Հայաստանի Առաջին եւ Միակ Հանրապետությունը – Վահե Գասպարյան
27.05.2022 | Մեկնաբանություն | Lragir.am,
1918 թվականի մայիսյան հերոսամարտերի արդյունքում վեց դարերի խավարի վրա ծնվեց Հայոց անկախ պետականությունը կամ ինչպես մենք սովորաբար այն անվանում ենք “Հայաստանի Առաջին Հանրապետությունը”:
Իսկ ինչպիսի՞ն էր Առաջին Հանրապետությունը։ Փորձեմ հնարավորինս կարճ ներկայացնել այն։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծվեց Բաթումի պայմանագրի արդյունքում՝ 12,000 քառակուսի կիլոմետր տարածքով և 700, 000 բնակչությամբ։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծվեց պատերազմական ծանր վիճակում՝ երբ դեռ ընթանում էր առաջին համաշխարհային պատերազմը, ընդ որում` 1918 թվականի ապրիլից սկսած այն ավելի շատ վերածվել էր կովկասյան ճակատում թուրք-հայկական պատերազմի:
Այսպիսով ռազմաքաղաքական գործընթացների բերումով հայ ագգային-քաղաքական ղեկավար ուժերը ստանձնեցին Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր առաջադրանքը, իսկ նորահռչակ հայկական պետությունը դարձավ աշխարհամարտի մասնակից կողմ:
Հետագայում հենց այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացավ իրավական ճանաչում ստանալ Անտանտի երկրների կողմից, մասնակցել հաշտության խորհրդաժողովին և, վերջապես, իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպել Սևրի պայմանագրով:
Զգացվում էր Հայոց Մեծ եղեռնի հետևանքները՝ 100 հազարարավոր գաղթականներ, սով, համաճարակ, շրջափակում, շարունակվող պատերազմ:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ուներ ազգային դեմք և ժողովրդավարական ավանդույթներ։
Ազգային պետության հաստատման կարևոր պայմանը և երաշխիքը հայերենի՝ որպես պետական լեզվի ճանաչումն էր: Պետական լեզվի մասին օրենքը ստորագրել է խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթը 1919 թվականի դեկտեմբերի 26 -ին: 1920 թվականի Մայիսի 30 -ին օրենք ընդունվեց պետական լեզվին չտիրապետող պաշտոնյաներին աշխատանքից ազատելու պայմանների մասին:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ուներ ազգային դրամ, պետական դրոշ (Հայոց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն), օրհներգ և կարճ ժամանակում ունեցավ 10 գնդից բաղկացած 40 հազարանոց կանոնավոր բանակ։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ուներ իրական դաշնակիցներ ի դեմս ԱՄՆ-ի և առաջին համաշխարհային պատերազմում հաղթած Անտանտի երկերների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ճանաչված էր Ազգերի Լիգայի կողմից և ուներ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններով 160,000 քառակուսի կիլոմետր տարածք։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ձգտում էր դեպի կրթություն և զարգացում։ Դպրոցական համակարգը երկաստիճան էր՝ տարրական և միջնակարգ: 1919 թվականի վերջին հանրապետությունում գործում էր 450 տարրական դպրոց՝ 1000-ից ավելի ուսուցիչներով ու 41 հազար աշակերտներով, և 20 միջնակարգ դպրոց 300 ուսուցիչներով ու 5200 աշակերտներով:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1919 մայիսի 16-ին հիմնադրեց, իսկ արդեն 1920 թվականին բացեց իր առաջին համալսարանը։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ձգտում էր դեպի արդարադատության հաստատում, և 1918 թվականի դեկտեմբերի 6 -ին ընդունվեց երդվյալ ատենակալների դատարան հիմնելու մասին օրենքը։ 1920 թվականի կեսերին սկսեցին գործել այդ հիմունքներով կազմակերպված՝ Երևանի, Շիրակի և Կարսի շրջանային դատարանները: Դատավարությունը կատարվում էր հայերենով:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը հավատարիմ էր ժողովրդավարական արժեքներին և ազգային խորհրդի եռապատկման սկզբունքով 1918 թվականի օգոստոսի 1-ին գումարեց իր առաջին ԱԺ նիստը, որին ներկա էին 46 պատվիրակներ, որոնցից 38 հայ, 6 թուրք-թաթար և 1 եզդի, իսկ արդեն 1919 թվականի Հունիսի 21-ին կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվեց 80 պատգամավորներից բաղկացած ԱԺ, որոնցից 72 ներկայացնում էին ՀՅԴ-ն, 4 -ը էսերներին և կային 1 անկուսակցական, 1 եզդի ու 2 թուրք-թաթար։ 1918 թվականի նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ուներ իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որոնք լուծում էր իր փառահեղ ղեկավարների ու ժողովրդի կամքի ուժի, նրանց բարձր բարոյական արժեքների շնորհիվ և իր դաշնակիցների աջակցությամբ։ Բավական է նշել այդ ժամանակ երկրում տիրող սովն ու համաճարակը, որի ժամանակ անգնահատելի էր ԱՄՆ հսկայական օգնությունը ցորենի, ալյուրի տեսքով և դրամական օժանդակությունը։ Նրա հիմնադիր Արամը մահացավ տիֆից, որովհետև զիջեց իր համար Եվրոպայից հատուկ բերված հակատիֆային շիճուկը հիվանդ հայ մանուկներին։
Ահա սա էր Առաջին Հանրապետությունը, նրա ղեկավարների բարձր բարոյական արժեքները, նրա ժողովրդի կամքը և նրա իրական դաշնակիցները։
Սա է եղել մեր միակ անկախ և միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը։ Այսպես կոչված “Երկրորդ Հանրապետությունը” եղել է ընդամենը միջազգային հանրության կողմից Չճանաչված, միջազգային իրավունքի սուբյեկտ Չհանդիսացող և կարմիր բանակի օկուպացիայի հետևանքով առաջացած ու ԽՍՀՄ մաս հանդիսացող ադմինիստրատիվ միավոր։ Հետևաբար եթե չի եղել իրավանախորդը, չէր էլ կարող լինել նրա այսպես կոչված իրավահաջորդը հանդիսացող”Երրորդ Հանրապետությունը”։
Այս կեղծ թեզերը և կոնցեպտները մեր վզին փաթաթվեցին դեռևս 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկիրը “Խորհրդային Հայաստանի” կոնցեպտի մեջ պահելու և կամաց կամաց նեոգաղութացնելու համար։
Դա արվեց նենգաբար և դիտավորյալ շարունակելու համար մեր Հայրենիքը պահել ռուս֊թուրքական աքցանների մեջ և դրանցից բխող Մոսկովյան պայմանագրի ստատուս քվոյի ներքո։
Ուզենք թե չէ, միջազգային իրավունքի տեսանկյունից մենք հանդիսանում ենք Առաջին Հանրապետության իրավահաջորդը։
Միայն Առաջին Հանրապետության իրավահաջորդությունը և դեօկուպացիան հայտարարելու դեպքում մենք կկարողանանք լուծել Արցախի հարցը, ձեռք բերել իրական դաշնակիցներ և բռնել ապահով, անվտանգ և սրընթաց զարգացման ճանապարհը որպես ազգ և պետություն։
Այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի։
Մենք պարզապես պարտավոր ենք վերածնել մեր Առաջին Հանրապետությունը և նրա բարձր բարոյական արժեքների ու ազգային-ժողովրդավարական ավանդույթների հիման վրա գնանք առաջ, աշխարհին ներկայանալով որպես “Նորարար Ազգ-Ստարտ-ափ Երկիր”։
ՀԱՇՎԱԾ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ Է։
Վահե Գասպարյան, ԱԺԲ Խորհրդի անդամ
lragir.am/2022/05/27/719803/