Այնթափի կորուսյալ հայերը՝ մի տան անցյալի հետքերում – ԿԻԼԻԿԻԱ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Church of the Virgin Mary in Antep at the beginning of the last century (Michel Pabudjian collection, Houshamadyan)

Այնթափի կորուսյալ հայերը՝ մի տան անցյալի հետքերում – ԿԻԼԻԿԻԱ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

2022/05/05 – ԿԻԼԻԿԻԱ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔԸ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՅՈՒՇԵՐ٫ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Ումիթ Քուրթ

Գույքի փոխանցումներն ավարտին հասցնելու համար պետությունը 1920-ական թվականներից սկսել է աճուրդներ կազմակերպել Գազիանթեփի (Այնթափ-Ակունքի խմբ) համայնքապետարանի և Գազիանթեփի ֆինանսների գրասենյակի միջոցով։ Չնայած աճուրդները մեծավ մասամբ ցուցադրական էին, ոմանց համար հեշտացնում էին ավարի յուրացումը՝ այս գործընթացը քողարկելով որպես պաշտոնական: 1930-1935 թվականներին այս, այսպես կոչված, առքուվաճառքի գործարքների մասին մինչև իսկ հայտարարվել է «Գազիանթեփ» թերթում։

Ես ծնվել եմ որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի՝ Գազիանթեփում, որը գտնվում է Եփրատ գետից 56 կմ դեպի արևմուտք և ներկայիս Թուրքիա-Սիրիա սահմանից 45 կմ հյուսիս, ու նախկինում հայտնի էր «Այնթափ» անունով: Որպես բազմալեզու ընտանիքում մեծացած, սակայն դպրոցում միայն թուրքերեն սովորած երեխա՝ ես «ճնշող ազգի» մոդելի կենդանի օրինակ էի. այս վիճակը շարունակվեց իմ ամբողջ կրթական կյանքում:

Հեղձուկ շոգից ճնշված, տանը անցկացրածս օրերից թմրած՝ մի օր արթնացա հեռախոսի ձայնից: Զանգողը հին ընկերներիցս մեկն էր. «Ու՞ր ես, Ումիթ: Ինչքա՞ն ժամանակ է՝ չենք հանդիպել: Քայաջըքում մի գեղեցիկ տեղ գիտեմ, արի հանդիպենք, գնանք այնտեղ»:

Չնայած Այնթափում ծնված-մեծացած և մինչև միջնակարգ կրթության ավարտը Այնթափը չլքած լինելուս, «Քայաջըք» բառն ինձ համար ոչինչ չէր նշանակում: Դա ուղղակի քաղաքի այն թաղամասերից մեկի անունն էր, որտեղ ես երբեք չէի եղել, որի մասին ոչինչ չգիտեի։

Ընկերս ասաց՝ «Հանդիպենք Պապիրուս սրճարանում» ու ուղղություն տվեց ինձ։ Քայաջըք գնացող քաղաքային ավտոբուս նստեցի։ Ավտոբուսից իջնելիս մթնոլորտը, որի մեջ ընկա, ինձ այնպես կախարդեց, որ խեղճ ընկերոջս սպասեցնելու հաշվին սկսեցի թափառել կողմնակի փողոցներով։ Ապշած էի. ինքս ինձ հարցնում էի՝ «Որտե՞ղ եմ, որտե՞ղ է այս վայրը»:

Երկու կողմից շարք-շարք քարե տներով, մարդու ավելի մաքուր հարաբերությունների ժամանակներ տանող մի նեղլիկ փողոցում էի: «Արդիականացված» Այնթափ ներխուժած բարձր, բետոնապատ բնակարանների միջև խցկված այս թաղամասը նման էր տեսիլքի՝ իր ավանդական ճարտարապետությամբ: Պարուրվել էի՝ ինձ չպատկանող անցյալի կարոտախտով:

Վերջապես գտա Պապիրուս սրճարանը, որ ավանդական շենքերից մեկում էր։ Փողոցի տների մեծ մասի պես՝ նա էլ էր քաղաքի «վերականգնման» ժամանակ վերածվել սրճարանի։ Երբ ներս մտա, շենքի հոյակապ դռան վերնամասում փորագրված մի քանի տառեր ինձ գրավեցին։ Մի գիր էր, որին ծանոթ չէի. մտածեցի, որ դա օսմաներեն է:

Ներսում ես մեկ անգամ ևս համրացա։ Լայն բակ, երկու կողմից աստիճաններով երկու մեծ սենյակ… Հնաոճ կահույք, Ֆլորենցիայի տաճարների առաստաղների նման որմնանկարներով ու գրչանկարներով զարդարված բարձր առաստաղներ… Ասես մի տեսակ պատմական ռենտգեն արած լինեի, ոտք դրած լինեի կենդանի մի թանգարան:

Հայրենի քաղաքիս և նախնիներիս հանդեպ հպարտությամբ լցված՝ որոշեցի խոսել սեփականատիրոջ հետ՝ շենքի անցյալի մասին ավելին իմանալու համար: Նպատակս վայրը գովաբանել սկսելն էր, սակայն ասացի՝ «Հետաքրքիր է, թե ումի՞ց եք գնել այս վայրը: Ձեզնից առաջ ո՞վ է եղել այստեղ»:

«Այստեղ հայեր են եղել»

Զգուշաբար ասաց, որ շենքը ժառանգել է պապից։ Ամեն դեպքում այն օրն այնտեղ սուրճս խմելս բավականին դժվար պիտի լիներ. հարցերովս մի քիչ շատ նեղեցի մարդուն. «Լա՛վ, իսկ ձեր պապը ումի՞ց է գնել»: Մի քիչ տատանվելուց հետո, առանց գլուխը բարձրացնելո,ւ շշնջալով ասաց՝ «Այստեղ հայեր են եղել»։ Զարմանքից մեկը մյուսի հետևից բերանիցս հարցեր էին դուրս թռչում. «Ի՞նչ հայ, ի՞նչ ես ասում, Գազիանթեփում հայե՞ր են եղել»։ Գլուխը թափահարելով՝ հաստատեց, սակայն նրա մութ պատասխանները սկսում էին ափերից հանել ինձ. այս անգամ հարցրի «Էէէ, լավ, բա ի՞նչ պատահեց այդ մարդկանց հետ։ Ո՞ւր են գնացել։». Անտարբեր կեցվածքով պատասխանեց. «Գնացել են»:

Ավտոբուսով տուն վերադառնալիս ճանապարհին մտքումս պտտվում էր այն հարցը, թե հայերը կամ որևէ մեկ ուրիշը ինչպե՞ս կարող էին լքել այդքան գեղեցիկ ունեցվածքը և թողնել ուրիշներին: Մի քիչ միամիտ էի՝ սեփական հայրենի քաղաքում հայերի գոյությանն անտեղյակ 22-ամյա համալսարանավարտ անգրագետ…

Մի քանի տարի անց իմացա, որ տունը պատկանել է Իրանի պատվավոր հյուպատոս Նազար Նազարեթյանին՝ Անթեփի ամենահարուստ և նշանավոր ընտանիքներից մեկի անդամին, որ նախկինում նա իր որդիների ու թոռների հետ ապրել է այս տանը։ Այդ տառերը օսմաներեն չէին, հայերեն էին. դռան վերևում գրված է եղել տունը կառուցած Քարա Նազար աղայի ազգանունը։ Տարիներ անց նաև բախտ կունենայի հանդիպել Շուշանին՝ ընտանիքի ամենափոքր անդամին։ Տիկին Շուշանը, ում տատիկը տեղահանվել էր 1915 թ․ Հայոց ցեղասպանության ընթացքում, երբ նա ընդամենը 1 տարեկան է եղել, սիրալիր լինելով ինձ հետ խոսելու էր Այնթափի առոգանությամբ թուրքերենով։

Այդ շենքն ինձ համար արդեն Պապիրուս սրճարանը չէ, դա Քարա Նազար աղայի՝ Նազարեթյանների տունն է, այն տունը, որտեղ ծնվել է Շուշան տատը։ Մի ասացվաք կա՝ «Մալի տերը, մուլքի տերը, ո՞վ է դրա առաջին տե՞րը»: Այնթափի հայերը վտարվեցին իրենց տներից, թաղերից և քաղաքից, որտեղ նրանք ծնվել և մեծացել են: Նրանց նյութական և անշարժ գույքը ուրիշի ձեռք է անցել ու վերածվել է ուրիշ վայրի: Օտարման և հայերի ունեզրկման ամբողջ գործընթացով ձևավորվեց այն միատարր թուրքական քաղաքը, որտեղ անցավ մանկությունս: Այսօրվա ունևոր ընտանիքների կարողությունները ձեռք են բերվել հայերին թալանելով, և շատ դեպքերում հարեւաններին սպանելով։ Եվ քարին փորագրված և արյամբ գրված այս անբարոյական գործարքը ձևավորեց թուրք հասարակության՝ բնավ առողջ չհամարվող հիմքերը:

«Յուրաքանչյուրը երկուական վերցնեն»

1921-1922 թվականների թուրք-ֆրանսիական պատերազմից հետո, որը հայտնի է նաև որպես Այնթափի պատերազմ, մի գզիր քաղաքում շրջելով՝ հայտարարեց, որ պատերազմին մասնակցած մարդկանց կանչել են Թուզ խան։ Այնթափի նշանավոր մարդկանցից շատերը, այդ թվում Ալի Բեշեն, ընդունեցին հրավերը։ Մի մարդ, եկողներին ասաց, որ զույգ-զույգ ներս մտնեն, և պատշաճ կերպով հերթ կանգնեն։ Երբ հերթը հասնում է Բեշեին, ներս է մտնում և տեսնում գորգի վրա դրված մի քանի բանալի։ Պաշտոնյան հրամայական տոնով ասում է՝ «Յուրաքանչյուր ոք թող երկուական վերցնի»: Գորգի վրա կային նաև մեդալիոններ։ Բեշեն նայելով ասում է,- «Մի՞թե սրա համար մենք փրկեցինք Այնթափը։ Երկու բանալու ու մի կտոր թիթեղի համա՞ր: Հաջողություն»,-ու դուրս գալիս։ Ըստ երեւույթին նա մտածում է, որ իր ջանքերի դիմաց ավելիին է արժանի։ Գորգի վրա լքված հայկական տների բանալիներն են։

Բեշեն շատ կարևոր դեր է խաղացել հայերի տեղահանության և նրանց ունեցվածքի զտման գործում։ Նա սերտ կապերի մեջ էր այն ժամանակվա օսմանյան կառավարությունը գլխավորող Միություն և առաջադիմություն կոմիտեի և Ստամբուլի քաղաքական վերնախավի հետ։ Նա նաև ձեռք է բերել Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի վստահությունը։ Իր ազդեցությունը պահպանել է պատերազմից հետո և հանրապետական ​​ժամանակաշրջանում։ Դեռևս սողեսող առաջ ընթացող ազգային պետությում,  Գազինաթեփում գործարար դասակարգի ձևավորման մեջ նրա ջանքերն էին առաջինը:

1922-1928 թթ․ հայկական տների մի մասն օգտագործվել է բարեգործական նպատակներով. պետության և Այնթափի քաղաքապետարանի կողմից դրանք անվճար բաժանվել են թուրք-ֆրանսիական պատերազմի ժամանակ իրենց տները կորցրած մահմեդական ընտանիքներին։ Մի այնթափցու հուշերի համաձայն, այս աղքատ ընտանիքներին տրվել են փոքր կամ անխնամ տներ։ 15 տարեկանում Այնթափից ստիպողաբար հեռացած և ընտանիքի հետ Հալեպում հաստատված Հարություն Նազարյանի հորը պատկանող տունը 1922 թ․ այս կերպ է փոխանցվել ուրիշի: Նազարյանն իր հուշերում այսպես է նկարագրում այդ դեպքը.

«Մեր՝ տնից բաժանվելուց առաջ, վաղ առավոտյան, մի պետական ​​ծառայող երկու կանանց հետ մեր բակ մտավ։ Տղամարդն ասաց. «Քանի որ դուք հեռանում եք Այնթափից, ու այս տիկնանց տներն էլ ավերվել են մարտերի և ռմբակոծությունների ժամանակ, և քանի որ պետական ու տեղական ղեկավարությունը թույլ է տվել ձեզ լքել Այնթափը, ձեր տանը և մյուս դատարկ տներում կտեղավորվեն ուրիշները»: Նաև հարցրեց, թե քանի սենյակ ունեին իրենց քանդված տները։ Այսպես մեր տունը գրանցվեց զբաղեցված տների ցանկում»։

Մնացած գույնքն էլ նորից բաժանվեց վերաբնակեցվող գաղթականների միջև: Պատերազմին հետևած մի քանի տարիների ընթացքում գաղթականներն ու փախստականները շարունակում էին վերաբնակվել հայկական լքված տներում և տարածքներում։ 1924 թ․ օգոստոսի 17-ին Փոխանակման, վերաշինման և վերաբնակեցման  բաժանմունքի կողմից Գազիանթեփի նահանգապետություն ուղարկված հեռագրում նշվում էր, որ նախկինում նահանգում բնակվում էր 19500 հայ, և որ այդ բնակչության՝ նահանգը լքելուց հետո մեծ թվով փախստականներ կարող են տեղավորվել նրանց տներում և տարածքներում, և հրամայվել է փախստականների ընտանիքներին տեղավորել նշված սեփականություններում՝ նրանց կարիքներին համապատասխան։ Հայերին պատկանող տարածքների ու բնակարանների բաժանումը մահմեդական գաղթականներին շարունակվել է մինչև 1928 թ․: Օրինակ՝ Կարսից գաղթած Հասան էֆենդիի՝ Գազիանթեփում բնակություն հաստատելու դիմումը Ներքին գործերի նախարարության կողմից ընդունվել է 1925 թ․ նոյեմբերի 3-ին, և նոյեմբերի 7-ին նահանգապետարանին հանձնարարություն է ուղարկվել, որ լքված գույքերից մեկը բնակության նպատակով տրամադրվի Հասան էֆենդիին և նրա ընտանիքին։

Կազմակերպվում են աճուրդներ

Թուրք-ֆրանսիական պատերազմից անմիջապես հետո տեղի նշանավոր մարդիկ անզսպությամբ թալանեցին հայկական մեծ տները։ Գարուջ Կարամանուկյանի առանձնատունը 1924 թ․ անցավ Ալի Ապիի ձեռքը: Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցած առանձնատունը 1985 թ․ գնվել և վերանորոգվել է այնթափցի գործարար Հասան Սյուզերի կողմից. ավելի ուշ այն նվիրվեց Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ որպես Հասան Սյուզերի ազգագրության թանգարան օգտագործելու պայմանով։

Իրավիճակից կարող էին օգտվել նաև պետական ​​մարմինների հետ կապեր ունեցող մարդիկ՝ օգտագործելով իրենց դիրքը։ Այնթափի կենտրոնական կոմիտեի անդամներ և Ազգային ուժերին ֆինանսավորող Ահմեդ Հուրշիդ բեյը և Նուրի Փաթփաթզադեն ձեռք գցեցին որոշ հայկական գույք: Ահմեթ Հուրշիդ բեյը ավելի ուշ սիմվոլիկ գումար է վճարում Փիրենյանի մեծ տան համար, որին նա տիրացել էր 1922 թ․: Իսկ Փաթփաթզադեն 1923 թ․ գնել է Հակոբ Պեզճյանի և Հարություն Աղյանի տները։

Գույքի փոխանցումներն ավարտին հասցնելու համար պետությունը 1920-ական թվականներից սկսել է աճուրդներ կազմակերպել Գազիանթեփի համայնքապետարանի և Գազիանթեփի ֆինանսների գրասենյակի միջոցով։ Չնայած աճուրդները մեծավ մասամբ ցուցադրական էին, ոմանց համար հեշտացնում էին ավարի յուրացումը՝ այս գործընթացը քողարկելով որպես պաշտոնական: 1930-1935 թթ․ այս, այսպես կոչված, առքուվաճառքի գործարքների մասին մինչև իսկ հայտարարվել է «Գազիանթեփ» թերթում։ Հայտարարություններում նշված էին գույքի քանակը, վաճառքի ամսաթիվը և ժամը, գույքի մոտավոր գտնվելու վայրը, տեսակը, արժեքը լիրայով և ամենակարևորը՝ նախկին սեփականատերը, սակայն գնորդների մասին որևէ տեղեկություն չէր տրամադրվել։ Այս աճուրդներում, օրինակ, 1934 թ․ Հաննա Քյուրքչույանի՝ 250 լիրա գնահատվող  հողատարածքը՝ 30 լիրայով, Ավետիս Նաջարյանի՝ 60 լիրա գնահատված հողատարածքը՝ 10 լիրայով, 1935-ին Զենոպ Պեզճյանի՝ 216 լիրա գնահատվող խանութը՝ 150 լիրայով, Աբրահամ Պապիկյանի խաղողի այգին, որի իրական արժեքը շատ ավելի բարձր էր, 15 լիրայով են վաճառվել։

Շրջանի երևելիներից որոշ մարդիկ համագործակցել են լքված անշարժ գույքի գինը իջեցնելու համար՝ թույլ տալով այսօրվա էլիտար ընտանիքներից շատերին դրանք գնել զավեշտալի գներով և ընդլայնել իրենց կարողությունը: Ուշագրավ է աճուրդով վաճառված գույքի գնորդներից մեկի՝ Դաիզադե Մահմուդի պատմությունը: Դաիզադե Մահմուդը, որը ծագում է Անթեփի հայտնի հարուստ ընտանիքներից մեկից, 1921-1924 թթ․ եղել է Գազիանթեփի առևտրի պալատի նախագահը: Նա գնել է Կարապետ Նազարեթյանին պատկանող տունը, որը Գազիանթեփի քաղաքապետարանը վաճառքի էր հանել 1923 թ․: Նազարեթյանն այն ժամանակ այլևս ողջ չէր, սակայն նրա դուստրերը, որոնք Իրանի քաղաքացիներ էին, Իրանի դեսպանատան միջոցով պաշտոնապես դեմ էին այս վաճառքին։ Սրա վերաբերյալ դեսպանությունը 1923 թ․ փետրվարի 5-ին բանավոր հարցում է ուղարկում Արտգործկոմիսարիատի Ստամբուլի մասնաճյուղ՝ վաճառքը դադարեցնելու համար։ Հարցումը, որում ասվում էր, որ վաճառքի գործընթացը հակասում է օրենքին, և որ գույքը պետք է վերադարձվի իրական տերերին, հետագայում փոխանցվել է Արտգործնախարարություն, սակայն՝ ապարդյուն։ Չնայած առարկությանը՝ վաճառքի գործարքն ավարտին է հասցվել:

Դաիզադե Մահմուդը, ով նախկինում աշխատել էր Նազարեթյանների ընտանիքի համար, դարձավ հարուստ վաճառական և ապրել է առանձնատանը մինչև 1965 թ․, երբ առանձնատունը, ժանդարմերիայի կայան օգտագործելու նպատակով, զինվորականներին նվիրաբերվեց։ Դաիզադե ընտանիքը 1967 թ․ զինվորականների կողմից ազատված տունը վաճառել է ներկայիս սեփականատիրոջը՝ մեծածախ վաճառքով զբաղվող և անշարժ գույքի գործակալ Աբդուլքադիր Քիմյազադեին (այսօր հայտնի է «Քիմյա» ազգանունով): Շենքը մինչև 1980-ականները օգտագործվել է որպես բնակելի շենք, պահեստ և չորանոց, 1990-ականներին այն Քիմյա ընտանիքի կողմից կիսավեր վիճակում տրվել է վարձով: Մինչև 2000-ականների առաջին տասնամյակի կեսեր հանրակացարան օգտագործվելուց հետո Քիմյա ընտանիքից ութ հոգու պատկանող այդ շենքում այժմ Պապիրուս սրճարանն է գտնվում:

Դաիզադե Մահմուդը Նազարեթյանի՝ Այնթափում գտնվող մյուս սեփականություններն էլ է գնել: Օրինակ՝ հետագայում «Büyük Pasaj» կոչված «Քարա Նազար» խանը, որը և մինչ օրս գտնվում է քաղաքի կենտրոնում, որպես պետական ​​սեփականություն փոխանցվեց Գազիանթեփի եկամուտների վարչությանը և իր անվանական արժեքով վաճառվեց Մահմուդ Դաիզադեին։ Մի քանի տարի անց, 1934 թ․ կայացած աճուրդում Մահմուդ Դաիզադեի որդին՝ Իհսան Դային, գնեց Սարգիս Քրաչյանի՝ քաղաքի հայ բնակչության առաջատար դեմքերից մեկի տունը։ Դոկտ. Ավետիս Ջեբեջյանին պատկանող տան սեփականությանը տիրացել է Այնթափի ամենահարուստ արդյունաբերողների՝ Քոնուքօղուլլար ընտանիքը։ Տունը, որը ընտանիքը 2011 թ․ նվիրաբերել է Գազիանթեփի քաղաքապետարանին, երկու տարի անց հանրության առջև բացվել է որպես Գազիանթեփի Աթաթյուրքի հիշատակի թանգարան։ Նազարեթյանների տներից մեկը 1989 թ․ սկսել է օգտագործվել որպես Քոնուքօղլու հիմնադրամ։ Այսօր «Anadolu Evleri» անվամբ ծառայություններ մատուցող բուտիկ հյուրանոցը, մինչև 1915 թ․ պատկանել է Հակոբ Ասլանյանի ընտանիքին։

Ի՞նչ պատահեց Աթանական դպրոցին

Մեկ այլ օրինակ ևս, Աթանական դպրոցի և Սուրբ Պետրոսի (երկրորդ կաթոլիկ) եկեղեցու շենքերը, որոնք փոխանցվել են Ազգային գույքին այն բանից հետո, երբ հայերը ստիպված են եղել լքել քաղաքը։ Այս շենքերը Աթաթյուրքի հատուկ հրամանով 1933-ին պետք է վերածվեին Վելիչի շերամապահության և գործվածքի գործարանի և տրվեին այնթափցի երիտասարդ Ջեմիլ Ալեւլիին` քաղաքում ձեռնարկատիրական և կապիտալիստական ​​դասակարգ ստեղծելու նրա ջանքերի դիմաց:

Ալևլին, որի «սոցիալական կապիտալը» արևմտյան կրթությունն էր, իսկ «ռիսկային կապիտալիստը»՝ Աթաթյուրքը, դարձավ Այնթափի ամենամեծ տեքստիլ արտադրողը հանրապետական ​​ժամանակաշրջանում: Նա չէր թաքցնում, որ տեքստիլ գործը սովորել է հայերից, և ասում. «Մանկուց դպրոց գնալ-գալիս տեսնում էի, թե ինչպես են մեր թաղի հայերը ժամերով ջուլհակի դազգահի մոտ աշխատում։ Ինձ հիացնում էր, թե ինչպես էին հայ ջուլհակները միավորում կարմիր, դեղին, կանաչ, կապույտ և սպիտակ թելերի տարբեր երանգները՝ ստեղծելով հոյակապ գործվածքներ»։

Գազիանթեփում որպես տեքստիլ արդյունաբերության հիմնադիր հայտնի Ալեւլին հետագայում միացավ ԺՀԿ-ին և 1941-1946 թթ․ պաշտոնավարեց որպես կուսակցության՝ Գազիանթեփ նահանգի ղեկավար: Դրանից բացի, 1946-1950 թթ․ նա խորհրդարանում պաշտոնավարել է որպես ԺՀԿ-ի պատգամավոր։ 2008 թ․ գործարանի վերականգնումից հետո այն պաշտոնապես կոչվեց Օմեր Էրսոյի մշակութային կենտրոն։ Օմեր և Մահմութ Էրսոյ եղբայրները հայերի թողած շենքերը ևս ձեռք գցելով, Թեփեբաշ թաղամասում, որտեղ նախկինում հայեր էին ապրում, «Yüzbaşızâdeler Mahmut ve Ömer Mensucat» անունով բրդի գործարան հիմնեցին և 1927 թ․ արտադրություն սկսեցին։

Անյթափում ծնված-մեծացած և քաղաքի պատմությունն ուսումնասիրած մեկը լինելով՝ ես քաջատեղյակ եմ իրենց նախկին հարևանների՝ մահմեդականների կողմից հայերի ֆիզիկական և նյութական բնաջնջման հետևանքների մասին: Իմ պատմածը տեղական պատմությունից զատ կարող է պատկերացում տալ Հայոց ցեղասպանության պատմության մասին ընդհանրապես։ Վերապրած հայերի՝ իրենց կյանքի, մշակույթի, ունեցվածքի և սոցիալական կարգավիճակի վրա կատարված հարձակումների հետևանքով կրած ցնցումներն ու ցավը չեն երևում արխիվների նամակներում, հեռագրերում և ունեցվածքի ցուցակներում։ Իրենց նախկին հարեւանների եսամոլական, անբարոյական «հիմքերով» պատճառած անհատուցելի վերքերը հարյուր տարուց ավել է՝ դեռ արյունահոսում են։

(Պատմաբան Ումիթ Քուրթի այս հոդվածն առաջին անգամ հրապարակվել է 2021 թվի դեկտեմբերի 23-ին «New Lines Magazine» առցանց ամսագրում։ Անգլերենից թուրքերեն թարգմանեց Ալթուղ Յըլմազը):

https://www.agos.com.tr/tr/yazi/27008/bir-evin-gecmisinin-izinde-antepin-kayip-ermenileri

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail