Անդրադարձ – Միջնադարի Արաբ Պատմիչները Փաստել Են Բերձորը Հայկական Է
05 ՅՈՒԼԻՍ 2022 – Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է:
Իրանի խորհրդարանի նախկին պատգամաւոր, «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր, Թեհրանի «Ազատ» համալսարանի դասախօս Կարէն Խանլարեանը գրում է.
Բերձորը հայկական է, չկասկածէ՛ք. կան հայ մարդիկ, որոնք հարցականի տակ են տարել ու դեռ տանում են` Կուր գետի աջափնեայ տարածքների` Գանձակից մինչեւ Պարթաւ (Բարդա) եւ մինչեւ Փայտակարան (Բէյլական) շրջանների հայապատկանութիւնը: Խօսքս ուղղուած չէ նրանց: Նրանք թող զբաղուեն իրենց պատուիրատուներով: Խօսքս ուղղում եմ հայ երիտասարդութեանը. իմացէ՛ք, որ պատմական Կուր (Կուրոս) գետը Հայաստանի արեւելեան սահմանագիծն է: Չխաբուէ՛ք յանկարծ թուրքա-ազրպէյճանական պատմաշինութեան մեքենային ծառայող գործիչների տարածած անհեթեթ ստերին:
Չկասկածէ՛ք երբեւէ, որ Բերձորը Հայաստանի հնագոյն բնակավայրերից է, որն ունի առնուազն 2800-ամեայ պատմութիւն, եւ որի մասին վկայել են իսլամ պատմիչ-աշխարհագիրներն անգամ: Ահա` երկու կարեւոր վկայութիւն. սիրիացի Իպն ալ Ատիմը (1192-1262թթ.) եւ տրիփոլցի (Լիպիա) Իպն ալ Մենզուրը (1233-1312թթ.), իրենց առանձին աշխատութիւններում, բառացիօրէն գրել են հետեւեալը. «Հայաստանի քաղաքներից Բերդէի շրջաններից է` Բերդէյճը»: ԲԵՐԴԷ-ն նոյն ինքը` հայկական Պարթաւն է (Բարդա): Իսկ ԲԵՐԴԷՅՋ բառակապակցութիւնը պարունակում է ԴԷՅՋ բառը, որը պարսկերէն ԴԵԺ (բերդ) բառի արաբերէն է:
Այսպիսով, Բերդէյջը նշանակում է կա՛մ Բերձոր (Բերդձոր) կա՛մ էլ` Բերդաձոր, որի վարչական տարածքում, ամենայնդէպս, ընդգրկուած է հայապատկան Բերձորն իր քարանձաւների հնամեայ սեպագիր արձանագրութիւններով…
aztagdaily.com/archives/551186