիան բաժանւում էր 4 շրջանների․
1․ Շրջաններ, որտեղ առկայ է թուրքական մշակոյթին պատկանող հոծ բնակչութիւն։
2․ Վայրեր, որոնք հնարաւոր է դարձնել թուրքական մշակոյթի կրող։
3․ Շրջաններ, որտեղ կարելի է ազատ կերպով բնակեցնել թուրքական մշակոյթին պատկանող գաղթականների։
4․ Վայրեր, որոնց դատարկումը պարտադիր է առողջապահական, նիւթական, մշակութային, քաղաքական, ռազմական, կարգապահական նկատառումներով, այսինքն՝ շրջաններ, որտեղ բնակեցումն արգելուած է»[1]։
Ի դէպ, հայութեան մնացորդացին Արևմտեան Հայաստանի շրջաններից դէպի Ստամբուլ սկսել էին աքսորել 1934 թ․ դեռ սկզբներից[2]։ Սակայն յիշեալ օրէնքի հրապարակումը հնարաւորութիւն ընձեռեց թուրքական իշխանութիւններին աւելի հետևողական քաղաքականութիւն վարել այս հարցում։ Թէև օրէնքի հիմնական թիրախը քրդերն էին, սակայն այն, բնականաբար, չշրջանցեց նաև հայերին և այլ փոքրամասնութիւնների։ Վերաբնակեցման քաղաքականութեան իրական նպատակն ուծացումն էր, այսինքն՝ քեմալական իշխանութիւնները շարունակում էին երիտթուրքերի կիսատ թողած գործը՝ բռնի իսլամացման և թուրքացման, նաև ճնշումների ու կոտորածների միջոցով բնակչութեան միատարրացումը և ձուլումը թուրք ազգի հետ։
«Ըստ օրէնքի՝ բնակչութիւնը բաժանուեց 3 հիմնական հատուածի․
1․ Թուրքական մշակոյթի կրողներ և թուրքերէն խօսողներ,
2․ Թուրքական մշակոյթին ենթակայ եղողներ, բայց թուրքերէն չխօսողներ (քրդերը),
3․ Թուրքական մշակոյթին ենթակայ չեղողներ և թուրքերէն չխօսողներ (արաբներ, ոչ մահմեդական փոքրամասնութիւններ, անարխիստներ, լրտեսներ, քոչուոր գնչուներ և այլն)»[3]։
Ինչպէս արձանագրում է տուեալ թեման խորազնին ուսումնասիրած թուրք գիտնական Նևզաթ Օնարանը․ «Վերաբնակեցման օրէնքը կեանքի կոչուեց նախ Սասունում, այնուհետև` պետութեան Բրոնզէ ձեռքը հարուածեց Դերսիմին (բառախաղ է. թուրքերէն tunç el նշանակում է բրոնզէ ձեռք, Դերսիմը 1937-38 թթ. այստեղ տեղի ունեցած կոտորածներից յետոյ պաշտօնապէս վերանուանուեց Թունջելիի-Մ․Ա․)․․․»[4]։
Ի դէպ, Թուրքիայի Հանրապետութեան առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն անձամբ էր հետևում արևմտահայութեան աքսորի գործընթացին։ Այդ առումով հետաքրքիր փաստ է հետևեալ փաստաթուղթը, որն ապացուցում է, որ Մուստաֆա Քեմալի համար առանձնայատուկ նշանակութիւն ունէր յատկապէս հայերի, որպէս «անվստահելի տարրի», արտաքսումը։ Այսպէս, 1937 թ․ նոյեմբերի 2-ին հրապարակուել է Աթաթուրքի ստորագրութիւնը կրող մի հրաման, որով հրահանգւում էր Թուրքիայի մի շրջանից միւսն աքսորել իբրև թէ լրտեսութեամբ զբաղուած 2 իսլամացուած հայերի․ «Քանի որ պարզուել է, որ ծագմամբ հայ ազգից սերող և կրօնափոխութեան անուան տակ Գազիանթեփի (Այնթափ-Մ․Ա․) Նիզիփ գաւառում բնակութիւն հաստատած «Գեաւուր» մականուամբ յայտնի Հասիչէլի Սադըքը և էրզրումցի (կարնեցի-Մ․Ա․) Էյուբը (իսկական անունը Յակոբ է), յաճախակի մեր սահմանն անցնելով, իրեր ու զէնք են փախցրել և, Սիրիայում ֆրանսիական ու դաշնակցական հետախուզական կազմակերպութիւնների հետ շփումներ ունենալով, լրտեսութիւն արել մեր դէմ, որոշուել է Սադըքին իր կնոջ` Այշէի և որդու` Ջենգիզի հետ տեղափոխել և վերաբնակեցնել Ամասիա նահանգում, իսկ Էյուբին իր կնոջ` Բահիէի հետ միասին` Նիղդեում: Թուրքիայի Հանրապետութեան նախագահ` Ք. Աթաթուրք։ 02.11.1937 թ.»[5]:
Այս ամբողջ գործընթացին զոհ գնացած ամէն ընտանիք, իւրաքանչիւր անհատ ունեցել է իր մասնաւոր պատմութիւնը՝ լի ողբերգականութեամբ, ցաւով և հայրենի երկրի հանդէպ կարոտով։ Փաստացիօրէն, հայութեան մնացորդացը վերապրել է ծննդավայրից աքսորուելու տառապանքը, որը, բնականաբար, չէր կարող չարտացոլուել նաև արևմտահայութեան յուշագրութիւններում։
Արդ, 2013 թ․ Կոստանդնուպոլսում գործող «Արաս» հայկական հրատարակչութիւնը լոյս ընծայեց Ֆերման Թորոսլարի հեղինակած յուշագրութիւնը, որի ամբողջական վերնագիրն էր՝ «Աքսոր․ Ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը»։
Յուշագրութեան մէջ հեղինակը ներկայացնում է, թէ ինչպէս է իր ընտանիքը, «Վերաբնակեցման մասին» օրէնքի շրջանակներում, աքսորւում Թուրքիայի արևմտեան նահանգներ` տուեալ շրջանում ապրող հարիւրհազարաւոր մարդկանց հետ: Երկար տարիներ դժուարին պայմաններում ապրել հարկադրուած Թորոսեան ընտանիքը թէև առիթ է որոնում ինչ-որ կերպ նախնիների հողը վերադառնալու համար, սակայն աքսորի հրամանն անշրջելի էր։
Ընդհանրապէս նման թեմաներով գրքերի շարքում ամենածանրը, թերևս, յուշագրութիւնների ընթերցումն է, քանի որ վկայագիրը ոչ միայն հեղինակ, այլ նաև գործող անձ լինելով, հարկադրում է ընթերցողին ապրումակցել իրեն, վերապրել այն անասելի տառապանքը, որը մէկ արտայայտութեամբ կարելի է բնորոշել որպէս հայկական ցաւ…
Այդ առումով, խիստ կարևոր է այս գրքի հայերէն թարգմանութիւնն ու հրապարակումը, յատկապէս, մեր օրերում, երբ որոշ շրջանակներ սկսել են խօսել «թուրք-հայկական բարեկամութիւնից»։ Սոյն յուշագրութիւնը մէկ անգամ ևս յիշեցնում է, որ հայը չի կարող բարեկամանալ թուրքի հետ, և որ այդ «բարեկամութեան» միակ հետևանքը իսլամացում-թուրքացումն է կամ սեփական ծննդավայրից հեռացումը։
Շնորհակալութիւն հեղինակին և հայերէն թարգմանութիւնն իրականացրած Մարի Մերտխանեան-Եարալեանին՝ այս հայրենանուէր աշխատանքի համար։
[1] Gülçiçek Günel Tekin, Beyaz Soykırım. Türkiye’nin Asimilasyon ve Dilkırım Politikaları, Belge Yayınları, 2. baskı, İstanbul, 2009, s. 277.
[2] Թուրքիայի Հանրապետութեան պատմութիւն (բուհական դասագիրք), Երևան, 2018 թ․, էջ 78։
[3] Ayşe Hür, En uzun yüzyılımız: ‘Asr-ı fişleme’, http://www.radikal.com.tr/yazarlar/ayse_hur/en_uzun_yuzyilimiz_asr_i_fisleme-1163826, Վերջին դիտում՝ 19․11․2021 թ․։
[4] Nevzat Onaran, Cumhuriyet’in Ermeni fişlemesi ilk kez gün ışığında, http://agos.com.tr/haber.php?seo=cumhuriyetin-ermeni-fislemesi-ilk-kez-gun-isiginda&haberid=7427, Վերջին դիտում՝ 22․07․2014 թ․։
[5] https://akunq.net/am/?p=55222, Վերջին դիտում՝ 19․11․2021։
Մելինէ Անումեան
Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու
Akunq.net