ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատռեցին Լավրովի պլանը․ Մոսկվան մեն-մենակ Հայաստանի դեմ՝ իր թշնամական պլանով
29.04.2022 | Մեկնաբանություն | Lragir.am,
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կրկին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներին, որոնք «կաթվածահար են արել երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը, որոնք հրաժարվեցին համագործակցել Ռուսաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում»։
Նա կրկին մեղադրել է Բրյուսելին՝ «Մենք արձանագրեցինք Բրյուսելի անամոթ փորձերը՝ յուրացնելու ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների թեման եւ այն օրակարգը, որն առաջարկվել էր անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»։ Զախարովան նաեւ հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորվելու են եռակողմ պայմանավորվածություններով ու Բաքվի առաջ քաշած սկզբունքներով, որոնց «Երեւանը սկզբունքային համաձայնություն» է տվել։
Ռուսական առաջին դեմքերի հայտարարություններին իհարկե պետք է վերապահումով մոտենալ, նկատի առնելով նրանց լիակատար հակվածությունը ստին ու նենգափոխումներին։ Ավելին, երբ նրանք ինչ որ մեկին մեղադրում են ինչ որ բանում, իրականում մատնում են իրենց արածն ու մտադրությունները։
Մի քանի օր առաջ ՌԴ ԱԳ նախարարը հերթական նյարդային պոռթկման մեջ խոստովանել էր, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ՄԽ-ում պաշտպանում էին հայկական շահը։ Նույնը կրկնել էր Պուտինի պրոքսին՝ Ալիեւը։ Հակահայ ծրագրերի խոստովանության պատճառը Քարագլխի բացահայտված ոճրագործությունն էր եւ լավրովյան պլանը ՄԽ-ում օրինականացնելու մոսկովյան հույսերի խորտակումը։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվել են Մոսկվայի այդ առաջարկից։ Այդպիսով, ռուսական հերթական «խաղաղարար պլանը» չի լեգիտիմացվելու միջազգային հարթակում։
Լավրովը պարզ հայտարարեց, որ ռուսական պլանում հայկական շահ չկա։ Իսկ ինչպես է ձեռք բերվել «Երեւանի սկզբունքային համաձայնությունը»․ Մոսկվայի ու Բաքվի համատեղ շանտաժով ու հարձակումներով, Երեւանում կամակատար իշխող ռեժիմով՝ «միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը», եւ ռուսանպաստ խորհրդարանական «ընդդիմությամբ», որի ներկայիս գործունեության մոսկովյան հրահանգ-կարգախոսը հետեւյալն է՝ «Արեւմուտքը ուզում է Արցախը հանձնել Ադրբեջանին, Ռուսաստանը չի թողնում»։
ՄԽ արեւմտյան համանախագահների մերժումից հետո Մոսկվան Հայաստանի առջեւ կանգնած է մեն-մենակ՝ իր թշնամական պլանով։ Ուկրաինայի դեմ պատերազմը Մոսկվային ստիպում է արագացնել Հայաստանը թուրքերին հանձնելու պլանը։ Ռուսաստանը չափազանց թանկ է վճարում եւ դեռ վճարելու է Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ արշավի համար։
www.lragir.am/2022/04/29/714110/