Պատերազմներ. անցում դեպի 20-րդ դար – Առաջին մաս – Արծրուն Հովհաննիսյան
05 ՄԱՅԻՍ 2022 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ – ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ:
Արծրուն Հովհաննիսյան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը:
Ընթերցողների հարմարության համար աշխատությունը բաժանված է 14 մասի:
«Հարգելի ընթերցող, ձեր դատին ենք ներկայցնում 20-րդ դարի պատերազմների մասին իմ աշխատության մի մասը: Ուսումնասիրությունն առնչվում է համաշխարհային ռազմի պատմությանը եւ դրանում հայերի դերակատարությանը: Ուսումնասիրությունը զուտ գիտական չէ, այն ունի նաև որոշակի զգացմունքային ֆոն: Բարձրացված հարցերի և տրված պատասխանների մասով ձեր մոտ կարող են լինել անհամաձայնություններ, ինչի համար ձեր ներողամտությունն ենք հայցում: Շնորհակալություն եմ հայտնում Մեդիամաքսին նշված հնարավորության համար», – նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Դեռեւս XIX դարի առաջին կեսին եվրոպական դաշտերը գտնվում էին հեղափոխական կորսիկացու` Ն. Բոնապարտի ոտքերի տակ: Նրա բանակները հյուսիսից հարավ, արեւմուտքից արեւելք հաղթանակներ էին տանում եւ անգամ պարտվելով` բոլորին սովորեցնում ռազմական գործի նոր գաղտնիքները: Նապոլեոնի բանակը, սակայն, այդ տարիներին հաղթանակներ էր տանում ռազմական գործում իրենց վերջին շունչն ապրող զենքերով` սուր, մուշկետ, հարթափող հրետանի եւ այլն: Մեծ կորսիկացու մահից ընդամենը կես դար հետո աշխարհում ռազմական հեղափոխություն տեղի ունեցավ. հեղափոխություն, որը սկիզբ էր առել հենց ֆրանսիայից: Այդ հեղափոխությունն իհարկե առաջին հերթին կապված էր նոր տեսակի մարդու` ազատ մարդու, ազատ քաղաքացու, հեղափոխություն կատարած մարդու հետ: Սակայն ռազմական գիտությունն այդ ազդեցության տակ կրեց զգալի փոփոխություն: Ասում են՝ պարտված կողմն ավելի արագ է դասեր քաղում, հենց այս օրինաչափությամբ էլ Բոնապարտից հաճախ պարտվող գերմանական պետություններն ու բանակները հանձն առան նոր որակի ու մակարդակի ռազմական գիտության ստեղծմանը:
Նոր տիպի զենքերի ու մարտավարության փոփոխման համար կարեւոր դեր խաղաց նաեւ Ղրիմի կամ Արեւելյան պատերազմը (1853-1855թթ.): Փորձը ցույց տվեց, որ ակոսավոր հրազենի ի հայտ գալը եւ հրետանու կրակի կենտրոնացման լայնորեն կիրառումը շարասյուները դարձնում են խոցելի թիրախներ: Այդ պատճառով 1854թ. սեպտեմբերի 20-ին Ալմայի ճակատամարտում անգլո-ֆրանսիական հետեւակի ակոսավոր շտուցերների կրակի տակ ռուսական զորքը տարե-րայնորեն ցրվեց` թաքնվելով տեղանքի ծալքերի հետեւում եւ փորձելով դեպի հակառակորդի դիրքերը շարժվել շղթայով: Այս մարտավարական հնարքը կանխամտածված օգտագործվեց 1854թ. նոյեմբերի 5-ին Ինկերմանի ճակատամարտում: Ղրիմի պատերազմում ի հայտ եկած նորամուծությունները սակայն հիմնարար չէին եւ դեռ մշակման կարիք ունեին:
XIX դարի երկրորդ կեսին տեղի ունեցած ամերիկյան քաղաքացիական պատերազմը (1861-1865թթ.) ավելի շատ բան փոխեց ռազմական գործում: Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ սկզբում հիմնականում սիրողական մակարդակի բանակներն ու ղեկավարությունը գտնվում էին Բոնապարտի ազդեցության տակ: Սակայն ժամանակի հետ փորձ ձեռք բերեց տեխնիկական զարգացվածության հիմքը` հատկապես հյուսիսում, ինչպես նաեւ պրուսական ռազմական դպրոցի մեծ ազդեցությունը: Պատերազմի ժամանակ ամերիկյան բանակում հայտնվել էին ոչ միայն այդ պահին ամենաառաջատար ռազմական գիտությունը կրող գերմանացի սպաներ, այլեւ ամբողջական գնդեր, իսկ պատերազմի ավարտին` նաեւ ամբողջական կորպուս: Այս պատերազմում առաջին անգամ երկաթգծով զորքերի զորաշարժ կատարվեց, ինչի շնորհիվ հարավային կողմը 1861թ. հուլիսի 19-ին հաղթեց առաջին ճակատամարտում: Հետագայում այն որոշիչ էր զորաբանակների խուսավարման համար: Ամերիկյան բանակներն այս տարիներին ստացան բազմալիցք հրացաններ, արդիական ատրճանակներ, փակաղակով հրանոթներ եւ այլն: Այս պատերազմը նաեւ առաջին պատերազմն էր, որը շարժանկար ունեցավ, այսինքն` ֆիլմ:
Սա, ըստ էության, արդյունաբերական դարաշրջանի առաջին պատերազմն էր: Այս պատերազմում առաջին անգամ կիրառվեցին օդապարիկներ, գնդացիրներ, ակոսափող հրետանի, զրահանավեր եւ այլն: Դրանք նորամուծություններ էին, որոնք հետագայում մեծ կիրառություն կգտնեն առաջիկա հիսնամյակում աշխարհի այլ հատվածներում տեղի ունեցած պատերազմներում:
Դրանք, իհարկե, կապված էին առաջատար պետությունների գիտակրթական եւ տնտեսական զարգացումների հետ: ԱՄՆ-ը, հաղթելով ստրկատիրությունը, այս հարցում միանգամից առաջընթաց գրանցեց եւ արդյունաբերական առաջընթացի հաշվին ռազմական գործում միանգամից բազում նորամուծություններ մտցրեց, նույնիսկ դարձավ դրանց արտահանողը: Եվրոպական շատ բանակներ այս պատերազմից հետո ձեռք բերեցին ամերիկյան սպառազինություն: Այդ թվում նաեւ Ռուսական կայսրության բանակը երկար ժամանակ զինված էր հենց ամերիկյան հրաձգային զենքերով: Զանգվածային զորահավաքային բանակները, նոր տեսակի զենքերն ու զինամթերքը միասնաբար հեղափոխեցին պատերազմական գործը: Մասնավորապես կարեւոր էին փողի հետեւի կողմից լիցքավորվող, փակաղակով, պողպատե, ակոսավոր փողով թնդանոթները, ակոսավոր ու ավտոմատ հրազենը եւ դրանց արագաձգությունը մեծացնելու հնարավորություն տվող միասնական, մետաղե պարկուճով փամփուշտը, ինչպես նաեւ գրեթե նույն սկզբունքով ստեղծված հրետանային զինամթերքը: Նույն ժամանակ չափազանց մեծ դեր խաղացին նաեւ ռադիոկապը, շոգեշարժիչը, ներքին այրման շարժիչը, օդապարիկներն ու դրանց փոխարինած օդանավերը եւ այլն:
1866թ. պատերազմում, որը երբեմն անվանում են ավստրա-պրուսա-իտալական, երբեմն էլ` գերմանական պատերազմ, ռազմական գործը մեծ առաջընթաց արձանագրեց զորքերի կառավարման ու մեծ զորամիավորումների համաձայնեցված գործողությունների առումով: Այս պատերազմում սկիզբ դրվեց գերմանական ապագա կայծակնային հաղթանակներին, որոնք աշխարհը պիտի ցնցեին: Այստեղից սկսվեց գերմանական ռազմական մտքի համաշխարհային նոր վերելքը՝ նապոլեոնյան սինթեզը, որը ռազմական գործը դրել էր գիտական ամուր հիմքերի վրա: Ռազմական գործը հաստատապես իմացավ, թե ինչ է գլխավոր շտաբը, օպերատիվ միտքն ու պլանավորումը, խոշոր զորամիավորումների համաձայնեցված գործողությունները թատերաբեմերի վրա, զորքերի կառավարման ու ապահովման բազմում հարցեր, նոր տեսակի զենքերը, բազում մարտավարական նորամուծություններ եւ այլն:
Գերմանական ռազմական նոր համակարգը կրթական, պլանավորման ու կառավարման թեւերով սեփական առավելությունները ցույց տվեց 1870-1871թթ. ֆրանս-պրուսական եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ:
Մարտադաշտում մարտավարական առումով սկսեցին կիրառվել վազքն ու ինքնուրույն խրամատավորումը: Պաշտպանության ժամանակ փորվում էին խրամատներ ու խրամուղիներ: Սա իրավիճակային լուծում էր, որը, ցավոք, կանոնադրությունների տեսքով հիմնարար ամրապնդում չունեցավ: Այս եւ հաջորդող փոքրամասշտաբ պատերազմներում տեղի էին ունենում մարտավարության տարրերի արագ փոփոխություններ:
Ամերիկյան բանակն իր հաստատուն քայլերն էր անում արդեն: Իսպանա-ամերիկյան (1898թ.) պատերազմի ժամանակ ծովամարտերում կիրառվեցին առաջին շոգենավերը: Ամերիկյան կողմը տեխնիկական ընդգծված առավելություն ուներ իսպանական կողմի նկատմամբ: Սա, ըստ էության, ԱՄՆ համաշխարհային կայսրության առաջին հավակնությունների նոր ցուցադրումն էր:
Ռուս-ճապոնական (1904-1905թթ.) պատերազմը բերեց ականանետների, փակ կրակային դիրքերից կրակի, թեւանցումների եւ շրջանցումների լայն կիրառությանը, գնդացիրների ազդեցությանը մարտավարության վրա (Մուկդենյան ռազմական գործողության ժամանակ ռուսական բանակը ճապոնականից լինելով լինելով թվաքանակով ավելի` մոտավորապես 20%-ով, ուներ չորս անգամ քիչ գնդացիր): Պատերազմում առանձին ռազմական գործողությունների իրականացման նոր, զանգվածային փորձեր եղան: Սա ճապոնական կայսրության առաջին համաշխարհային հավակնություններն էին: Որոշ մասնագետներ հենց այս պատերազմն են անվանում ԱՀՊ-ի փորձարկում: Եվ դրանում կա որոշակի ճշմարտություն:
Ահա այսպես, մարդկության զարգացման այս փուլում` 1860-ից մինչեւ 20-րդ դարի սկիզբը, ռազմական գործն աննախադեպ զարգացում ունեցավ: Դրանում հիմնական դերը խաղաց մարդու կրթական ու արդյունաբերական զարգացումը: Եվ եթե նորագույն միջոցների ներդրման հետ մեկտեղ ամերիկյան բանակները մարտավարապես այնքան էլ գրագետ չէին գործում, քանի որ առաջին անգամ էին դրանք կիրառում, իսկ գերմանական զորքերը կամաց-կամաց շրջանառում էին օպերատիվ արվեստի նորությունները, ապա ճապոնական բանակը ռուսական բանակի դեմ կիրառեց այդ ամենի հղկված ու գրագետ առաջին տարբերակը: Հատկապես տպավորիչ էր Ցուսիմյան ծովամարտը, որտեղ ճապոնական առաջադեմ նավատորմը ջախջախիչ պարտության մատնեց ռուսներին:
1901թ. դրությամբ Մեծ Բրիտանիան շարունակում էր լինել առաջին կայսրությունն աշխարհում Ավստրո-Հունգարիան եւ Ռուսաստանը թուլանում էին, իսկ Գերմանիան միավորումից հետո աննախադեպ զարգացում էր ապահովում եւ համառորեն փորձում գերազանցել Մեծ Բրիտանիային: Մեծ քայլերով առաջ էր գալիս նաեւ ԱՄՆ-ը, որի ՀՆԱ-ն եւս մոտենում էր Մեծ Բրիտանիային: Բոլոր հզոր կայսրություններն արագորեն փորձում էին արդյունաբերական այդ նորամուծությունները կիրառել իրենց բանակներում, իսկ բանակները վերակառուցել այնպես, որ կարողանան այդ ամենը գրագետ կիրառել: Բոլոր երկրներում ակտիվորեն բանակները մեծանում ու զինվում էին, ստեղծվում էին նոր տեսակի շտաբներ, եւ իրականացվում էր պլանավորում:
Արծրուն Հովհաննիսյան
Շարունակելի
Մաս Առաջին