Անդրադարձ – Քանի Դեռ Ուշ Չէ – Քանի Դեռ Ուշ Չէ – Քանի Դեռ Ուշ Չէ – Քանի Դեռ Ուշ Չէ – ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

The bombing of Ghazanchetots Cathedral by Azerbaijan was cited by the U.S. Commission on International Religious Freedom

Անդրադարձ – Քանի Դեռ Ուշ Չէ – Քանի Դեռ Ուշ Չէ – Քանի Դեռ Ուշ Չէ – Քանի Դեռ Ուշ Չէ – ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

27 ՄԱՅԻՍ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՍՓԻՒՌՔ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Դեմոկրատիան կամ յունարէնից թարգմանած` ժողովրդաիշխանութիւնը ղեկավարման այն ձեւն է, երբ ժողովրդի ձեւաւորած իշխանութիւնը կառավարում է ժողովրդի կամքի համաձայն, եւ ժողովրդի ու իշխանութեան միջեւ եղած փոխյարաբերութեան որակով է որոշւում տուեալ պետութեան մէջ ժողովրդավարութեան մակարդակը: Այս յայտնի ճշմարտութեան առանցքային բաղադրիչը հանրութեան եւ ուժային կառոյցների յարաբերութիւններին է վերաբերում, քանի որ առաւելապէս հէնց այդ փոխյարաբերութեան մէջ է դրսեւորւում սեփական իրաւունքներից օգտուելու հասարակութեան ազատութեան չափը:

Պատահական չէ, որ Հայաստանի անկախացումից յետոյ յաջորդական իշխանութիւնները որդեգրեցին ու տարբեր արդիւնաւէտութեամբ շարունակեցին ուժային կառոյցների բարեփոխման գործընթացը: Ի դէպ, արձանագրենք, որ ժողովրդավարացման գործընթացի շրջանակում տեղի էր ունենում այդ համակարգերի` որպէս ազգային-պետական հաստատութիւնների կայացումը, նրանց ներդաշնակեցումը Հայաստանի անկախ հանրապետութեան բնոյթին եւ զարգացման ռազմավարութեանը: Կարելի էր տեսնել, որ տարիների ընթացքում դանդաղօրէն փոխւում են եւ ոստիկանութիւնը եւ դատարաններն ու դատախազութիւնը եւ, գրեթէ անտեսանելի, ազգային անվտանգութեան ծառայութիւնը եւ, իհարկէ` այն օրէնսդրական հիմքը, որը իրաւական երաշխիք էր ապահովում այդ փոփոխութիւնների համար: Թէ ուր հասաւ բարեփոխումների այս ընթացքը, ակնյայտ դարձաւ 2018 թուականին, երբ ոստիկանութիւնը, ստուերի պէս հետեւելով ցոյցերին ու երթերին, մնաց միայն դիտողի, իրադարձութիւններին հետեւողի զգուշաւոր դերում, անգամ երբ ըմբոստ զանգուածը, իր առաջնորդի գլխաւորութեամբ, բազում անգամներ ոտնահարեց օրինականութեան սահմանները: Իհարկէ իրականութիւնը խեղաթիւրելու եւ կեղծելու իր էութեանը համաձայն, Նիկոլ Փաշինեանն այդ երեւոյթը պէտք էր մեկնաբանէր որպէս իր ու իր կողմնակիցների «թաւշեայ» առանձնաշնորհ, կարծես թէ իրենք իրենց պիտի ճնշէին ու չեն ճնշել: Իրեն արդէն երկրի ղեկավար պատկերացնող անձը նաեւ յայտարարում էր, որ այլեւս ոստիկանութիւնը ժողովրդի դէմ դուրս չի գալու, լինելու է ժողովրդի հետ:

Նիկոլի կառավարման չորս տարիներին ոստիկանութիւնը շրջուեց դէմքով ետ եւ գլորուեց հասաւ խորհրդային մենթութեան ժամանակներին: Ես գիտեմ, որ այսօր էլ համակարգում շատ ազնիւ ու հայրենասէր հայորդիներ են աշխատում, որոնք ճանապարհ են անցել, տարբեր թելերով կապուած են համակարգի հետ եւ ամօթահար ու գլխահակ դիմանում են այս խայտառակ վիճակին: Ի հարկէ իմ խօսքը նրանց չի վերաբերում, այլ այն եռանդուն, նախայարձակ ու անուղեղ դուրսպրծուկներին, որոնք այս օրերին առանձնակի ջերմեռանդութեամբ յարձակւում են երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց վրայ, որոնք հրապարակներում ու փողոցներում պահանջում են անվստահելի իշխանութեան հրաժարականը: Ոստիկանի համազգեստն ու կոչումը արատաւորողները ծեծում ու հայհոյում են, ոտք ու թեւ են ջարդում` առանց սեռի, տարիքի, ու այլ խտրութիւնների: Ակնյայտ է, որ յատկապէս վերջին տարիներին համակարգը համալրուել է մասնաւորապէս կամակատար սալդաֆոնների այն տեսակով, որը անասունի նման կարող է գրոհել եւ երիտասարդ աղջկայ ու կնոջ եւ տարեց մարդու ու հաշմանդամ ազատամարտիկի եւ զոհուած ազատամարտիկի ծնողի վրայ:

Ինչպէս ամէն տեղ, այս համակարգը ղեկավարելու համար եւս, որոշ փնտռտուքից յետոյ, ժողովրդին պատանդի վերածած վարչապետը գտաւ իր անձին նուիրուած այն մարդուն, ում ղեկավարութեամբ ոստիկանութիւնը կ՛անէր ճիշդ այն, ինչը որ այսօր անում է: Այդ մարդը իր մանկութեան ընկեր Վահէ Ղազարեանն է, որ, պիտի ենթադրել, իր հայրենիքի ճակատագրից առաւել մտահոգ է Նիկոլին աթոռին պահելու «սուրբ» նպատակով:

Այսօր աշխարհով մէկ հայ ժողովուրդը ալեկոծութեան մէջ է: Հայրենասէր հայութիւնը տագնապած է իր երկրի, Արցախի ներկայով ու ապագայով: Մարդկանց մօտ, այսպէս ասենք, ողջամիտ կասկած կայ, որ պարտուած երկրի վարչապետը ունակ չէ երկիրը դուրս բերելու անկման այս ընթացքից եւ տանում է Հայաստանն ու Արցախը անդառնալի կորուստների` հարցականի տակ դնելով նաեւ Հայաստանի ինքնիշխանութիւնը: Մարդկանց փողոց են դուրս բերում բիրտ ուժի կիրառումը, դատական հետապնդումներով ընդդիմադիրների գործունէութեան սահմանափակումները, պետութեան հզօրութիւնը վերականգնելու, անկում ապրող տնտեսութիւնը ոտքի հանելու անկարողութիւնը եւ այլն: Ժողովուրդն այս գահավիժումը կանխելու ու երկիրը փրկելու նախապայման է տեսնում գործող վարչապետի հեռացումը, որ ինչ-ինչ պատճառներով ձգտում է անպայմանօրէն իրականացնել երկիրը անդառնալի կորուստների հասցնելու իր դիւական ծրագիրը:

Ըմբոստացած ժողովուրդը այսպէս է մտածում, իսկ ի՞նչ է մտածում Հայաստանի Հանրապետութեան ոստիկանապետ Վահէ Ղազարեանը: Նա հասկանո՞ւմ է, որ հանդիսանալով Նիկոլին ամէն գնով իր աթոռին պահող հիմնական լծակի ղեկավարը` այլեւս ոչ թէ պարտականութիւնները կատարող պաշտօնեայ է, այլ` յանցակից, եթէ մօտ ապագայում դատարանն ապացուցի վարչապետի գործունէութեան մէջ տեղ գտած յանցագործութիւնները: Նա հասկանո՞ւմ է, որ գիտակցաբար թէ անգիտակցաբար կատարելով շէֆի հրահանգներն ու խորացնելով ժողովրդի դէմ իրականացուող բռնութիւնները` անխուսափելի է դարձնում պատասխանատուութիւնը իր արարքների ու իր հրահանգների համար: Ինչի՞ վրայ է Վահէ Ղազարեանի յոյսը, որ հնարաւոր կը դառնայ ինչ-ինչ գործողութիւններով մարե՞լ ժողովրդային ըմբոստութեան ալիքը, բայց սա Նիկոլի «յեղափոխութեան» պէս դրսից չէ պատուիրուած, արհեստական չէ, հայ ժողովրդի համար դարձել է ճակատագրական խնդիր` ինչպէս կարող է մարել ու վերանալ:

Վահէ Ղազարեան ոստիկանապետի ղեկավարած համակարգը այսօր դարձել է այն պատժիչ մեքանիզմը, որը փորձում է բռնութեան, վախի, օրէնքը ոտնահարելու ճանապարհով խեղդել ժողովրդային շարժումը, ինչը ժողովրդի համար նոյնն է թէ` հայրենիքի փրկութեան յոյսը, երկրի թուրքացումը, հիւծուած ժողովրդավարութիւնը, ժողովրդի բռնաբարուած իրաւունքներն ու ազատութիւնները փրկելու հնարաւորութիւնը: Հայ մարդու ձեռքով հայ մարդու հետ հաշուեյարդար տեսնելու փորձերը, ներազգային բախումներ հրահրելը միշտ էլ սրբապղծութեանը հաւասար մեղք են դիտուել մեր ժողովրդի համար: Վանդակում յայտնուած գազանի հոգեվիճակն ապրող վարչապետի թելադրանքով ոստիկանապետն իր ղեկավարած համակարգը կամաց-կամաց սուզում է այդ սրբապղծութեան ճահիճը:

Ժողովրդի հետ բախման մէջ մտնելու եւ ֆիզիքական բռնութեան ճանապարհով նրա ըմբոստութիւնը զսպելու համար առաջին գծում յայտնւում են հէնց այն դուրսպրծուկները, որոնք ունակ են անասնական վարք դրսեւորելու անպաշտպան մարդկանց նկատմամբ: Կասկած չկայ, որ ոստիկանապետից հէնց այդ է պահանջում հոգեպէս անհաւասարակշիռ իր ղեկավարը` հաշուի չնստելով օրէնքի թելադրած որեւէ սահմանափակման հետ, ու որքան աւելի շատ երերայ տակի աթոռը, այնքան աւելի անհաւասարակշիռ է դառնալու եւ ծայրայեղութիւնների է հակուելու նա, որ պաշտօնավարման առաջին օրերին փորձում էր հաւաստիացնել, թէ ժողովրդի պահանջի դէպքում առանց վարանելու կը հեռանայ իշխանութիւնից:

Անխուսափելի պատասխանատուութիւնից խուսափելու նպատակով նա կարող է իր հետ կործանել ե՛ւ մերձաւորներին ե՛ւ մտերիմներին ե՛ւ ենթականերին ե՛ւ խմբակիցներին ե՛ւ ողջ երկիրը, իսկ երբ անխուսափելի պատասխանատուութեան օրը, գլուխները կախ դատարանում նստածների մէջ, Նիկոլի կողքի կը լինի Վահէ Ղազարեանը, շէֆը փրփուրը բերանին պնդելու է, թէ ինքը ոչ մի հրաման չի տուել, ինչպէս ձեւ արեց հրահրուած պատերազմից յետոյ: Այս տխուր հեռանկարի մասին արժէ, որ մտածի ժողովրդի դէմ ոստիկանութեան գազազած բանակ հանող Վահէ Ղազարեանը: Ի դէպ, նաեւ թիկնապահներ խաղացնող տիկնիկավարները: Պատմութեան դատաստանն անխուսափելի է, իսկ թէ ո՞վ մեղքի ի՛նչ բեռով կը ներկայանայ երկրային դատաստանին, կախուած է իրենից: Արժէ մտածել այս մասին` քանի դեռ ուշ չէ:

aztagdaily.com/archives/547026

Facebooktwitterredditpinterestlinkedinmail