ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քյոլնում Հայոց Ցեղասպանության հուշարձանը քանդել են Թուրքիայի հետ ՀՀ իշխանության սիրախաղի պատճառով․ Սաղաթելյան
7 Մայիսի 2022 – Քաղաքական
Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը քանդելու երևույթին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Այն իշխանությունը, ով սիրախաղ է սկսել Թուրքիայի հետ, ով հրաժարվել է մեր անժամանցելի իրավունքների պաշտպանությունից, պատասխանը սա է լինելու՝ ասաց նա։
Սա մի հանցավոր գործընթաց է, նշեց Սաղաթելյանը, որ սրանց մնալու պարագայում շարունակվելու է։
«Հարյուր տարուց ավելի մեր ժողովուրդը զրկանքների, պայքարի, համահայկական պահանջատիրության գնով Ցեղասպանության միջազգային երթը շարունակել է ամբողջ աշխարհում։ Բազմաթիվ պետություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, դատապարտել դա, բայց այսօրվա իշխանության քաղաքականության հետևանքով աշխարհում սկսվում է նոր պրոցես, որը պետք է կանխել։ Մեկ անգամ ևս այս հրապարակից ասեմ՝ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ հայ ժողովրդի կամքն այստեղ է՝ Ֆրանսիայի հրապարակում, Ցեղասպանության միջազգային դատապարտումը այլընտրանք չունի»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Այսօր ավտոերթով Վանաձոր գնալուց ու այնտեղ հանրահավաք անցկացնելուց հետո Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ մարզերի բնակչության դժգոհությանը համայնքների խոշորացումից։
«Սրանց դուրս վռնդելուց հետո ամբողջությամբ կվերանայենք համայնքների խոշորացման գործընթացը»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
Վաղվա ծրագրի մասին նա ասաց․
Առավոտյան ժամը 9։30 ավտոերթը շարժվելու է այս անգամ Գյումրի․ ժամը 13։00 Գյումրիում տեղի կունենա հանրահավաք։
Ժամը 17։00 Երևանի Ֆրանսիայի հրապարակում տիրելու է Արցախի շունչը․ արցախցիները Արցախի ավանդույթով մշակութային միջոցառում են անցկացնելու։
Վաղը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք չի լինելու։
Մեծ հանրահավաք է լինելու մյուս օրը՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրության օրը․ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ժամը 17։00-ին մեծ հանրահավաքի են հրավիրված մեր բոլոր հայրենակիցները։
Մանրամասն՝ տեսանյութում․
yerkir.am/news/view/269691.html