Թուրք վերլուծաբան. Այդ հայերը և հրեաները – Թուրքական իշխանամետ «Diriliş Postası»
05 Մայիս 2022 – ՅՕԴՈՒԱԾ:
Թուրք վերլուծաբան. Այդ հայերը և հրեաները
Թուրքական իշխանամետ «Diriliş Postası» լրատվամիջոցի վերլուծաբան Ռամազան Յաշարը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է հայերի ու հրեաների համաշխարհային առանձնահատկությանը։
«Թուրքական քաղաքականության հայկական պաշարումը» հոդվածում հեղինակը նշում է, որ արևմտյան աշխարհում երկու ժողովուրդ կա, որոնք անձեռնմխելի են, դրանք հայերն են ու հրեաները։
«Հրեաների մասին թեկուզև ճիշտ, բայց ինչ-որ բացասական բան ասելը կամ գրելը, չափազանց ռիսկային է։ Հայերի դեպքում՝ ևս։ Ուզենք թե չուզենք աշխարհը գերի վերցրած հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները նկատվում են նաև Թուրքիայում»,- գրում է Ռամազան Յաշարը։
Նրա կարծիքով՝ իրականում ո՛չ թուրքական պետության քաղաքականությունը, ո՛չ էլ թուրք ժողովուրդը խնդիր չունեն հրեաների կամ հայերի հետ։ Բայց օրինակ՝ Իսրայելի կողմից «պաղեստինյան հողերի օկուպացումը և այնտեղ մուսուլմանների հալածանքները», կամ Հայաստանի կողմից իբր «ադրբեջանական հողերի օկուպացումը» և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հայկական սփյուռքի լոբբինգը, խնդիրներ են առաջացնում։ Դրա համար էլ Թուրքիան վերջերս խիստ դիրքորոշում է որդեգրել հայկական ու հրեական սփյուռքի լոբբիստական ուժերի դեմ։
Թուրք վերլուծաբանը փորձում է տարբեր հանգամանքների և ենթադրյալ փաստերի համադրում անել՝ հղելով հետևյալ հարցադրումը.
«Ինչո՞ւ է հրեական ծագումով Սորոսը ֆինանսավորում Էրդողանին, ում ասում են, որ «ցանկանում է Թուքրիայում վերակենդանացնել օսմանցիներին»։ Եվ ինչո՞ւ է նույն Սորոսը ֆինանսավորում նաև Էրդողանի կառավարությունը տապալել ձգտող Օսման Քավալային, ով ասում են, որ ծագումով հայ է»։
Հիշեցնենք, որ օրերս Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը գործարար և հասարակական գործիչ Օսման Քավալային դատապարտեց ցմահ ազատազրկման՝ «Թուրքիայի կառավարությունը տապալելու կամ դրա գործունեությունը խոչընդոտելու փորձի» մեղադրանքով։
Ռամազան Յաշարն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ընդդիմադիր ուժերը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», (ԺՀԿ-CHP) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) և ազգայնական «Լավ» կուսակցությունը անթաքույց ատելություն ունեն Թուրքիայի oսմանյան անցյալի հանդեպ, հատկապես՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի նկատմամբ։
«Մի՞թե նրանց՝ «ԺՀԿ», «ԺԴՄ» և «Լավ» կուսակցությունների թշնամանքը Աբդուլ Համիդի հանդեպ սնվել հայկական մտածելակերպից և ատելությունից։ Ո՞րն է այդ կուսակցությունների ղեկավարների ելույթների կատաղի ատելության և ատելության աղբյուրը։ Ինչո՞ւ է նրանց բոլորի «կարմիր գիծը» դարձել Օսման Քավալան»։
Ամփոփելով իր դժգոհությունն ընդդիմադիր ուժերից և ակնարկելով հայկական ստվերային ազդեցությունը՝ թուրք վերլուծաբանն իր ընթերցողների դատին է հանձնում հետևյալ եզրակացությունը.
«Տեղյա՞կ եք, որ արտաքին պաշարումից բացի մենք արդեն նաև ներսից ենք պաշարված»։
Աղբյուր` Diriliş Postası Gazetesi
ermenihaber.am/am/news/2022/05/05/Թուրք-հայեր-հրեաներ/230556