Վանա լճի ջրերի ցամաքելու հետևանքով ի հայտ է եկել Կտուց կղզի տանող ճանապարհի մի մասը
12 ՄԱՅԻՍ 2022 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Վերջերս Վանա լճում ջրերի ցամաքելու պատճառով սկսել են ի հայտ գալ բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Լճի 4 մեծ կղզիներից մեկում՝ Կտուց կղզում, որն իր վանքի և բնության շնորհիվ բազմաթիվ այցելուների է գրավում, ի հայտ է եկել կղզին ցամաքի հետ կապող 1 կիլոմետրանոց ճանապարհի մեծ մասը։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության հրապարակման վրա։
Աղբյուրի համաձայն՝ Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի Գրականության ֆակուլտետի Հնագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆ․ Ռաֆեթ Չավուշօղլուն «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, թե Վանը, որի հին անվանումը Տուշպա է, երկար տարիներ մայրաքաղաք է ծառայել ուրարտացիների համար։
Թուրք գիտնականը շեշտելով, որ Կտուց կղզու վանքի ավերակները պատկանում են միջնադարին, իհարկե դիտումնավոր կերպով անտեսել է տաճարի հայկական լինելու փաստը։ Թուրք պրոֆեսորը նաև հայտնել է, որ հին ժամանակներում Կտուցը թերակղզի է եղել, որի ճանապարհն էլ հենց բացահայտվել է ջրերի ցամաքման հետևանքով։
Ռաֆեթ Չավուշօղլուն ընդգծելով, թե Կտուց տանող ճանապարհը ժամանակի ընթացքում ջրի տակն է անցել, հավելել է․ «Քանի որ 2021 թ․ հետո եղանակի տաքացման հետևանքով Վանա լճի ջրի մակարդակն իջել է, նախկինում գոյություն ունեցած ճանապարհն ավելի հստակ է երևում։ Վանա լճի ջրի մակարդակը ժամանակ առ ժամանակ բարձրանում կամ իջնում է։ Վերջին անգամ 1994 թ․ ջրի մակարդակի բարձրացումից հետո այդ ճանապարհը լիովին ջրի տակ էր մնացել։ Վերևից արված լուսանկարներից երևում է, որ այդ ճանապարհը կառուցվել էր քարերի միջոցով, և որ ժամանակի ընթացքում գրանցված էրոզիայի շնորհիվ ճանապարհի միայն գլխավոր քարերն էին մնացել»։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net