ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Զրոյց Պարգեւ Սրբազանի հետ՝ Կարօ Քահքէճեանի մասին – Զրոյց Պարգեւ Սրբազանի հետ՝ Կարօ Քահքէճեանի մասին
28 ՄԱՅԻՍ 2022 – ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
ՊԱՐԳԵՒ ՍՐԲԱԶԱՆ
Զրոյց Պարգեւ Սրբազանի հետ՝ Կարօ Քահքէճեանի մասին
08.10.2018, Երեւան
Թէ գնացինք, սկզբից սկսեմ, յետոյ կ՛ուզէք՝ կը խօսենք:
1992 թուականն է, ինձ մօտեցաւ Միրով վարդապետը Ամերիկայում եւ ասաց, երկու տղայ կայ որ ուզում են գալ Արցախ, մասնակցելու ինքնապաշտպանութեանը, մէկը Կարօ Քահքէճեանը միւսն էլ Շահէ Աճէմեանը։
Նոյն ինքնաթիռով թռանք Փարիզի վրայով եկանք Երեւան։
Եկանք՝ ես անմիջապէս առաւօտ նամակ գրեցի, ուղղաթիռ նստեցրեցի Կարոյին, ասի՝ գնում ես Կոմանդոսին եւ տալիս նամակս:
Գրեցի Կոմանդոսին որ սա կարեւոր անձնաւորութիւն է, շատ պիտանի է։
Ես յաջորդ օրը ապրանք ունէի հաւաքելու, բերելու, եւ միւս օրը եկայ, արդէն Կոմանդոսը ընդունել էր Կարոյին եւայլն, եւայլն, եւայլն։
Այսպէս Կարոն սկսեց իր ջոկատը հաւաքագրել, յետոյ մենք՝ ես եւ ընկերներս սկսեցինք սատարել ջոկատին, եւ նախ մի օր նամակ գրեցի Սիգար Գոգոյին Ամերիկա, Կարոն թէ մօտենայ՝ ինչ որ կարող է թող օգտակար լինի, եւ Սիգար Գոգոն էլ սկսեց օգտակար լինել մեր Կարոյին:
Կարօն լաւ կոկիկ ջոկատ ստեղծեց եւ սկսեց մասնակցել տարբեր ճակատամարտերի, եւ այն ժամանակ մեր անվտանգութեան պետը դարձաւ կռուած տղայ Կամօ Աբրահամեանը։ Մի օր տեսայ Կամօ Աբրահամեանն ու Կարոն եկան ինձ մօտ Շուշիի առաջնորդարան։
– Օհ, ասացի, լսում եմ ձեզ։
Անվտանգութեան պետն ասում է․
– Սրբազան մի գործ կայ՝ գիտենք որ Կարոն կարող է անել, ուզում եմ խնդրել որ անի, Կարոն ասում է ոչ։ Մինչեւ սրբազանը չօրհնի՝ իմ հրամանատարը ինքն է, ես բան չեմ անի։
Ասի․
– Ի՞նչ խնդիր կայ, զարմացայ։
– Հիմա թիկունքում Ատրպէյճանական երկու տանկ կայ, մի հատ էլ մթերքի մեքենայ, պէտք է երկու հոգիով գնալ պայթեցնել։ Ասում եմ՝ մեզ շատ են նեղում։
Կարոն ասում է․
– Ինձ թող ասի սրբազանը՝ թէ հայրենիքի համար կարեւոր գործ կայ, Կարօ պիտի անես, ու թող սրբազանն ինձ օրհնի։
Ասացի․
-Ի հարկէ։
Ամեն անգամ այդպիսի մի բան էր լինում, տեսնեմ Կամոն Կարոյին բռնած գալիս ասում էր,
– Սրբազան օրհնի որ երթամ, թէ չէ ջոկատի հետ պիտի մնամ։
Ծիծաղս գալիս էր։ Ասի․
-Բարեպաշտ մարդ է, ինչ էք ուզում։
Ամեն անգամ էսպէս օրհնում էի, գնում էր թիկունքում գործեր էր անում, լռելեայն, գրեթէ մարդ չէր իմանում։ Միայն մէկ երկու հոգի էր իմանում, որ չտարածուէին լուրերը, որպէսզի անակնկալ լինէր։
Այսպէս գնում՝ թիկունքում գործերը արած գալիս էր Կարոն, էդ Կամոն գիտէր, ես գիտէի։ Էդպէս շատ չէինք խօսում դրա մասին ընդհանրապէս, շատ կարեւոր ռիսկով գործ էր անում։ Բայց ամենայնդէպս հետաքրքիր կարեւորն ինչ էր, Կարոն ասում էր, ասեմ թէ ինչի մասին էր երազում Կարոն։
-Սրբազան ջան, ուզում եմ իմ ձեռքերով ազատագրել Մասիս սարը, եւ իմ ձեռքերով Մասիս սարի ձիւները հալեցնել, սա է իմ երազանքս։ Պապուս՝ ասլան պապուս վրէժը պիտի լուծեմ։
Իր ասլան պապը ֆիտայիյի լաչակ ունէր գլխին վրայ կապած, եւ այն խանչարը՝ մեծ սուրը, միշտ կողքին կապած / հետը բերած էր /։ Գիտեմ հետը բերած էր պապու խանչարն ու գլխի լաչակը՝ թաշկինակը։
Կարոն էլ կէս տղայ՝ ութը լեզու գիտէր, բարձրագոյն աւարտած, դաշնակցական, Նոյեմբերեան դէպքերից յետոյ իրեն դուրս հանեցին, եւ դրա համար ինքն իր կարգախօսը գրեց, ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է / ԻՄ ԵՐԿԻՐԸ /։
Նեղուեց խեղճ տղան, բայց շատ հիւմորոտ էր, խայտառակ լաւ կարգի հիւմոր ունէր, Շահէի հոգին կերաւ, այնպիսի կատակներ կ՛անէր, էդպէս ստիպում էր որ Շահէի գլխին խաղար, իբրեւ թէ Երեւանում կէյ-ջի-բին կը հետեւի Շահէին, Շահէն էլ զարմանում էր, Կարոն էլ ծիծաղում էր, խեղճ Կարոն ծիծաղում էր, խնդրում էր իր ընկերներին որ սարքեն, իբրեւ թէ Շահէին հետեւում են։
Վերջը բայց, ջոկատին հետ ամեն օր պարապում էր թէ՛ գաղափառախօսական առումով, թէ՛ կրակելու, թէ՛ հետախուզելու, թէ՛ մարտը վարելու, եւ իսկապէս վերջում մեն-մենակ մնաց, Մարտակերտը ազատագրելու չորս բլուրներից մէկը ինքը պահեց, եւ մեն-մենակ ալ զոհուէց, երբ որ սնայպըրը խբեց, բայց ապահովեց Մարտակերտը, մենք կարողացանք ազատագրել, չորս բլուներից մէկը ինքը վերցրեց եւ առաւօտ մինչեւ վեցը մնաց բլուրի վրայ, ճիշտ է զոհուեց՝ բայց դա եղաւ հիմք որ մենք մտանք Մարտակերտ։
Իր զոհուելուց քսան-հինգ օր առաջ, ես, տէր Գրիգորը եւ Կարոն գալիս ենք, Գորիսի մօտ կանք արանք եւ հաց կերանք եւ յանկարծ Կարոն ամբողջ ճանապարհը պատմեց իր ամբողջ կենսագրութիւնը, իր ամբողջ կեանքը, իմ մօտ այնպիսի զգացում էր, որ սա կեանքի խոստովանանքն էր զոհուելուց առաջ, նայեցի տէր Գրիգորին, տէր Գրիգորը գլխի նշանով ասեց, ես էլ դա հասկացայ, ու ես զգացի որ ինքը զոհուելու է։
Ի՞նչ ասեմ, հայրենասէր, մաքուր, ազնիւ, խիզախ մարդ էր, եւ մարդը ապրում էր ազգով եւ հայրենիքով, կը ներէք, երբ որ զոհուեց, երբ որ բժիշկը մարմինը նայում էր՝ ասում էր, ես այսպիսի առողջ մարդ դեռ տեսած չկամ, այդպիսի կատարեալ առողջ մարմին դեռ չեմ տեսել։
Մի օր էլ խօսում ենք գաղտնի բանակի տղաների մասին՝ ԱՍԱԼԱ-ի մասին, դաշնակցական գաղտնի բանակի մասին, ԱՍԱԼԱ-ի Աւոյի մասին։
– Ի՞նչ կ՛ասես Կարօ, ասաց սրբազանը։
– Աւոն եկել է եւ Արցախում զինուոր է, ուրեմն ամենամեծ գովեստի արժանի է, որով հայրենիքի զինուոր է, ով ուզի ըլլայ, ով եկած է հոս եւ զինուորի պէս կը պահի, ամենամեծ գովեստի արժանի է ինձ համար։
Սա Կարոյի գնահատականն էր Աւոյի վերաբերեալ։
– – – – – – – – – – – –
Սրբազանը պատասխանեց իմ մի քանի հարցերին, որոնք, չգիտեմ ինչու չեն տպաւորուել ձայնագրիչի ժապաւէնի վրայ:
Որքան յիշում եմ իմ հարցերը սրանք էին. Սփիւռքահայերը ի՞նչ դեր են ունեցել Արցախեան պատերազմում, ի մտի ունեմ ոչ միայն բուն ռազմական գործօնը, մարտական գործողութիւնների մասնակցութիւնը, այլեւ տնտեսական եւ բարոյեահոգեբանական կողմը:
Սրբազանը անդրադառնալով Կարօ Քահքէճեանին՝ ասաց, որ միասին են եկել Ամերիկայից․․․
- – – – – – – – – – – – – – – – – – – –
«Սպիտակ Արջ» Կարօ Քահքէճեանի Յիշատակին երգ
Գուսան Հայկազուն ԵՐԳ ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆԻ Մասին
Song dedicated to Artsakh Armenia Hero Garo Kahkedjian
► LIKE this page to be always updated:
http://www.facebook.com/RadioYan
► Website: www.radioyan.com
Ծնված սփյուռքի հայության ծոցից,
Վառված ազգային վրեժի փորձից,
Դարձար զինվորը հայոց բանակի
Փառապանծ զավակ հայ ժողովրդի
ԿՐԿՆԵՐԳ. Արցախի կանչով եկար Հայաստան
Օրհասական էր վիճակն հայության
կռվեցիր մինչ մահ առյուծի նման
Փառք քեզ, անմահ Կարո Քահքեջյան
Քո զինվորներով “Խաչակիրների”
Շահեի նման տասնյակ քաջերի
Մասնակից դարձար բազում մարտերի
Ձեր հոգում վրեժն էր կորցրած մեր Էրգրի
ԿՐԿՆԵՐԳ. Արցախի կանչով եկար Հայաստան
Օրհասական էր վիճակն հայության
Կռվեցիր մինչ մահ առյուծի նման
Փառք քեզ, անմահ Կարո Քահքեջյան
Պատրաստվեք, հայեր, համայն աշխարհի
Շատ մոտ է պահը մեր երազանքի
Գուսան Հայակազուն, երգդ թող հնչի
Հայոց քաջերին դեպ Երկիր կանչի
ԿՐԿՆԵՐԳ. Արցախի կանչով եկար Հայաստան
Օրհասական էր վիճակն հայության
կռվեցիր մինչ մահ առյուծի նման
Փառք քեզ, անմահ Կարո Քահքեջյան
lousavor-avedis.org/