Ժողովուրդի Քուէով ու Իրաւագիրո՞վ Արցախ Կը Ծախէ… Դերենիկ Մելիքեան
01 ՅՈՒՆԻՍ 2022 –
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Մեր հայրենի երկիր Հայաստանում արդէն բռնութիւններին կառչած եւ դրանցով իշխանութիւն քարշ տւող բախտախնդիրները օր-օրի աւելի են նեարդայնանում։ Ի տես ժողովրդական ցասումի ու դիմադրութեան սաստկացման՝ կարմիր ու սեւ բերետաւորները անհամաչափօրէն փորձում են սաստել ու վախեցնել արժանապատիւ քաղաքացիներին, որոնք ահազանգում են յանուն Հայրենիի, Պետականութեան ու Ազգային վտանգւած իդէալների պաշտպանութեան…
Անշուշտ, ոստիկանապետական, գունաւոր բերետաւորներով ու զրահապատ շարասիւներով երթեւեկող (բոլորն են յիշում թաւշեայ հեծանիւով «աշխատանքի» գնացող պոպուլիստներին) ն.փ.-ի ու նրա դրածոների խաբուսիկ ու արհեստածին ինքնավստահութիւնն արդիւնքն է արտաքին այն քաջալերանք-խրախոյսների, որոնց նպատակների հիմքում ի սկզբանէ ընկած է եղել ԱՐՑԱԽ-ի յանձնումը:
Վերոգրեալները ապացուցւում-փաստւում են հետեւեալ շղթայական իրադարձութիւններով, որոնց ականատես ենք եղել վերջին օրերին…
Եւ ահաւասիկ՝
1. Կապիտուլիանտ (անձնատուր) իշխանիկների կողմից ամէն կարգի հայրենադաւութիւնն «արդարացնելու» գլխաւոր զէնքն է՝ 2021-ի խորհրդարանական ընտրութիւններում իրենց իբր յաղթանակը։ Եւ դա համարելով ժողովրդի վստահութեան քւէ՝ չարաշահում են այդ երեւոյթը որպէս իրական ու իրաւական մանդատ՝ Արցախը ծախելու, հետեւաբար եւ ամէն տեսակ հայադաւ գործարք կնքելու թուրք-ադրբեջանական հակահայկականութեանը…
Այստեղ պէտք է ընդգծել, որ պատերազմի առաջ կանգնեցրած ու ռազմա-քաղաքական ապիկարութեան (եւ ոչ միայն) արդիւնքում 5000 լուսաւոր երիտասարդութեան արիւնը հեղած, դրա կրկնապատիկն էլ՝ հաշմանդամ դարձրած, թշնամուն Շուշի եւ Հադրութ նւիրած եւ դեռ Հայաստանի հողային ամբողջականութիւնը իրական վտանգների առջեւ կանգնեցրած հայադաւների համար բնաւ էլ ամօթի ու մեղքի զգացման պատճառ չի կարող լինել նւազագոյնը 2-300000 քւէների կեղծումն ու իւրացումը… ինչպէս որ դա ժամանակին փաստերով ու ապացոյցներով ներկայացւեց հանրութեանն ու ցաւօք՝ այդ ժամանակ արդէն իշխանահաճոյ դարձած Սահմանադրական դատարանին, որն էլ բնական է՝ պիտի մերժէր ընտրական խոշորածաւալ կեղծարարութիւնները…
2. Իշխանիկների անպատկառութեան արտաքին առաջատար քաջալերողն ահա հանդիսացաւ նոյնինքն ԱՄՆ դեսպանը, երբ ն.փ.-ի բրիւսէլեան այցի նախօրեակին իսկ յիշեց գովաբանե՜լ Հայաստանում ժողովրդավարական բարեկարգումներն ու ընդգծեց 21 թ. խորհրդարանական ընտրութիւններում «ժողովրդի որդեգրած ուղին», որն երեւի ըստ դեսպանի՝ Արցախի բեռից ազատւելն էր նշանակում։ Հետաքրքիր է՝ Բրիւսէլ վերադարձից յետոյ էլ ամերիկացի դեսպանը շտապեց տեսակցել ն.փ.-ին, ակնբախ լայն ժպիտը դէմքին, որպէսզի իր գոհունակութիւնն յայտնի փաշինեան-ալիեւ հանդիպման արդիւնքների առթիւ…:
3. Այժմ առաւել քան երբեւէ պարզորոշ է դառնում ԱՄՆ դեսպանի եւ կապիտուլիանտ իշխանութեան միւս գովերգուներ՝ Եւրոմիութեան ու յատկապէս Մեծն Բրիտանիայի դեսպանների ինչպէս միշտ երկդիմի վերաբերմունքն ու կեցւածքը՝ Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական ու յատկապէս «ժողովրդավարական» գործընթացների առնչութեամբ… Նաեւ վերյիշենք նոյն դեսպանների տարօրինակ «ուխտագնացութիւնները»՝ Սիւնիքի շրջան եւ ալիեւի «Զանգեզուրեան միջանցք»-ի շուտափոյթ «բացման» արարողութիւնների մասին բարձրաձայնումները:
4. Դեսպանների գոհունակ վերաբերմունքներին զուգահեռ՝ ահա կրկին լսւում է թուրքական «խաղաղութեան» նոր պատգամը, այս անգամ մեջլիսի խօսնակ Շենթոփի կողմից հնչւող, երբ դատապարտում էր մասնաւորապէս «Սփիւռքեան ազգային ռադիկալ ուժերին», որոնք ընդդիմանում են հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հաշտութեան խաղաղասիրակա՜ն քայլերին…
5. Որպէս ամփոփում կարելի է ոչ այնքան հեռաւոր անցեալի հետ Արցախեան հարցի գծով մի զուգահեռ գծել։ Սրանից 24-5 տարի առաջ՝ 1997-8-ին, երբ օրւայ իշխանականների նախագահը՝ լ. տ. պետրոսեանը իր «պատերազմ թէ՝ խաղաղութիւն» յօդւածում լոկ մի կարծիք յայտնելով՝ նպատակայարմար էր տեսել Արցախը թշնամուն վերադարձնելը (որպէսզի Սերգէն լաւ ապրի), դա ընդամէնը մի քանի օրերի ընթացքում իրեն ու իր հհշ-ական իշխանութեան տապալմանը յանգեցրեց։ Այն ժամանակ ոչ ոք, նոյնիսկ թուրք-ադրբեջանցիները ազգային ուժերին ու լ.տ.պ.-ից երես թեքած Վազգէն Սարգսեաններին ռեւանշիստներ չանւանեցին։ Այսօր, սակայն, նոյն լ.տ.պ.-ի գաղափարակից-յետնորդները սկուտեղի վրայ նւիրել են Արցախի 75 տոկոսն ու դեռ մօտալուտ օրերին համարձակւում են մնացեալ 25 տոկոսն էլ ադրբեջանական համարել, սակայն, այդ ամենով հանդերձ՝ իշխանիկները յապաղում են հեռանալ ու դեռ մի բան էլ աւել՝ ազգային-ընդդիմադիրներին մեղադրում են պատերազմատենչութեան մէջ…
Սիրելի ընթերցող, դա այդպէս է, քանզի ամբոխավար իշխանականներին յաջողւել է 21 թ. ընտրութիւններն ըստ կամս կազմակերպել ու դա մեծամասնութեան կամքի արտայայտութիւն ձեւացնել, որն էլ պարզ է՝ ադրբեջանամէտ արեւմտա-եւրոպական դիւանագէտները եւս կը համարեն ազատ ու ժողովրդավար ընտրութիւններ։ Դա այդպէս է, որովհետեւ իրենց դաւաճանական որեւիցէ արարք «արդարացնելու են» տւեալ ընտրութիւններով…
Գիտակից, բայց ընտրական կեղծարար տեխնոլոգիաների զոհ դարձած ընտրազանգւածներին մնում է դիմադրել ու պայքարել հայրենակործան «ժողովրդավարներ»-ի դէմ եւ իր շարքերը օրէօր համալրել ցայժմ մոլորեալ, հոգեբեկւած եւ ինչ-որ տեղ անտարբերացած, բայց անտարակուսօրէն արթնացող ժողովրդական լայն խաւերով…
Դերենիկ Մելիքյան
yerakouyn.com/2022/05/31/ժողովուրդի-քուէով-ու-իրաւագիրո՞վ-արց/