«Ցեղասպանութեան Ճանաչման Հարցն Այսօր Միակ Անսասան Մնացած Ուղենիշն Է, Որը Հնարաւորութիւն Է Տալիս Դեռ Խուսափել Ցեղասպանութեան Նոր Սպառնալիքներից»
02 ՄԱՅԻՍ 2022 – Հարցազրոյց:
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹՈՒՐՔԱԳԷՏ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան գործող վարչապետն այս տարի Յունուարին հարցազրոյցում նշել էր, որ Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականութիւն չի վարել, իսկ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ եղել է Սփիւռքը եւ Սփիւռքի կազմակերպութիւնները: Այս յայտարարութիւնը որքանո՞վ է համապատասխանում իրականութեանը: Սա նշանակու՞մ է արդեօք, որ Հայաստանի Հանրապետութիւնն այլեւս հետամուտ չէ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան դէ ֆակտօ (իրողապէս գոյութիւն ունեցող) վարչապետն իր ելոյթներից մէկում կարծիք էր յայտնել, որ Հայ Դատը եւ ընդհանրապէս Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը երբեւէ չեն եղել ՀՀ պետականութեան առաջնահերթութիւն, եւ ընդհանրապէս պետական արտաքին քաղաքական հայեցակարգերում որեւէ տեղ չեն զբաղեցրել, այլ գերազանցապէս եղել են հայկական Սփիւռքի ցանկութիւնն ու օրակարգը:
Սա արմատապէս սխալ է, որովհետեւ ինքնին խեղաթիւրում է պատմական իրողութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը մշտապէս դիտարկել է որպէս Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւոր ուղղութիւններից մէկը, հարցը երկար տարիներ հանդիսացել է ՀՀ արտաքին քաղաքականութեան երեք յենասիւններից մէկը: Աւելին, Հայաստանի պետականութիւնը խոշոր հաշուով հիմնուած է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման հիմքի վրայ, որովհետեւ 1990 թ.ի Օգոստոսի 23ին ընդունուած ՀՀ անկախութեան հռչակագիրը, որ մեր երկրի հիմնադիր փաստաթուղթն է, սահմանում է, որ պետականութիւնը ստեղծւում է՝ հետամուտ լինելով նաեւ Արեւմտեան Հայաստանի եւ Օսմանեան Թուրքիայի տարածքում իրականացուած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործին: Այսինքն, սա մեր պետութեան հիմանդրոյթներից է, որը չէր կարող չլինել նաեւ պետականութեան մաս՝ անկախ տուեալ ժամանակի քաղաքական իշխանութեան դէմքերից:
Այս վիճակը փոխուել է 2018 թուականից յետոյ, երբ ՀՀ կառավարութիւնը եւ իշխող վերնախաւը որոշեց, որ դադարեցնում է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցին հետամուտ լինելը: Հարցն այլեւս չէր արծարծւում մեր պետական, արտաքին քաղաքական որեւէ գործընթացում, եւ օրինաչափ է, որ հիմա նաեւ յայտարարւում է, որ այն չկայ եւ չի եղել, բայց սա հարցի միայն պատմական կողմն է: Եթէ խորանանք, կը տեսնենք, որ այս մօտեցումն ըստ էութեան կրկնում է նաեւ թուրքական յայտնի քարոզչական թէզը, որ առկայ է 1960 ականներից, երբ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը ընդգրկեց ոչ միայն հայկական Սփիւռքը, նաեւ՝ Խորհրդային Հայաստանը: Որպէս պատասխան, թուրքական կողմը սկսեց ասել, որ Խորհրդային Հայաստանը կամ Հայաստան պետութիւնը եւ Հայկական Սփիւռքն իրականում տաբեր երեւոյթներ են, եւ Հայոց Ցեղասպանութեան հարցը դա միայն «Սփիւռքում ապրող որոշ հայ ազգայնականների ձեռքի գործն է»:
ՀՀ անկախութեան ձեռքբերումից յետոյ, երբ պետութիւնը գործի դրեց իր ողջ պետական գործիքակազմը՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցում հետամուտ լինելով արդարութեան վերականգնմանը, թուրքական պետութիւնն անդադար, բոլոր հնարաւոր խողովակներով ու գործիքներով փորձում էր դարձեալ պառակտում մտցնել Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ՝ ասելով որ հայերը վատ են ապրում Հայաստանում, որովհետեւ Սփիւռքը խանգարում է, չի թողնում որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորուեն, եւ եթէ չլինէր Սփիւռքը, որ իր ռեւանշիստական (վրէժխնդիր) ձգտումներով խաթարում է հայ-թուրքական բարեկամութիւնը՝ ոչ մի խնդիր չէր լինի: Բնականաբար, այս քարոզչական թէզը ոչ մի յաջողութիւն չէր ունենում Հայաստանում մինչեւ 2021 թուականը, երբ ՀՀ դէ ֆակտօ ղեկավարութիւնը պաշտօնապէս յայտարարեց մի միտք, որը ամբողջութեամբ կրկնում է թուրքական քարոզչական թէզը: Այսինքն, այս դէպքում եւս ականատես ենք լինում մի երեւոյթի, երբ հայկական շահերը դրւում են մի կողմ եւ սպասարկում են փաստացի թուրքական օրակարգին:
Ինչո՞ւ են թուրքերն սա ասում, ինձ թւում է առաւել քան հասկանալի է: Սա բոլոր առումներով խիստ վնասակար, խեղաթիւրող եւ խորքում հակահայկական դիրքորոշում է, որ յանգեցնելու է Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ յարաբերութիւնների վատթարացմանը եւ ամենակարեւորը՝ խաթարելու է նաեւ Սփիւռքի կառոյցների նորմալ կենսագործունէութիւնը: Այս հանգամանքը նաեւ խոչընդոտ է հանդիսանալու Հայկական Սփիւռքում ինքնութեան պահպանման եւ շարունակական զարգացման համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վարչապետի այդ յայտարարութիւնը լայն արձագանգ չստացաւ Սփիւռքում: Հայաստանի իշխանութիւնների նման դիրքորոշման պայմաններում ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկի Սփիւռքը յատկապէս Ապրիլի 24ին ընդառաջ:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Կարեւոր եւ բարդ հարց է, որովհետեւ վկայում է հայկականութեան ճգնաժամի մասին, որ դրսեւորւում է նաեւ նրանով, որ հայկական՝ թէ՛ սփիւռքեան, թէ՛ հայաստանեան կառոյցները չեն կարողանում նման մարտահրաւէրներին լիարժէք դիմագրաւել: Այսինքն, մարտահրաւէրը նա է, որ ՀՀ կառավարութեան ներկայացուցիչն է խօսում այս մասին, եւ անսպասելի է գուցէ դեռ շատերի համար, եւ սա բերում է նրան, որ ճիշդ հակադարձման մեխանիզմները (գործիքակազմերը) միանգամից պարզ չեն: Նախկինում մենք գիտէինք, որ եթէ Թուրքիան կամ Ադրբեջանը նման բան են ասում, ինչպէս հակադարձել թէ՛ միջազգային հանրութեան առջեւ, թէ՛ ներհայկական լսարանում: Այսօր դա չի աշխատում, որովհետեւ գործ ունենք ոչ թէ թշնամական երկրի ներկայացուցչի հետ, այլ՝ ՀՀ դէ ֆակտօ ղեկավարի հետ: Հետեւաբար, մենք այստեղ տեսնում ենք որոշակի յապաղում, ապակողմնորոշում՝ պայմանաւորուած անսպասելիութեամբ:
Այնուամենայնիւ, ինչ կարելի է անել: Ես կարծում եմ, որ յատկապէս այս իրադարձութիւնների ֆոնին (խորապատկերին), խիստ կարեւոր է, որ Սփիւռքի կառոյցները մի քանի անգամ աւելի մեծ թափով մօտենան Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրուան նուիրուած միջոցառումների անցկացման գաղափարին: Միաժամանակ պէտք է յստակեցնեն, թէ ինչու է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը մնում կարեւոր մեզ համար, որովհետեւ դա ոչ թէ պատմական հնացած երեւոյթ է, այլ՝ այսօր այժմէական նշանակութիւն ունեցող երեւոյթ: Աւելին, այն այսօր գուցէ միակ անսասան մնացած ուղենիշն է, որը հնարաւորութիւն է տալիս դեռեւս խուսափել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի տարածքում Հայոց Ցեղասպանութեան նոր սպառնալիքներից:
Կարծում եմ, որ առաջիկայ օրերին այս խօսոյթը, այս տրամաբանութիւնը եւ այս մօտեցումը պէտք է լինեն իրականացուող բոլոր միջոցառումներում, եւ պէտք է հնչեն յստակ քաղաքական գնահատականներ, որոնց հետեւելու են ոչ միայն ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնները, նաեւ՝ մեր թշնամիները: Նման գնահատականների բացակայութեան դէպքում, մեր թշնամիները կը մեծացնեն ճնշումը՝ տեսնելով, որ չկայ որեւէ հակադրութիւն, դիմադրող ուժ:
Ըստ այդմ, առաջնահերթ երեք գործողութիւններ պէտք է իրականացուեն: Առաջինը՝ Հայոց Ցեղասպանութեան թեմայի արդիականացում, հանրութեան շրջանում համապատասխան աշխատանքի իրականացում թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում: Երկրորդ, Սփիւռքի կազմակերպութիւնների վերաթարմացում եւ նոր մօտեցումների որդեգրում, եւ երրորդ՝ յստակ քաղաքական գնահատականներ, որովհետեւ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի Հանրապետութեանը, այլ նաեւ Սփիւռքի գոյութեանն ընդհանրապէս:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդունուեց բնոյթով աննախադէպ համահայկական հռչակագիր, որը Հայոց Ցեղասպանութեան միջազգային դատապարտման, պատմական արդարութեան վերականգմանն ուղղուած հայ ժողովրդի պայքարի հիմնական ուղեցոյցն է եւ որտեղ յստակ ձեւակերպուած է պահանջատիրութեան հարցը: Հռչակագրում տեղ գտած դրոյթների իրականացման ուղղութեամբ աշխատանքներ իրականացուե՞լ են:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- 2015 թուականին ստեղծուեց համահայկական հռչակագիրը, որը պետական մօտեցման շատ կարեւոր ցուցիչ էր: Այդ փաստաթղթի ստեղծմանը մասնակցել էին ոչ միայն Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների պետական ինստիտուտները (հիմնարկութիւնները, կառոյցները), նաեւ՝ Սփիւռքի քաղաքական-հասարակական կառոյցների մի զգալի մասը: Մենք գործ ունենք համահայկական բնոյթի ձեռքբերման, համաձայնութեան հետ, որը պէտք է ունենար նաեւ որոշակի գործողութիւնների ճանապարհային քարտէզ:
Այս քարտէզի որոշ դրոյթներ հայկական պետականութիւնը մինչեւ 2018 թուականը իրականացրել էր, մասնաւորապէս, օրինակ այն, որ Հայաստանի Հանրապետութիւնը դառնում է միջազգային հարթութիւնում Ցեղասպանութիւնների կանխարգելման, դատապարտման, եւ դրանց հարցում հետեւողական, հետաքննական մեխանիզմներ ունեցող մի երկիր, եւ բոլոր երկրները, որտեղ տեղի է ունենում Ցեղասպանութիւն, կարող են ապաւինել Հայաստանին, որպէս առաջամարտիկ այդ հարցում: Սա, ոչ միայն դիւանագիտական գեղեցիկ փաթեթաւորում ունեցող քայլ էր, այլ խորքում նշում էր նոր դիրքաւորում Մերձաւոր Արեւելքում, որովհետեւ այդ տարածաշրջանում բնակուող քրիստոնեաները, եւ ոչ միայն, ովքեր պետութիւն չունեն՝ ասորիներ, եզդիներ, եւ այլ ժողովուրդները, բնակուելով Իրաքում, Սիրիայում, եւ այլուր, կարող են ապաւինել Հայաստանին՝ որպէս իրենց իւրայատուկ ներկայացուցչի: Սա բարձրացնում էր Հայաստանի դիւանագիտական, քաղաքական կշիռը մեզ մօտ տարածաշրջանում:
Ցաւօք, 2018 թուականից յետոյ, այդ հարցը ամբողջովին կասեցուեց, եւ այն հիմնական միջոցառումներից մէկը, Ցեղասպանութեան կանխարգելման հարթակը, որ ձեւաւորել էր Հայաստանը եւ որին մասնակցում էին աշխարհի խոշոր ցեղասպանագէտներ, փորձագէտներ, մարդիկ, ովքեր հետեւողականօրէն պայքարում էին ցեղասպանութեան դէմ, իմ նշած համայքների ներկայացուցիչները՝ դադարեց գոյութիւն ունենալ:
Բնականաբար, 2018 թուականից յետոյ, Համահայկական հռչակագրի նոյնիսկ յիշատակում չէք կարող գտնել ոչ մի պետական այրի, պաշտօնեայի խօսքում, խօսոյթում: Հռչակագրի շրջանակներում որեւէ գործողութիւն չի իրականացուել, եւ չի էլ լինի, որովհետեւ ներկայիս դէ ֆակտօ իշխանութիւնները բոլորովին այլ մօտեցում ունեն թէ՛ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում, թէ՛ ընդհանրապէս հայկական օրակարգում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի իշխանութիւնների ներկայի օրակարգը ներառում է տարածաշրջանում, իրենց պատկերացմամբ, խաղաղութեան հաստատմանն ուղղուած գործողութիւններ՝ «հաշտեցման բանակցութիւններ» Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Իրականում ի՞նչ բնոյթ են կրում, եւ ինչի՞ շուրջ են Հայաստանի քաղաքական ղեկավարների, բանագնացի հանդիպումները ադրբեջանցի եւ թուրք գործիչների հետ:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- 2020 թուականի Նոյեմբերի 9ի կապիտուլեացիայից (անձնատուութենէն) յետոյ ստեղծուել է հետեւեալ իրավիճակը՝ թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Թուրքիան Հայաստանի Հանրապետութիւնն ընկալում են որպէս շատ խոցելի եւ շատ թոյլ խաղացող, այսինքն՝ Հարաւային Կովկասում մանեւրելու (հնարք բանեցնելու, նաւավարելու) շատ քիչ տեղ ունեցող դերակատար: Համաձայն տարածաշրջանի վերաբերեալ իրենց պատկերացումների, այն է՝ վերացնել հայկական քաղաքական գործօնը ընդհանրապէս ոչ միայն Արցախում, նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում, ինչի մասին են վկայում նրանց յայտարարութիւններն ու գործողութիւնները, նրանք հետամուտ են իրենց այս ծրագրին, եւ ներկայում փորձում են Հայաստանին մտցնել դիւանագիտական իւրայատուկ շրջափակման մէջ, չնայած այդ գործընթացը կոչւում է ապաշրջափակում:
Այսինքն, խորքում, այն ինչ տեղի է ունենում, մենք տեսնում ենք՝ դա շրջափակում է, բայց դրա քաղաքական եզրոյթը, որ կիրառւում է՝ ապաշրջափակում է: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ իրականում շրջափակումը: Ադրբեջանն ու Թուրքիան պարտադրում են որպէսզի Հայաստանն այս երկու պետութիւնների հետ ստորագրի իրաւական փաստաթղթեր, որտեղ պէտք է արձանագրուած լինեն դրոյթներ, որ չեն բխում Հայաստանի շահերից, այլ արտացոլում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը: Սրա մասին է խօսում նոյնիսկ այն պարզ երեւոյթը, որ օրինակ, Ադրբեջանի հետ «խաղաղութեան համաձայնագրում» կան հինգ սկզբունքներ, որոնք նրանք պարտադրելու են, որ լինեն փաստաթղթում: Այսինքն, արդէն իսկ երեւում է, ով է նախաձեռնողը եւ պարտադրողը:
Այսօր Հայաստանի Հանրապետութեան առջեւ կայ իրար փոխկապակցուած բանակցային երկու տիրոյթ՝ մէկը Ադրբեջանի, միւսը Թուրքիայի հետ, բայց իրականում, դրանք բանակցութիւններ չեն, այլ՝ կապիտոյլացիոն (յանձնուողական) քննարկում, որովհետեւ տրամաբանութիւնը կրկին յանձնուողական է: Իրականում, երկուսն էլ ադրբեջանաթուրքական հարթակներ են, ինչի մասին երկու երկրները պարբերաբար հնչեցնում են նաեւ հանրային քննարկումներում, որ իրենց դիրքորոշումները մշտապէս համաձայնեցնում եմ միմեանց հետ:
Ադրբեջանի հետ խօսք է գնում, այսպէս կոչուած «խաղաղութեան պայմանագրի» մասին, որտեղ ըստ էութեան Արցախը համարւում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս, խօսւում է սահմանագծման ու սահմանագծման մասին, ինչը նշանակում է հերթական տարածքային զիջումները Արարատի, Սիւնիքի, Տաւուշի մարզերում, եւ նշուած է նաեւ հաղորդակցութեան միջոցների մասին: Այն պահին, երբ ստորագրուի նման համաձայնագիր կամ պայմանագիր, անմիջապէս յետոյ, մենք ականատես կը լինենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին որեւէ փաստաթղթի կամ յայտարարութեան, կամ համաձայնագրի:
Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների, կամ այս դէպքում հակամարտութեան բովանդակութիւնն, ըստ էութեան, ամբողջովին խարսխուած է Արցախի հարցում մեր դիրքորոշումից, որն էլ իր հերթին՝ աշխարհաքաղաքական բնոյթ ունի: Այսինքն, եթէ մենք յաւակնութիւններ չունենք Արցախի նկատմամբ, հրաժարւում ենք Սիւնիքից, եւ թոյլ ենք տալիս, որ այնտեղ ներխուժեն ադրբեջանցիներ ու թուրքերը, եւ այնտեղ ունենան միջանցք՝ դա նշանակում է, որ մենք լիարժէք հրաժարւում ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական, ինքնուրոյն քաղաքական գործօն լինելուց, եւ յանձնւում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեգթութեանը: Եւ սա էլ քաղաքական այն նպատակն է, որը հետապնդում է Թուրքիան՝ ամէն գնով լիարժէք տէր դառնալ Հարաւային Կովկասին: Այս տարածաշրջանում միայն Հայաստանի Հանրապետութիւնն է եւ Արցախի մնացած հատուածը, որտեղ Թուրքիայի ազդեցութիւնը չկայ, եւ նրանք այս պահին տեսնում են հնարաւորութիւն այն նոյնպէս դարձնելու թուրքական ազդեցութեան գօտի, որովհետեւ Ադրբեջանը լիովին թուրքական ազդեցութեան գօտի է, Վրաստանն էլ, կարելի է ասել մեծ մասամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցութեան գօտի է:
Սա է, կարելի է ասել բանակցային տրամաբանութիւնը, եւ պատահական չէ, որ մենք երկու կողմում էլ տեսնում ենք վստահութիւն, որ Հայաստանը չի դիմադրելու այս փորձերին, այս ճնշմանը, եւ համաձայնուելու է՝ հաշուի առնելով, որ ՀՀ քաղաքական ղեկավարութեան զգալի մասը խնդիր չի տեսնում սրա մէջ, այսինքն, համարում է, որ սրանով կը բացուի խաղաղութեան դարաշրջանը:
Դա ինքնախաբէութիւն է, որովհետեւ խնդիր չի դրուած թոյլ տալ Հայաստանին ունենալ քաղաքական որեւէ հզօրութիւն, կամ ինքնուրոյնութիւն որեւէ հարցում: Այս մասին է վկայում թուրք-ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակում հնչեցուած կոչերը, որ Հայաստանը չպէտք է բանակ ունենայ, զինուի, եւ ցանկացած նման քայլ կը դիտարկուի որպէս ոչ-բարեկամական եւ կ՛ունենայ համապարժէք պատասխան:
Սա հիմնական մոտիւն (շարժառիթը) է, որը շաղկապուած է նաեւ աշխարհաքաղաքական պայքարի հետ, այսինքն մենք տեսնում ենք, որ փորձ է արւում Ռուսաստանին, որ աւանդապէս Հարաւային Կովկասի գլխաւոր, խոշոր, ազդեցիկ դերակատարն է՝ դուրս մղել տարածաշրջանից: Եթէ Հայաստանը ու Ադրբեջանը, եւ Հայաստանը ու Թուրքիան կնքեն խաղաղութեան ինչ-որ համաձայնագիր, ապա յաջորդ քայլով, բնականաբար, հարց է դրուելու Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման նպատակայարմարութեան մասին, եւ շատ հաւանական է, որ ուկրաինական եւ վրացական սցենարներով (բեմագրութիւններով) Հայաստանից հեռացուեն ռազմավարական դաշնակցի ուժերը, եւ այդ դէպքում, Հայաստանն ընդհանրապէս Թուրքական ճնշմանը դիմակայելու որեւէ միջոց չի ունենայ:
Սա է տրամաբանութիւնը, եւ սրա ֆոնին են ընթանում Հայաստանի արտգործնախարարի, յատուկ բանագնացի ինչ-որ բանակցութիւններ, որոնք խորքում իրականում, բուն բանակցութիւն չեն, այլ, աւելի շատ հաղորդակցութիւնների փոխանակում է՝ ՀՀ դէ ֆակտօ ղեկավարի եւ թուրքական կողմերի միջեւ: Այսինքն, եթէ բանակցութիւն լինէր՝ դիւանագիտական, փոխադարձ զիջումներով, եւ այլն, ապա մենք ականատես կը լինէինք ոչ թէ ոչ-արհեստավարժ մէկի որպէս Հայաստանի ներկայացուցիչ, այլ կը տեսնէինք բանակցային գործից հասկացող, արհեստավարժ դիւանագէտի, ով մանրամասներ կը քննարկէր: Իրականում, մենք ականատես ենք, որ այստեղ էականը համաձայնեցուած սկզ-բունքներն են, որովհետեւ Հայաստանն ասել է այո այն նախապայմաններին, որոնք առաջադրուած են՝ նշելով, որ դրանք ընդունելի են: Հետեւաբար, չենք տեսնելու փոխադարձութեան հիման վրայ ստեղծուած փաստաթուղթ, փոխզիջումային տարբերակ, որովհետեւ դա լինելու է թուրքական պայմաններով գործընթաց, եւ դրա հիման վրայ ստորագրուած իրաւական փաստաթուղթ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կը խնդրէի մանրամասնել թուրք-ադրբեջանական նախապայմանները, որոնք պարտադրւում են Հայաստանին:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Հիմնականում այդ նախապայմանները հետեւեալն են՝ Հայաստանը ճանաչում է թէ՛ Ադրբեջանի, թէ՛ Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը, ինչն առաջին հերթին նշանակում է, որ իրաւական առումով Հայաստանի Հանրապետութիւնը հրաժարւում է Արցախից: Երկրորդ, խօսք է գնում բարիդրացիականութեան միջավայրի ստեղծման մասին, որը ենթադրում է, որ Հայաստանը չպէտք է ունենայ զինուած ուժեր, եթէ այլեւս խնդիր չունի հարեւանների հետ: Երրորդը՝ Հայաստանը բացում է հաղորդակցութեան ուղիները: Սա եւս պատմական խեղաթիւրում է, որովհետեւ Հայաստանը չի փակել հաղորդակցութիւնը, չի շրջափակել Թուրքիային, Ադրբեջանին: Թուրքիան եւ Ադրբեջանն են տնտեսական շրջափակում իրականացնում մինչեւ այս պահը Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ: Այսինքն, մեզ ասում են պիտի բացէք, բայց իրականում իրենք են փակ պահում, եւ իրենք էլ կը բացեն միայն այն, ինչն իրենց է պէտք: Այսինքն, օրինակ, խօսք չկայ Գիւմրի-Կարս երկաթուղու մասին, որը կարող է տեսականօրէն որոշակի համեստ տնտեսական հնարաւորութիւններ ընձեռել Հայաստանին: Փոխարէնը, խօսք կայ, որ պէտք է Հայաստանը ֆինանսական միջոցներ տրամադրի վերանորոգելու Սիւնիքի հարաւում գտնուող երկաթգիծը, որպէսզի Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանան երկաթուղային կապ ունենալ: Այդ նախագծի վրայ Հայաստանը նախատեսւում է, որ կը ծախսի աւելի քան 250 միլիոն դոլար եւ այն որեւէ տնտեսական եկամուտ չի ապահովի մեր համար: Այս մասին խօսում են բոլոր տնտեսագէտները, փորձագէտները եւ ՀՀ կառավարութիւնն էլ չի ներկայացնում որեւէ հաշուարկ, որ կ՛ապացուցի, որ դա եկամտաբեր է լինելու:
Միւս նախապայմանն այն է, որ Հայաստանը հրաժարւում է արտաքին քաղաքական իր կարեւոր գործիքակազմերից, այն է՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցից: Ըստ թուրքական որակաւորման, դա ռեւանշիստական գիծ է, այսինքն, մենք պէտք է հրաժարուենք ազգային ցանկացած նախագծից, որը կարող է նպաստել ազգային արժէքների համար հանրային, Սփիւռքի կառոյցների զօրաշարժի: Եւ վերջապէս, Հայաստանը պէտք է իր այսպէս կոչուած միջազգային ճանաչուած տարածքից զատ, այլ տարածքի հանդէպ յաւակնութիւն չունենայ, ինչը նշանակում է, որ փորձում են մեր պետութեանը սահմանափակել այն արհեստական սահմանների մէջ, որոնք չեն արտայայտում համահայկական շահերը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի գոյութեանն ուղղուած սպառնալիքների այս փուլում միակ լուծումը համազգային ուժերի համախմբուած պայքարն է: Ըստ ձեզ՝ կա՞յ դիմադրութեան ներուժ Հայաստանում եւ Սփիւռքում:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Անշուշտ կայ, որովհետեւ այս պարագայում ամենամեծ ռեսուրսը (միջոցը) մարդիկ են, եւ Հայաստանի Հանրապետութիւնը կանգնած է գոյութենական սպառնալիքի առջեւ:
Մենք Սարդարապատում տեսել ենք, երբ ռեսուրսների սահմանափակութեան պայմաններում եթէ կայ յստակ նպատակ, դա բաւարար է կանգնեցնելու քո ուժերին մի քանի անգամ գերազանցող, կամ կանոնաւոր բանակի: Մեր օրերում կայ ամենակարեւորը՝ մեծամասնութեան գիտակցում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը սպառնալիք են. Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան մեծամասնութիւնը հասկանում են, որ դիմակայելու միակ ձեւը ռազմական դիմադրութիւնն է, եւ պետական անվտանգային համակարգի ուժեղացումը: Ցաւօք, ՀՀ դէ ֆակտօ կառավարութիւնը մանիպուլացնում (ձեռնավարութիւն կը բանեցնէ) է պատերազմից հանրութեան վախը, որ բնական վախ է, եւ ասում է, որ եթէ մենք չանենք այն ինչ ասում են Թուրքիան եւ Ադրբեջանը՝ լինելու է պատերազմ:
Իրականում, իրավիճակը ճիշդ հակառակն է՝ եթէ մենք անենք այն ինչ ասում են Թուրքիան ու Ադրբեջանը, մենք ստանալու ենք նոր աւելի վատթար պայմաններ, պարտադրուած մի իրականութիւն, որտեղ օրինակ կ՛ասեն՝ Սիւնիքն էլ հայկական հող չի, թուրքական է, եւ արդէն ասում են: Յաջորդ փուլում դրուելու են այս հարցերը, որ Սիւնիքում պէտք է լինի թուրքական համայնք, որը պէտք է ունենայ տեղական ինքնակառավարման մարմին, եւ այլն:
Այս մեխանիզմները յայտնի են, որովհետեւ մենք տեսել ենք, թէ ինչպէս է Թուրքիան նոյն կերպ վարւում Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, եւ այլն: Նման պայմաններում, նշանակում է, որ անխուսափելիօրէն գալու է մի կէտ, երբ ստիպուած ենք լինելու այդ թւում նաեւ զէնքով պաշտպանել մեր սեփական իրաւունքներ, եթէ չենք ցանկանում նորից ցեղասպանուել կամ արտագաղթել ամբողջ ազգով Հայաստանից: Որքան ուշ լինի այդ դիմադրութիւնը, այնքան աւելի բարդ է լինելու, դիմադրութեան պաշարները նուազելու են:
Հետեւաբար, պարզ մանիպուլեացուիա է այս պահին ասել, որ եթէ մենք չանենք, այն ինչ ուզում են Թուրքիան ու Ադրբեջանը՝ լինելու է պատերազմ: Պատերազմն անխուսափելի է, սակայն եթէ հիմա մենք փոխենք մեր դիրքորոշումը, համախմբենք ազգային ռեսուրսները, այդ թւում՝ դիւանագիտական, ռազմական, համազգային, այդ պարագայում, հնարաւոր է, որ նուազեցնենք պատերազմի հնարաւորութիւնը, այլ ոչ թէ հակառակը: Աւելին ասեմ, եթէ Հայաստանը դիմադրութիւն ցուցաբերի, մեր դաշնակիցները կը տեսնեն, որ իմաստ կայ այդ դիմադրութեանը օժանդակելու, որովհետեւ ոչ մի երկիր, ոչ մի մարդ ներդրում չի անում մի բանի մէջ, որը դատապարտուած է կորստեան: Եթէ Հայաստանը չի պաշտպանում սեփական շահերը, ապա դժուար գտնուի մի երկիր, որը պատրաստ կը լինի դա անել Հայաստանի փոխարէն:
Հետեւաբար, մեր դիմադրութիւնը բերելու է յաւելեալ արդիւնքներ, որ այս պահին չի երեւում, այն է՝ հնարաւոր է ոչ միայն առկայ դաշնակիցների օժանդակութիւն, նաեւ՝ նոր հնարաւոր դաշնակիցների ձեռքբերում, որոնք կարող են ի դէմս Հայաստանի տեսնել թուրքակական նուաճողականութեանը դիմադրելու կարեւոր գործօն: Սա ի հարկէ, ենթադրում է հետեւողական, քրտնաջան աշխատանք, առանց որի հնարաւոր չի լինի յաղթահարել առկայ մարտահրաւէրները: Ամենաէականն այս պահին այն է, որ դիմադրութեան կազմակերպումը սկսուի մէկ օր շուտ: Այս ուղղութեամբ քայլեր պէտք է ձեռնարկուէին 2020 թուականի Նոյեմբերի 9ից յետոյ, բայց ունենք այն ինչ ունենք, եւ քանի դեռ անդառնալիութեան կէտը չենք անցել, եւ թուրքական զօրքը չի յայտնուել Երեւանում, իսկ դրա հաւանականութիւնն այս պահին բաւական մեծ է, ՊԷՏ՛Ք Է ԳՈՐԾԵԼ:
asbarez.am/417517/հարցազրոյց-թուրքագէտ-վարուժան-գեղամ-2/