Կալանավորվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը

Տարոն Մանուկյան

Կալանավորվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը

12 Մայիսի 2022, Հասարակություն

 Կալանավորվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը

Քիչ առաջ կալանավորվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը: Այս մասին գրել է Աբգար Պողոսյանը։

«Հերթական ապօրինի որոշումը՝ կալանավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։ Ոստիկանական ցուցմունքներով հերթական գործընթացը»,– գրել է փաստաբանը։

Աբգար Պողոսյանը հրապարակել է նաև ապօրինի կալանավորված Տարոն Մանուկյանի կոչը.

«Ես՝ Տարոն Գեղամի Մանուկյանս, բազմիցս հայտարարել և ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոստիկանական դիմակահանդեսներով, բիրտ ուժով, բանտերով մեզ չեք կարող վախեցնել։ Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց, առաջինը մե՛նք ենք զենք վերցնում, անարդարության դեմ մե՛նք ենք պայքարում։ Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր՝ ինձ ճանաչող ընկերներիս, հարազատներիս, երբեք չվախենա՛ք, չլռե՛ք և հավատը չկորցնե՛ք։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, որտեղ էլ, որ լինենք։ Ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք… մենք պարքարում ենք հանուն հայրենիքի, իսկ այդ սրբազան արժեքի համար յուրաքանչյուր գին արժե վճարել։
Կա՛մ մահ, կա՛մ ազատություն»:

Այսպիսով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանը բավարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը: Ճանաչելով Մանուկյանի ձերբակալությունը իրավաչափ։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։ Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հինգ քաղաքացի, այդ թվում՝ Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը։ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նաև Գոռ Սարգսյանին և Տարոն Մանուկյանին կալանավորելու մասին։

yerkir.am/news/view/270221.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail