Ռադիկ Խամոյան. «Իրատեսական «Խաղաղության դարաշրջանի» հաստատման իրավական-քաղաքական նախապայմանների խնդիրը Հարավային Կովկասում եւ Մեծ Մերձավոր Արեւելքում»
18 ՅՈՒՆԻՍ 2022
(Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ Ռադիկ Խամոյանի քաղաքական ելույթը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 3-րդ նստաշրջանում)
Իրատեսական խաղաղություն Հարավային Կովկասում եւ Մեծ Մերձավոր Արեւելքում ոչ մի կերպ չի կարող հաստատվել տարածաշրջանի բնիկ ժողովուրդների, այդ թվում, հայերի, հույների, ասորիների, եզդիների, քրդերի, թալիշների, լեզգիների․․․ եւ այլ ժողովուրդների իրավունքների ոտնահարման հաշվին։
Խաղաղության հաստատման գրավականը հայ ժողովրդի եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների իրավունքների իրականացման հանձնառությունն է։ Ինչու ենք նշում՝ «հանձնառություն»։ Որովհետեւ իրականում հայերի եւ քրդերի իրավունքների վերաբերյալ, օրինակ, Փարիզի խաղաղության կոնֆերանսում 1919-1920 թթ․ հաղթող պետությունների կողմից համապատասխան ու կարեւոր որոշումներ են կայացվել, սակայն առ այսօր չեն իրականացվել։
Նշենք դրանցից հայ ժողովրդին տրված իրավունքները․
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչումը, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.։
- Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի ներկայացրած «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» որոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի վերաբերյալ, 24 փետրվար 1920 թ․։
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչումը, 11 մայիս 1920 թ.։
- Սեւրի խաղաղության պայմանագրի ստորագրումը, 10 օգոստոս 1920 թ․։
- ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի», 22 նոյեմբեր 1920 թ.։
Մենք չենք ուշացել, թշնամիներն են շտապել։
Հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանության հարցում մենք չենք ուշացել։ Ժամանակին Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմել ՄԱԿ-ին
- ՄԱԿ-ին անդամակցելու հայտով,
- ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա,
- Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ, 29 նոյեմբերի,
- Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ, առաջարկելով՝ այս հարցում հաշվի առնել Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստան պետության սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը։
Նշյալ դիմումնագրերը 2018 եւ 2019 թթ. ուղարկվել են ՄԱԿ:
Թշնամիներն են շտապել։ Հայտնի է, թե ինչու են շտապել։ Նրանք ցանկանում են 1920 թ․ Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի եւ պարտադրված պայմանագրերի օրինակով, 2020 թ․ իրականացված նոր ագրեսիայի ու պարտադրվող նոր պայմանագրերի միջոցով, տարածաշրջանում անօրինական կերպով հաստատված իրողությունները կրկին երկարաձգել ինչ որ անորոշ ժամանակով։
Մենք չենք ուշացել, այլոք են ուշացել, եւ թշնամիներն են շտապել։
Դեռեւս 2010 թ․ ապրիլին դիմել ենք առաջարկով Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանում ապրող հայ ժողովրդի պաշտպանությունը կազմակերպել Շվեյցարիայի կամ Իսրայելի օրինակով։
Երբ ականատես եղանք այս հարցում դանդաղկոտության, մենք ինքներս 2011 թ․ մարտի 29-ին որոշում կայացրինք «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության վերաբերյալ», որը նույն է թե՝ հայ ժողովրդի պաշտպանությունը կազմակերպելը Շվեյցարիայի օրինակով։
Սույն որոշման 7-րդ հոդվածում գրված է․ «Ինչպես Արեւմտյան Հայաստանի հայերը, նունպես Հայոց Հայրենիքից տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր պատճառներով բռնագաղթված ու տարագրված հայությունը՝ բարոյական, պատմական, քաղաքակրթական, քաղաքական եւ քաղաքացիական բոլոր իրավունքներն ունեն կիրառելու Մշտական, Զինված, Դրական Չեզոքության քաղաքականությունը, այն պատճառով, որ մինչեւ օրս Ազգերի Լիգան, ապա ՄԱԿ-ը ու Միջազգային ընկերակցությունը պատշաճ մակարդակով չեն պաշտպանել Հայաստանի ու հայության բնական, մշտական եւ անօտարելի իրավունքները»:
Մենք չենք ուշացել, այլոք են ուշացել, եւ թշնամիներն են շտապել։
Դեռեւս 2020 թ․ հունվար ամսից սկսած հանդես եկանք հայ ժողովրդի բոլոր իրավունքները վճռականորեն պաշտպանելու առաջարկով, նկատի առնելով այն հանգամանքը, որ դրանց 100-ամյակը լրանում է 2020 թվականին։
Ցավոք, Հայաստանին ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն նույնն են, այլեւ բարդացված։ Այս իմաստով Արցախյան վերջին պատերազմի բեմականացումն ու պարտադրված սկզբունքները հուշում են, որ դա արվել է Հայաստանի դիրքերը միջազգային հարթակներում թուլացնելու նպատակով։ Ինչպես 1920 թվականին։ Որպեսզի նա չկարողանա բարձրացնել Հայկական Հարցը վերջնականապես կարգավորելու պահանջատիրության թղթածրարը։
Մենք չենք ուշացել, այլոք են ուշացել, եւ թշնամիներն են շտապել։
2021 թ․ մայիսին նշեցինք, որ Հայաստանի ու հայության խնդիրը նույն է․ պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն։ Մենք ուշադիր ենք, հանձնառու եւ ամեն կերպ թիկունք կանգնելու «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերին», որի վերաբերյալ տարածքային միավորման սկզբունքով կազմավորման, հիմված զինված չեզոքության վրա, որոշումը կայացրինք 2018 թ․ հունվարի 10-ին։ Ի պատիվ նրանց պետք է ասել, որ բոլորն անխտիր ու հերոսաբար մասնակցեցին Արցախի պաշտպանությանը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայի ժամանակ։ Փառք ու պատիվ եւ ապրող հերոսներին, եւ հերոս նահատակներին։
Մենք չենք ուշացել, այլոք են ուշացել, եւ թշնամիներն են շտապել։
Հայ եւ օտար շատ վերլուծական կենտրոններ նշում են սա Արցախյան հակամարտության վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը։ Համամիտ ենք այդ կարծիքին։ Գիտենք, որ հայ ժողովրդի եւ Հայաստանի ներուժն ու ռեսուրսները անսպառ են։ Այլ հարց է, որ միշտ խանգարում մեզ դրանք բացահայտել ու գործածել։ Պետք է սովորել սեփական ներուժը՝ սեփական նպատակներին ծառայեցնելու արվեստը։ Այդ ներուժը ունակ է իրավիճակն ամբողջովին շրջելու։ Թշնամիներն են շտապել։ Առաջիկայում կտեսնենք, նրանք արդյո՞ք բավարար ռեսուրսներ եւ ժամանակ ունեն իրենց հանցագործ ծրագրերն ավարտին հասցնելու։ Այս հարցում հիմնավորված կասկածներ ունենք։
Նշել ենք, որ «այս իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է», եւ որ՝ հայ ժողովրդի հասարակական, քաղաքական, հոգեւոր ու մշակութային, եւ պետական կառույցները պարտավոր են ապահովել հայ ժողովրդի պաշտպանությունը ամեն տեսակ ագրեսիայից ու նոր ցեղասպանության փորձից, պաշտպանել հայ ժողովրդին տրված բոլոր իրավուքների իրականացումը, պաշտպանել հայ ժողովրդի արժանապատիվ ու ազատ ապրելու իրավունքը, այս աշխարհում, այս արեւի տակ։
Մենք մեր կարգին, ի սկզբանե, որդեգրել ենք այդ ծրագիրն ու օրակարգը, եւ հավատարիմ ենք մնալու դրան մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ։
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
18-ը հունիսի, 2022 թ.