Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով, կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում ստեղծված քարտեզներից. Միրզոյանի պատասխանը՝ Ալիեւին
Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով, կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում ստեղծված քարտեզներից. Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի. Միրզոյանի պատասխանը՝ Ալիեւին
01 ՄԱՅԻՍ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի եւ մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարոթյունները:
-Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից եւ շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով եւ քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի:
Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։
civic.am/politics/30622-mirzoyan-aliev.html?fbclid