Խաղաղութիւնը Մուրա՞լ, Թէ՞ Նուաճել – Խաղաղութիւնը Մուրա՞լ, Թէ՞ Նուաճել – «Դրօշակ»
18 ՄԱՅԻՍ 2022 – Դրօշակ:
Առաջնորդող յօդուած
Հայոց պետականութեան վերականգնման` մայիսի 28-ով թուագրուող տօնը այս օրերին մղում է խորհելու պետութեան ու պետականութեան գաղափարի շուրջ: Ընդհանուր հասկացողութեամբ, պետութիւնը որոշակի տարածքի վրայ ապրող ժողովրդի վարչաքաղաքական կազմակերպութիւնն է, նրա բանակն ու ոստիկանութիւնը, պետականութեան խորհրդանիշները եւ այլն:
Իրականում այս առարկայական երեւոյթների կողքին աւելի էական է ոչ նիւթական եւ անշօշափելի մէկ այլ գործօն` պետականութեան գիտակցութիւնը: Երբ աշխարհի գերհզօր տէրութիւնների ներկայացուցիչներն անգամ խօսում են իրենց պետութիւնների գոյութեանը սպառնացող վտանգների մասին, ակնյայտ է դառնում, որ ռազմական, տնտեսական կամ այլ ներուժը յարաբերական գործօն է մտքի, գաղափարի, ծրագրի եւ նպատակի ուժի համեմատ:
Հնարաւոր կը լինէ՞ր արդեօք 900-ամեայ անէացումից յետոյ հայոց պետականութեան վերածնունդը, եթէ պատմական ասպարէզում չյայտնուէին պետականութեան ստեղծման գաղափարին հետամուտ սերունդներ` օժտուած անմնացորդ նուիրուածութեամբ եւ իտէալների կենսագործմանը ձգտելու ինքնամոռաց կամքով: Մի պահ մտովի պատմութեան այդ շղթայից դուրս բերենք ազգային-ազատագրական յեղափոխութեան յաւերժական բանակի հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանին, պետականակերտ Արամին, Ռուբէնին, Դրոյին եւ նրանց գործակիցներին. հնարաւոր կը դառնա՞ր արդեօք հայոց նոր պետականութեան ծնունդը:
Հակառակ կողմից նոյն տեսակէտի ճշմարտացիութիւնն է փաստում այս սերնդից հարիւր տարի յետոյ եկած սերունդը (իսկ աւելի ստոյգ` սերնդի մի հատուածը), որը երեսնամեայ կայացած հայոց մի պետութիւնը հասցրեց կործանման եզրին, իսկ միւսը տանում է ինքնիշխանութեան սահմանափակման: Պատահական չէ, որ այս նոր իշխանութիւնն իր գործունէութիւնը ծաւալեց` գրոհելով գիտակցական համակարգի` պատմութեան, մշակոյթի, հոգեւոր ինքնութեան, ազգային ինքնագիտակցութեան հիմնասիւների եւ ազգային տեսլականների վրայ:
Այո՛, ծանր փորձութիւններն ու փորձանքները, որ հայոց պետականութեան ղեկին տիրացած բախտախնդիրները բերեցին ապակողմնորոշուած ժողովրդի գլխին, նրանց մօտ ստեղծեցին այն տպաւորութիւնը, որ երեք տասնամեակ անկախութեան եւ պետականութեան կայացման պայքար մղած ժողովուրդը համակերպուել է իրենց պարտուողական ծրագրերին, եւ հասարակական դաշտում տրամադրութիւնները նպաստաւոր են` մեկնարկելու ծանր պարտութիւնների ու ճակատագրական զիջումների երկրորդ փուլը:
Հանրապետութեան թիւ մէկ պաշտօնեայի` վերջին շրջանի ելոյթները հէնց այդ անձնատուութեան ծրագրի մօտալուտ իրականացմանը հանրութեանը նախապատրաստելու նպատակն էին հետապնդում, որքան էլ որ փորձ է արւում սկիզբ առած գործընթացներն ամբողջովին չբացայայտելու, ներկայացնելու դրանք մշուշոտ ու խեղաթիւրուած:
Թշնամու եւ պատուիրատուների առջեւ ծնկած իշխանութիւնը յայտարարում է Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման հիմնական նպատակի մասին, սակայն ակնյայտ է, որ խօսքը վերաբերում է մօտ երեք տասնամեակ գերութիւնից ազատագրուած երկիրը կրկին Ատրպէյճանին յանձնելուն, որի դէպքում Արցախը, ի հարկէ, հայաթափ կը լինի` արժանանալով Նախիջեւանի ճակատագրին: Մեր պահանջների նշաձողի իջեցման անհրաժեշտութեան մասին ակնարկող վարչապետը Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը ներկայացնում է որպէս մի պարզ ու անհրաժեշտ գործողութիւն, այնինչ ակնյայտ է, որ այս գործընթացը եւս իրականացուելու է թելադրող հակառակորդի ծրագրով` Հայաստանն ու Արցախը կտրելով իրարից, Ատրպէյճանին թողնելով Հայաստանի այն տարածքները, ուր ներխուժել է թշնամին, ինչպէս եւ գնալու են նորանոր զիջումների: Իշխանութիւնը լռում է Հայաստանի ինքնիշխան տարածքով լկտիացած թշնամուն յանձնուելիք միջանցքի մասին, այնինչ ակնյայտ է, որ այս դաւադրութեան շուրջ եւս գոյութիւն ունի գաղտնի համաձայնութիւն:
Սահմանագծման ծրագիր է նախապատրաստւում նաեւ Թուրքիայի հետ, մի բան, որ չարեցին անգամ կոմունիստ ղեկավարները խորհրդային գաղութատիրութեան 70 տարիներին: Այս քայլով հակազգային իշխանութիւնը կ՛օրինականացնի 1921-ի Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը, կը թաղի հայոց պահանջատիրութիւնն ու Սեւրի դաշնագիրը եւ, ըստ էութեան, Թուրքիայի ներկայ եւ ապագայ իշխանութիւնների ուսերից կը թօթափի հայութեանն առնչուող բոլոր հոգսերը: Չմոռանանք նաեւ, որ հաւաստիացնելով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում նախապայմանների բացակայութեան մասին` Հայաստանի ղեկավարն արդէն իսկ հրապարակայնօրէն ընդունել է դրանք` յայտարարելով, որ Հայաստանի օրակարգում Ցեղասպանութեան հարց չկայ, ընդունելով Արցախը որեւէ կարգավիճակով կամ առանց կարգավիճակի Ատրպէյճանի կազմում թողնելու պահանջը: Թուրքիայի հետ սահմանագծումը կը նշանակի նաեւ վերջինիս տարածքային ամբողջականութեան ճանաչում:
Այս ամէնի դիմաց Նիկոլ Փաշինեանը հայ ժողովրդին խոստանում է խաղաղութիւն, ինչը նոյնպիսի խաբէութիւն է, ինչպէս նրա բոլոր միւս խոստումները:
Կարելի՞ է հաւատալ, թէ Ատրպէյճանի ու Թուրքիայի ղեկավարների ձեռքի խաղալիք հայ ղեկավարը կարող է այս գործիչներին պարտադրել խաղաղութիւն: Նոյեմբեր 9, 2020-ի յայտարարութիւնը, ըստ էութեան, նոյնպիսի խաղաղութեան պայմանագիր էր, սակայն Ատրպէյճանն ու Թուրքիան պահպանեցի՞ն դրա պայմանները: Ստանալով երազածից շատ աւելին` Ատրպէյճանն այնուհետ զօրք մտցրեց Հայաստանի ինքնիշխան տարածք, հրահրեց ռազմական բախումներ, նորանոր պահանջներ առաջադրեց Հայաստանի իշխանութեանը: Յիշենք, որ Ատրպէյճանը նախկինում էլ բազմիցս խախտել է պայմանաւորուածութիւններն ու պայմանագրերը (անգամ 1994-ի զինադադարի պայմանագիրը խախտելով` երկու պատերազմ է սկսել), իսկ Թուրքիան աշխարհում յայտնի է որպէս միջազգային պայմանագրերն ու պարտաւորութիւնները չկատարող բացառիկ երկիր: Այլապէս ինչո՞ւ Հայաստանի ղեկավարի աթոռից կառչած անձը չկարողացաւ հակառակորդին խաղաղութիւն պարտադրել 2020-ի աշնանը: Ակնյայտ է, որ նոր զիջումներ պարտադրելով եւ նոր առաւելութիւններ ու բնագծեր ձեռք բերելով` թուրքական տանդեմը (քաղզոյգը, խմբ․) ձգտելու է նորանոր նուաճումների:
Կարո՞ղ է Հայաստանի վարչապետը հրապարակայնօրէն յայտարարել, որ այս նոր պայմանագրի կնքումից յետոյ ինքը կը կարողանայ պաշտպանել Հայաստանի սահմաններն ու իրաւունքները եւ խաղաղութիւն պարտադրել յարձակողապաշտ հարեւաններին: Ի հարկէ ծիծաղելի կը լինի նման բան ակնկալելը, իսկ եթէ, այնուամենայնիւ, վարչապետը նման խոստումներ տայ, ի՞նչ ուժի կամ գործօնների միջոցով պիտի կարողանայ իրականացնել Հայաստանի ինքնիշխանութեան երաշխաւորի իր պարտականութիւնը: Թուրքերի ու Ատրպէյճանցիների վախից պատերազմից յետոյ նա ոչ միայն չի այցելել Արցախ, այլեւ խզել է Հայաստանի տարբեր կառավարչական օղակների կապն ու գործակցութիւնը հայոց երկրորդ պետութեան հետ: Նա ոչ միայն չի համարձակւում վերակազմակերպել ու ոտքի հանել բանակը, այլեւ 2022-ին վախեցաւ անգամ շնորհաւորել պաշտպանութեան բանակի տօնը: Յայտնի է, թէ որքան թոյլ է ղեկավարութիւնը, այնքան մեծ է թշնամու գայթակղութիւնը` հրահրելու նոր պատերազմ. այնպէս որ, գործող իշխանութեան հետագայ պաշտօնավարումը մեծացնում է նոր պատերազմների հաւանականութիւնը: Պատահական չէ, որ Հայաստանում բարձրացած իշխանափոխութեան լայնածաւալ շարժումը կրում է ազգային-ազատագրական բնոյթ: Ցաւով պէտք է արձանագրել, որ հայ ժողովուրդը թուրք-ատրպէյճանական յարձակողապաշտութեան դիմակայութեան սկիզբն ու նախապայմանը համարում է Հայաստանի օտարահպատակ իշխանութիւնների հեռացումը:
Խնդիրն առաւել արդիական ու հրատապ է դառնում ներկայիս համաշխարհային իրողութիւնների պայմաններում, երբ նոր աշխարհակարգ է ձեւաւորւում, իսկ բազում կախումներ ունեցող Հայաստանի իշխանութիւնները ճակատագրական այս ճամբաբաժանին հարկադրուած են ընտրութիւն կատարել` ելնելով ոչ թէ Հայաստանի շահերից, այլ` իրենց կրած արտաքին ազդեցութիւնների չափից:
Նկատենք, որ 1988 թ. սկսուած արցախեան ազատագրական պայքարն ընդունելի չէր արտաքին որեւէ ուժի համար, սակայն, փոխելով հաստատուած սթաթիւս քուոն (գոյավիճակը, խմբ․) , հայութիւնը բոլորին ստիպեց հաշուի նստել նոր կացութեան հետ: 2020 թ. խայտառակ պարտութիւնից յետոյ Հայաստանի իշխանութիւնների մեղքով տարածաշրջանում ձեւաւորուեց միանգամայն նոր կացութիւն, որից ելնելով էլ` թէ՛ ուղղակիօրէն ներգրաւուած եւ թէ՛ արտաքին ուժերը թելադրում են համապատասխան լուծումներ: Այս պարտադրանքը բխում է, մասնաւորապէս, երկու կարեւոր հանգամանքից` Հայաստանի թուլակամ, ապազգային իշխանութիւնների` զիջումների գնալու պատրաստակամութիւնից եւ Անդրկովկասից Ռուսաստանին վերջնականապէս դուրս մղելու, Թուրքիոյ դէմքով տարածաշրջանում ռազմական գերիշխանութիւն հաստատելու ՆԱԹՕ-ի երկրների ցանկութիւնից:
Ազգային-ազատագրական նորօրեայ շարժումը, դեռեւս չհասնելով իր վերջնանպատակին, արդէն իսկ փաստել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է իշխանութեան պարտուողական քաղաքականութիւնը: Հասնելով յաղթանակի եւ երկրում հաստատելով ազգային իշխանութիւններ` կը ստեղծուի նոր կացութիւն, եւ երկրի պետական համակարգի, բանակի, տնտեսութեան վերականգնմանը զուգահեռ` առաջ կը քաշուեն բանակցային նոր պայմաններ, կը ձեւաւորուեն նոր իրողութիւններ:
Հայաստանում ազգային-ազատագրական շարժումը նախաձեռնուեց քաղաքական ուժերի կողմից, սակայն առաջադրած համազգային նշանակութեան պահանջների շնորհիւ այն դարձաւ ժողովրդի շարժումը, որի անունից էլ հանդէս են գալիս մտաւորականները, արուեստագէտները, հասարակայնութեան ներկայացուցիչներն ու քաղաքական ուժերը: Ի դէմս մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող իրադարձութիւնների` ականատես ենք Հայաստանի իրական ժողովրդավարացմանը:
Նոր շարժումը եւ դրա բնոյթն ու նպատակները ցանկալի ապագայի յոյսեր չէին ներշնչի, եթէ հրապարակում չհաւաքուէր եւ դանդաղօրէն չգերակշռէր այսօրուայ երիտասարդութեան` ազգային ու պահանջատիրական դիմագիծ ունեցող մեծամասնութիւնը:
Փաստուած է, որ հայ ժողովուրդը պատրաստակամ է պայքարելու իր պետական շահերի համար, նա մերժում է պարտուողականութեան փիլիսոփայութիւնը, ըստ որի, մենք մեզ պաշտպանելու ունակ չենք եւ դատապարտուած ենք զիջումների: Որ՞ն է այդ զիջումների վերջնական սահմանը` կարո՞ղ են ասել մեր այսօրուայ ղեկավարն ու նրա քաղաքական հոգեհայրը: Նոյն պարտուողական հոգեբանութիւնն էր նաեւ 1915 թուականին, իսկ թշնամին բաւարարուեց, երբ հայ ժողովրդի ոչնչացմամբ իւրացրեց ամբողջ Արեւմտահայաստանը:
Հայ ժողովուրդն իր դաժան ճակատագիրը կամովին չի ընտրել. այն պարտադրուել է տարածաշրջանը նուաճած բարբարոսների կողմից: Հայ ժողովուրդն իր գոյութիւնն յաւերժացնելու այլ ելք չունի, բացի հզօրանալուց ու խաղաղութիւնը պարտադրելուց: Հայոց մայրաքաղաքում, ներքին թշնամու դէմ դիմակայութեամբ, այսօր կերտւում են վերածնուող Հայաստանի հիմերը: Համազգային կամքով մէկ անգամ եւս Մայիսը կարող է դառնալ մեր յաղթանակի ամիսը:
yerakouyn.com/2022/05/18/խաղաղութիւնը-մուրա՞լ-թէ՞-նուաճել-դր/