Նիկոլ Փաշինյանն այլևս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը – հայտարարություն ուղղված դեսպանատներին
10 ՄԱՅԻՍ 2022 –
Վաղը ժամը 12-ին կլինի ավտոերթ, զուգահեռ տեղի կունենան անհնազանդության ակցիաներ, իսկ ժամը 16-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում։
Այսօրվա հանրահավաքի ավարտին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով վաղվա իրենց գործողությունների ծրագիրը։
Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին․
«ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ․
Վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։
Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել Ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել Ձեր առօրյա աշխատանքում։
Նիկոլ Փաշինյանը այլևս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։
tert.am/am/news/2022/05/10/ishxan-saghatelyan/3799774