Գուրգեն Յանիկյան Նպատակ եւ ճշմարտություն — Գուրգեն Յանիկյան Նպատակ եւ ճշմարտություն — Գուրգեն Յանիկյան Նպատակ եւ ճշմարտություն

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

kourken
Գուրգեն Յանիկյան
Նպատակ եւ ճշմարտություն

1973 թ. հունվարի 27: Ժամանակավոր լռության պատճառով սոսկական թվականի վերածված մի օր:
Բայց 1973-ի հունվարի 27-ը պատմական թվական է՝ սկիզբը հայկական մի նոր թվականության, սկիզբը օտար հողի վրա հայկական պահանջատիրության, ինչպես որ 15 տարի հետո 1988 թ. փետրվարի 20-ը դարձավ հայկական պահանջատիրության սկիզբը հայկական հողի վրա:

Եթե հունվարի 27-ի զարթոնքին հետեւեցին սփյուռքահայ երիտասարդներ ու հայրենակարոտ զանգվածներ եւ այն եղավ հայ ժամանակակից ազատագրական կյանքի ղողանջը, ապա փետրվարի 20-ի զարթոնքին հետեւեցին հայրենի ու սփյուռքահայ զանգվածներն ամբողջությամբ: Չենք ուզում դեպքերը կանխել, սակայն հայրենի պատմագրության <<սպիտակ բծերը>> վերացնելու ձգտող մի շարք ազնիվ ներկայացուցիչներ մի օր պիտի հաստատեն, որ հունվարի 27-ը եղավ փետրվարի 20-ի ավետաբերներից մեկը:

Յանիկյանի հանդուգն արարքը նոր ուղի հարթեց Հայկական հարցի առաջ: Այդ ուղով քայլեցին նորանոր նահատակներ, տասնամյակներով շղթայվեցին ազատատենչ հայորդիներ, եւ …երթը շարունակվում է: Իր արձակած սրբազան փամփուշտներով Յանիկյանն ի լուր աշխարհի եւ մասնավորապես հայությանը հայտարարեց, որ հայրենիքից սփյուռք ձգվող փերեզակ-<<թագավորիկները մերկ են>>:

Եվ այստեղից տրամաբանական էր նրանց հակազդեցությունը: Հերոսին տվեցին <<անհավասարակշիռ>>, <<խելագար>> ու նման ազգադավ ածականներ: Եվ այս ընթացքն այսօր՝ նրա մահվանից հետո էլ է լռելյայն շարունակվում: 80-100 տարի առաջվա հայ ֆիդայինների ժառանգությամբ այսօր Հայաստանում քաղաքական վարկ հավաքելու աշխատանքին լծվածները Ծերունուն ոչ միայն ճակատագրի դեմ մենակ թողեցին, այլեւ այսօր չեն հիշում, թե մի օր աշխարհում Գուրգեն Յանիկյան անվամբ մեկը կար:

Եթե աշխարհահռչակ գրող Անդրե Մարլոն իր <<Մարդու ճակատագիրը>> գրքում երեւակայում է մի հեղափոխականի զգացումները՝ ապրված իր թշնամու դեմ մահավճիռ գործադրելու պահին, Գուրգեն Յանիկյանն այս հուշագրությամբ ներկայացնում է իր ապրումները երկու թուրք դիվանագետների դեմ հայության մահավճիռը գործադրած պահին, ապրումներ՝ անձնական, սեփական եւ խորապես հայկական:

Գուրգեն Յանիկյանը <<Նպատակ եւ ճշմարտություն>> հուշագրությունը գրել է բանտում՝ իր առաջին դատավճռից հետո, որով դատապարտվեց ցմահ բանտարկության: Այն առաջին անգամ լույս է տեսել Բեյրութում հրատարակվող <<Սփյուռք>> ամսագրի 1990 եւ 1991 թվականների համարներում:

Գիրքն ավելի ամփոփ դարձնելու համար ստիպված եղանք կատարել որոշ միջամտություններ:
Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում՝

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր՝ պրոֆ. Կոստանդին Խուդավերդյանին,
Հայաստանի պատմության կենտրոնական պետական արխիվի տնօրեն՝ Սոնյա Միրզոյանին,
Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրինությանը,
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրինությանը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail