Մենք տէր ենք մեր երկրի պաշտպանութեանն ու անվտանգութեանը. Իշխան Սաղաթելեան
06 ՄԱՅԻՍ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ:
Ալիեւը թուիթըերեան գրառում է արել․ «Բոլորը պէտք է իմանան պատմութիւնը․ 1920 թ-ին Սովետական Միութեան որոշմամբ մեր պատմական հողը՝ Արեւելեան Զանգեզուրը, բաժանուեց Ադրբեջանից եւ տրուեց Հայաստանին։ Սա պատմական անարդարութիւն էր մեր ժողովրդի նկատմամբ»․ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաքի ժամանակ։
«Սա ասել է Ալիեւը։ Երբ մենք ասում ենք, որ վտանգը միայն Արցախով չի սահմանափակւում՝այս մարդիկ կտոր-կտոր յանձնելու են մեր հայրենիքը ու բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ այս աղէտը իրենց դռանը չոքելու՝ իրենց բնակարաններում սպասում են․ հէնց սրա մասին ենք ասում։ Ակնյայտ է, որ թշնամին հաւակնութիւն ունի Սիւնիքի նկատմամբ եւ այս ժամանակահատուածում որոշակի առաջընթաց է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ եթէ այս դաւաճանները մնան, հետեւողականօրէն թուլացնեն մեր երկրի պաշտպանութիւնը, բանակը վերջնականապէս տանեն կազմաքանդման՝ թշնամին շարժուելու է դէպի Հայաստան ու մինչեւ Երեւան»,-ասաց նա։
Երբ ասում էինք նոյեմբերի 9-ից յետոյ հեռացիր, որ գոնէ այսքանը կարողանանք փրկել, հէնց սրա համար էինք ասում՝ նշեց Սաղաթելեանը։
«Ուրեմն ե՛ւ Ալիևը, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդը, ե՛ւ ամբողջ աշխարհը թող իմանան՝ հայ ժողովուրդը ծնկի չի գալու, հայ ժողովուրդը այս ամէնը համարում է ժամանակաւոր ու սրանց հեռացնելուց յետոյ մենք տէր ենք մեր երկրի պաշտպանութեանը ու անվտանգութեանը»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։
Հայաստանի ու Արցախի նկատմամբ բոլորի հաւակնութիւնները յաջողութեան չեն հասնելու՝ վստահեցրեց նա։
«Այսօր թուրք-ադրբեջանական դաշինքը Հայաստանում, դժբախտաբար, ունի յենարան, երբ այդ յենարանը ջարդենք՝ այդ ծրագրերը կիսատ են մնալու եւ այդ օրուանից ունենալու ենք նոր արշալոյս»,-ասաց նա։
Այս շաբաթ Հայաաստան են ժամանելու տարբեր միջազգային պատուիրակութիւններ, կան տարբեր կարեւոր միջոցառումներ, որի մասին կը պլանաւորենք մեր աշխատանքները եւ ձեզ կը տեղեկացնենք: Վստահ եղէք, ոնց որ սկսել ենք, մեր պայքարը այսպէս կ’ազմակերպուած կը տանենք մինչեւ վերջ ու այս պայքարը այլ ելք չունի, քան յաղթանակը»,-ասաց նա:
horizonweekly.ca/en/մենք-տէր-ենք-մեր-երկրի-պաշտպանութեանն/