Հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել. Իշխան Սաղաթելյանը՝ ԱՄՆ դեսպանին
18 ՄԱՅԻՍ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ: < Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում. դեսպան Լին Թրեյսի >
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այսօրվա հայտարարությանը։ Լին Թրեյսին ասել էր, որ իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին։
Դիմելով ԱՄՆ դեսպանին՝ Սաղաթելյանը նշել է․
«Հարգարժա՛ն դեսպան, ես խորը ափսոսանք եմ հայտնում Ձեր այսօրվա հայտարարության առնչությամբ։ 2018 թվականին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի և արյունալի պատերազմի։ Գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետևից, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարությունը բռնաբարելու հետևից։
Իսկ ինչ վերաբերում է 2021 թվականի խայտառակ ընտրություններին, հիշեցնում եմ քեզ, հարգելի դեսպան․ հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և առհասարակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել։
Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է իրենց շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը, խորապես սխալվում են։ Հայ ժողովուրդն այս հրապարակում է՝ հենց դա կանխելու համար»
Սաղաթելյանի խոսքով, սա պայքար չէ իշխանության համար, պայքար է ՀՀ ինքնիշխանության համար, և որևէ մեկը չպետք է փորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգությանը։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ և ԵՄ երկրները՝ կարևոր գործընկերները։
Նա Հայաստանում ԱՄՆ դեսպանին և միջազգային կառույցներին հորդորեց վերջ դնել երկակի ստանդարտներին, դադարել իրենց լռությամբ նպաստել, որ Հայաստանում բռնապետության լինի։
tert.am/am/news/2022/05/18/ishxan-saghatelyan/3802685