Բաքուն հրաժարվե՞լ է բանակցություններից – Մոսկվան եւ Բաքուն Հայաստանի դեմ գործում են «հետնամուտքից», այսինքն՝ առանց միջազգային օրինական հիմքերի, շանտաժով եւ սպառնալիքներով
13.05.2022 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Նախօրեին տարածվել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մայիսի 16-17-ը Մոսկվայում կայանալիք «սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով Ադրբեջանի և Հայաստանի հանձնաժողովների հանդիպման մասին»։
Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը չի համաձայնել նման հանդիպում անցկացնել։ Մայիսի 16-17-ը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ Մոսկվայում հանդիպում պետք է անցկացվի միայն հաղորդակցության հարցերի շուրջ, գրում են Բաքվի լրատվամիջոցները։
Հետո հայտնի դարձավ, որ կողմերի միջև պայմանավորվածություն չկա քննարկելու հաղորդակցությունների և սահմանների անվտանգության հարցը։
Ինչո՞ւ է Բաքուն հրաժարվում բանակցել։ Դուշանբեում Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման նախօրեին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Զրույցի ընթացքում Փաշինյանը վերահաստատել է հաղորդակցությունների բացման և սահմանազատման պայմանագրային բազայի անհրաժեշտությունը։
«Որպեսզի մենք ունենանք կոնկրետ և արդյունավետ լուծումներ, մենք պետք է լուծենք բոլոր իրավական, ընթացակարգային հարցերը»,- ասել է Փաշինյանը։ Ալեքսեյ Օվերչուկը համաձայնել է, փաստորեն, խոստովանելով, որ այս հարցը չի լուծվել։
Եթե այս հարցերը չեն լուծվում իրավական հիմքով, մնում է ուժի կիրառման տարբերակը։ Մոսկվան եւ Բաքուն Հայաստանի դեմ գործում են «հետնամուտքից», այսինքն՝ առանց միջազգային օրինական հիմքերի, շանտաժով եւ սպառնալիքներով։
lragir.am/2022/05/13/717173/