ԼՂԻՄ-ի տարածքը հայերից մաքրելու գործողությունների Ադրբեջանի քաղաքականության որոշ նյութեր – Շար 2 – Հրանուշ Խառատյան
30 ԱՊՐԻԼ 2022 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ:
Հրանուշ Խառատյան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Ինչպես երեկ խոստացել էի, այսօրվանից մաս-մաս տեղադրում եմ ԼՂԻՄ-ի տարածքը հայերից մաքրելու գործողությունների Ադրբեջանի քաղաքականության որոշ նյութեր՝ անհասկանալի «միջազգային հանրության»՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու «պահանջը» հայերի անվտանգության խնդիրների քննարկումներով կարգավորելու հայաստանյան իշխանության պատկերացուիմների համար:
Չգիտեմ ինչու ոմանք կարծում են, որ «միջազգային հանրությունը» տեղյակ է Ադրբեջանի կազմից դուրս գալու կամ Հայաստանի հետ միավորվելու արցախահայության ցանկության իրական դրդապատճառներին:
Այնքան բնական է թվում պատմական Հայաստանի մի մասում բոլշևիկների կամքով հարևանությամբ ստեղծված երկու տարբեր հատվածներով և տարբեր կարգավիճակներով ապրող նույն ժողովրդի հատվածների միավորումը, որ Ադրբեջանի կազմում արցախահայության գոյության անհնարինության խնդիրը 1993 թ. ամբողջովին դուրս մնաց թե Մինսկի խմբի համանախագահների քննարկումներից, թե առհասարակ փաստարկների շրջանակներից:
Մինչդեռ 1988-1991թթ. հենց այդ խնդիրն էր բարձրաձայնվում: Հետագայում խնդիրը տեղափոխվեց «ինքնորոշման իրավունքի» և «տարածքային ամբողջականության» տանդեմի փակուղի: Մոռացվեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերը, Շահումյանի հայերի ռազմական ուժով իրականացված դեպորտացիան, Մարաղայի բնակչության վայրագ սպանությունները, կենդանի մարդկանց հրկիզումները և այլ սարսափներ, որոնք թելադրված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող ռասիզմով:
Մինչդեռ Արցախի հայ բնակչության՝ Ադրբեջանի կազմում բացահայտ հայատյացության պայմաններում ապրելու անհնարինությունը հենց հայատյացությամբ և ռասիզմով էր պայմանավորված, ինչը վերջին երեսուն տարիներին հնարավոր բոլոր միջոցներով՝ կրթությամբ, քարոզչությամբ, պատմական կեղծարարությամբ, առաջին դեմքերի հայտարարություններով և նույնիսկ հայ գերիների, պատանդների և գրավված տարածքների քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված փաստացի ռասիստական ոճրագործություններով միայն ավելացրել են ռասիզմի դոզան և ատելությունը:
Այդ մե՛նք գիտենք, կամ նույնիսկ մե՛նք էլ չգիտենք, թե ինչ էր նշանակում արցախահայության գոյությունն Ադրբեջանի կազմում և ինչ կնշանակի այդ գոյությունը առաջիկայում: Ինչպես երեկ խոստացել էի, արցախահայության անտանգության վերաբերյալ առաջիկա քննարկումներում հնարավոր «երաշխիքների» արժեքը գնահատելու նպատակով այսօր մի նյութ եմ հրապարակում:
Գործողությունները, որոնք ներկայացված են այս նյութում, ըստ էության պատասխանն էին ԽՍՀՄ ձնհալի տարիներին՝ 1960-ական թվականներին Արցախի և Ադրբեջանի մի շարք հայկական շրջանների հայ բնակչության կողմից իրենց պրոբլեմները ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությանը գրավոր ներկայացնելու համարձակության: Երեկ իմ էջում տեղադրած նյութը դրա նմուշներից մեկն է. Հիմա տեսնենք ինչպես է Ադրբեջանում պատասխանվել այդ համարձակությանը:
Նամակը, որն այստեղ տեղադրվում է, գրվել է 1967թ. և վերնագրված է «Փոքրիկ Լեռնային Ղարաբաղի մեծ ողբերգությունը», ուղղված է եղել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏԿՈՄԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:
Հայաստանի ժողովրդին այն, բնականաբար, չի հասել, բայց տպագրվել է հայկական սփյուռքի մամուլում՝ «Յառաջ», Փարիզ, 1 սեպտեմբերի, 1967թ., «Ազդակ» (Բեյրութ), 1967 թ. սեպտեմբերի 8, «Ազատ Օր» (Աթենք), 1967 թ. սեպտեմբերի 9, «Ալիք» (Թեհրան), 1967 թ. սեպտեմբերի 13: Կոչը ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել նաև Արևմտյան Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի «Պոսև» շաբաթաթերթում, 1967 թ. սեպտեմբերի 20:
Մինչ այս նամակը գրելը արցախահայերը մի քանի գրավոր տեքստեր են ուղարկել ԽՍՀՄ բարձրագույն իշխանություններին՝ խնդրելով իրենց պրոբլեմների մասին ուղարկված նամակները անիմաստ չհասցեագրեն Բաքվի իշխանություներին, որովհետև դրանից պրոբլեմները միայն ավելանում են և իրենց վիճակն ավելի է վատանում: Սրան առաջիկայում դեռ կանդրադառնանք. Իսկ հիմա՝ բուն նամակը.
«Փոքրիկ Լեռնային Ղարաբաղի մեծ ողբերգությունը,- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏԿՈՄԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Թանկագին հայրենակիցներ. Այս նամակով Ձեզ է դիմում Ղարաբաղի աղետյալ ժողովուրդը, որի վիճակն այժմ ավելի ծանր է, քան երբևիցէ եղել է խանական բռնակալների ու մուսավաթականների ժամանակ:
Մեզանից ոչ ոք տանից ելնելիս վստահ չէ, որ երեկոյան տուն կվերադառնա: Անարգվում է մեր պատիվը, բռնադատվում են մեր իրավունքներն ու արժանապատվությունը:
Ոչ ոք չի լսում մեր բողոքի ձայնը, ոչ մեկը ականջ չի դնում մեր աղերսանքին: Հարյուրավոր դիմումներ ենք հղել Մոսկվա` կենտրոնական Կառավա- րությանը, Ադրբեջանի ղեկավարությանը և այդ բոլորի պատասխանը եղել է կամ քար լռությունը, կամ մոլի հալածանքը մեր և մեր զավակների հանդեպ:
Այսօր տասնյակներով ղարաբաղցիներ ապօրինի բանտերն են լցված և կամ հեռացված աշխատանքից: Մեզ հասցրել են այնտեղ, որ մենք մեր ավանդական հողը լքել և դարձել ենք տարագիր և անհայրենիք մի ժողովուրդ: Հոշոտում են մեր զավակներին և հոշոտողները դրանով չեն բավականանում, պղծում և անարգում մեր դիակները և ստիպում են մեզ, որ մենք էլ դիմենք հանցագործության: Տասնյակ դեպքերից միայն մի քանիսը թվենք, որպեսզի պատկերացնեք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում:
Երկու տարի առաջ Աղդամի կենտրոնում օրը ցերեկով սպանեցին մի երիտասարդի` Ավանեսյանին: Երբ չարագործ ադրբեջանցուն հարցրեցին, թե ինչու է գնդակ արձակել անմեղ անցորդի վրա, նա լկտիաբար պատասխանեց. «Ծտի վրա էի նշան բռնել, գնդակս նրան առավ: Ինչքան է տուգանքը, կարող եմ վճարել»:
Տարի ու կես առաջ Շուշիի կուսակցական շրջկոմի շենքի առաջ երկու ադրբեջանցի կանգնում են ղարաբաղցի կոմունիստ գյուղատնտեսի դիմաց և ասում. «Այս րոպեին մի հայի պիտի սպանեինք, դու ես հանդիպել»: Եվ տեղնուտեղը գնդակահարելով սպանում են:
Մինչև այսօր դահիճն իր արժանի պատիժը չի ստացել, որովհետև նա Ադրբեջանի դատախազի ազգականն է և Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի տեղակալ Բայլարովի եղբայրը: Մարտունու սովխոզի տեղամասի պետ Գրիշա Սողոմոնյանին սպանել, գցել են ճանապարհին:
Նորաշենի երկու երիտասարդ տրակտորիստների գիշերը վարի ժամանակ գնդակահարել են: Եվ այս բոլոր չարագործությունների հեղինակները չեն «հայտնաբերվել», որովհետև ադրբեջանցիներ են: Մարտունու սովխոզի տեղամասի պետ Բենիկ Մովսիսյանի տասնամյա տղային սպանել են, գազանաբար հոշոտել և դիակը պղծել:
Այս անգամ ևս հանցագործները «չէին հայտնաբերվի», եթե մարդկանց համբերությունն արդեն սպառված չլիներ, և եթե զոհի տերերն իրենք բռնած չլինեին չարագործների հետքը:
Չարագործների ձերբակալության առաջին իսկ օրվանից սրանց հարազատները դատարանի դահլիճում ու բակում, մարզկոմի շենքի առաջ և քաղաքի փողոցներում բացեիբաց, անպատիժ հայտարարում էին, որ իրենք ոսկով փակելու են դատավորների բերանները, իսկ զոհված երեխայի հարազատները խոսքով և գրով, նամակներով ու հեռագրերով դատարանին ու մարզի ղեկավարությանը, Բաքվի ու Մոսկվայի ղեկավար բոլոր օղակներին հասկացնում էին, որ գլխավոր չարագործը պետք է դատապարտվի գնդակահարության, ապա թե ոչ` իրենք են կատարելու նրա դատաստանը:
Այս հիմքի վրա քանի-քանի միջադեպեր են եղել դատարանի դահլիճում և շենքի բակում: Բաքվի ու մարզի ղեկա- վարությունը, գիտակցաբար չունկնդրելով այս ամենին, բանը հասցրեց կազմակերպված սադրանքի, կաշառված դատավորն իր կեղտերը ծածկելու ուրիշ ելք չգտավ, քան վճիռը դատարանի դահլիճից հանել հրապարակ, կարդալ բացոթյա, երկարատև քաշքշուկից հավասարակշռությունը կորցրած ամբոխի առաջ, շիկացած մթնոլորտում:
Եվ ինչ, չարագործության կազմակերպչին` մարզի ամբողջ բնակչության զայրույթի և ատելության առարկային տաս տարվա ազատազրկություն միայն և հինգ տարվա պայմանական […] Անարդարության դեմ զարյացած ժողովրդի վրա կեղտաջրի շիթեր ուղղեցին հրշեջ մեքենաներից:
Անհույս կատաղությունից իրեն դես ու դեն նետող տուժածի` զոհի հոր վրա կրակ բացեց պահակախումբը: Ապա մահաբեր զենքերից կրակներ տեղացին վիրավոր հորն օգնության հասնող հարազատների վրա, 12 հոգի մահացու վիրավորվեցին և այժմ հայտնի էլ չէ, թե որտեղ են և կա՞ն արդյոք:
Եվ այսքանից հետո միայն զայրույթից եռացող ամբոխը հարձակվեց չարագործների վրա, սպանեց նրանց և դիակիզեց: Ադրբեջանի շովինիստ ղեկավարները շատ լավ էին պլանավորել այս վախճանը և չուշացան վրա հասնել և եզրափակել ամեն ինչ:
Մինիստրների խորհրդի նախագահ, Լեռնային Ղարաբաղի հրենասերների հետ իր հատուկ հաշիվներն ունեցող Ալիխանովը Ստեփանակերտ հասնելուն պես հավաքեց բոլոր ղեկավարներին, հայտարարեց, թե մարզում կա հակասովետական նացիոնալիստական կազմակերպություն և այդ կազմակերպության գործն է այդ ցեղակիցների դատաստանը, թե այս բոլորը նացիոնալիզմ է, հրահրված Սովետական Հայաստանի կողմից:
Եվ մարզից հեռանալուց առաջ նա հասցրեց անձամբ, ազգային շուքով, մոլլաների ուղեկցությամբ թաղել չարագործների դիակները: Ապա եկավ կուսակցական կենտկոմի քարտուղար Ախունդովը և միայն իրեն հատուկ խորամանկությամբ հասկացավ, որ Ալիխանովը մերկացրել է իրենց քաղաքական խաղը:
Ինչու՞ նացիոնալիզմ, երբ նրա տուտը քաշելիս Մոսկվայից եկածները կարող են պարզել, թե որտեղից է գալիս իսկական նացիոնալիզմը: «Այստեղ ոչ մի նացիոնալիզմ չկա, – մարզային կուսակցական ակտիվի առաջ հայտարարեց ելքը գտած Ախունդովը: – Սա միայն երկու ընտանիքների թշնամանք է»: Եվ, այնուամենայինիվ, վերջում դահլիճի վրա բռունցք թափ տալով զգուշացրեց. «Մոռացե՛ք Հայաստանին միանալու ձեր պահանջը:
Գիտցե՛ք, որ Լեռնային Ղարաբաղը եղել է, կա ու կմնա Ադրբեջանի անբաժանելի մասը»: Ոչ ոք գլխից ձեռք չի քաշել, որ վեր կենա ու հակառակը պնդի […]
Ախունդովի գնալուց անմիջապես հետո սկսվեցին մարզի և հատկապես Ստեփանակերտի այն օրերը, որոնք հիշեցնում են 1918–1920թթ. ահավոր ժամանակները: Բաքվից անմիջապես եկող միլիցիայով և պետական անվտանգության այլազգի զինվորներով լցվել, պաշարվել է մարզի կենտրոնը, չդադարող հարցաքննությունների ու հետապնդումների միջոցով ստորացվում են նրա բնակիչները:
Ամեն օր բանտ են քշվում ազնիվներն ու համարձակները: Պաշտոնազրկվում ու հալածվում են կամայականությունների դեմ բողոքողները: Մարզի հայության ճակատագրի տնօրեններ են կարգվում հին ու նոր դավաճանները, ուրացողներն ու մատնիչները: Այս բոլորի վերջը չի երևում:
Իսկ եթե երևում է, ապա` դա վերջն է ամեն հայկականի, որ կենաց ու մահու գոտեմարտերում պաշտպանվել ու պահպանվել է մինչև այսօր: Ադրբեջանի շովինիստ ղեկավարների և ղարաբաղյան նրանց ձեռնածուների երազած օրն է սա:
Նրանք հիմա ձեռք-ձեռքի գործելով սպանում են հայության ոգին, ցեխի մեջ են թաղում նրա ազնիվ ու արդար դատը, որպեսզի հետագայում այլևս ոչ մի գնով հնարավոր չլինի բարձրացնել:
Հայ ժողովո՛ւրդ` քո հատվածներից մեկը, որ դարերի մռայլ ու դաժան ճանապարհին միշտ բարձր է պահել քո անունը և անեղծ` իր ինքնությունը, հիմա օրհասական վտանգի տակ է: Լեռնային Ղարաբաղը` արդեն անուժ ու անօգնական, կորցրել է ամեն ապավեն: Մայր ժողովո՛ւրդ, որտեղ էլ որ կաս, քեզ ենք դիմում:
Դու ես մեր հույսն ու ապավենը: Դու սեփական կառավարություն ունես, ունես կուսակցական կենտկոմ: Նրանց ձայնը չեն կարող չլսել: Դու ունես զավակներ, որոնց անուններն աստղերին է հասել, որոնք աշխարհի մեծամեծների հետ են նստում, քննում են երկրագնդի ու ժողովուրդների ճակատագիրը: Չի կարող պատահել, որ նրանց ձայնը չհասնի Կրեմլին, երկրի ղեկավարներին չհասնի փոքրիկ Լեռնային Ղարաբաղի մեծ ողբերգությունը»:
Հրատարակված է Հայության պայքարը ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ միավորելու համար: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու : Կազմողներ և խմբագիրներ՝ Կ.Խաչատրյան, Հ.Աբրահամյան, Երեւան, 2011/ Борьба армян за восстановление НКАО с Советской Арменией. Сборник документов и материалов. Составители: к.и.н. Карен Хачатрян, Грант Абраамян. Ереван, Институт Истории, 2011
Սիրելի հյրենակիցներ, այս նյութերը հրատարակելով՝ ոչ մի ցանկություն չունեմ ադրբեջանցի ժողովրդին վարկաբեկել: Մեծ հաշվով այդ ժողովուրդը տարբեր ձևերով իր իշխանությունների խաբկանքի և հարստահարման զոհն է, նույնիսկ երբ նրան ռասիստ ու մարդատյաց են դարձնում: Մեր խնդիրը Ադրբեջանի իշխանություններն են: Մենք որևէ փաստարկ, որևէ երաշխիք չունենք, որ նրանց վերաբերմունքը հայերի նկատմամբ նկատելի ապագայում փոխվելու է: Ադրբեջանի կազմում Արցախին միայն մի հեռանար է սպասվում՝ հայաթափում: