Ադրբեջանի հերթական պահանջը – ՀՀ դե-ֆակտօ իշխանութիւնների անգործութեան և լուռ համաձայնութեան պայմաններում – Արփի Մադոյեան, թուրքագէտ

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ - ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Ադրբեջանի հերթական պահանջը – ՀՀ դե-ֆակտօ իշխանութիւնների անգործութեան և լուռ համաձայնութեան պայմաններում – Արփի Մադոյեան, թուրքագէտ

13 ՅՈՒԼԻՍ 2022 – ՀԱՅ ԴԱՏ – ՍՓԻՒՌՔ:

Արփի Մադոյեան, թուրքագէտ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org

Horizon Weekly Newspaper

ՀՀ դե-ֆակտօ իշխանութիւնների անգործութեան և լուռ համաձայնութեան պայմաններում Ադրբեջանի իշխանութիւնները ոչ միայն իրականացնում են Արցախեան երրորդ պատերազմի ընթացքում օկուպացուած հայկական տարածքների մշակութային և ռազմաքաղաքական ակտիւ իւրացում, այլև շարունակում են հաւակնութիւններ դրսևորել Հայաստանի Հանրապետութեան՝ միջազգայնորեն ճանաչուած տարածքների ու մշակութային կառոյցների նկատմամբ։ Ընդ որում, այդ հաւակնութիւնները բարձրաձայնւում են ոչ միայն ներքին լսարանի առջև՝ այդպիսով ապահովելով հակահայկական տրամադրութիւնների բարձր մակարդակը,  այլև միջազգային հարթակում, ինչն էլ կապուած է ՀՀ նկատմամբ ծաւալապաշտութեան արտաքին լեգիտումթեան ապահովման հետ։

Վերջին նմանօրինակ դրսևորումը կարելի է համարել յուլիսի 5-ին Ադրբեջանում անցկացուած պատմաբան, հետազօտող Սաբուհի Հուսէյնովի «Թեփեբաշի թաղամասի՝ Երևանում Ադրբեջանի ազգային-մշակութային և պատմական ժառանգութեան վերջին մնացորդի ճակատագիրը․ Հայաստանում ադրբեջանական ազգի ժառանգութեան ոչնչացումն ու պատմական հետքերի վերացումը» ուսումնասիրութեան շնորհանդէսը։ Նշւում է, որ «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասը «հնագոյն Երևան քաղաքի» պատմական թաղամասերից է, որի «աւերակները պահպանուել են մինչև մեր օրերը»։ Հետազօտութեան հիման վրայ հրապարակուել է նաև նոյնանուն գիրքը, որի մեջ ընդգրկուել են ուսումնասիրութեան նիւթերը և «արխիւային փաստաթղթեր, որոնք վկայում են ադրբեջանական ազգին Թեփեբաշի թաղամասի պատկանելութեան և այնտեղ գտնուող վերջին յուշարձանների մասին, որոնք ոչնչացւում են»։ Իր ելոյթում «Միրաս» մշակութաին ժառանգութեան ուսումնասիրութեան աջակցութեան հասարակական միութեան նախագահ Ֆարիզ Խալիլին նշել է. «Երևանին և նրա մշակութային ժառանգութեանը անհրաժեշտ է մօտենալ միջազգային կոնվենցիաների շրջանակներում»։

Ս․ Հուսէյնովը յայտարարել էր նաև․ «Կապոյտ մզկիթն այսօրուայ դրութեամբ Երևանում գոյատևած միակ մզկիթն է։ Այդ մզկիթը գտնուել է Թեփեբաշի քաղաքային թաղամասում»։ Նա անթոյլատրելի է համարել այն, որ Իրանի ներկայացուցիչները Կապոյտ մզկիթը համարում են իրանական մզկիթ և նշել է, որ «Կապոյտ մզկիթը աշխարհում պէտք է ճանաչուի որպէս ադրբեջանական մզկիթ»։

Շնորհանդէսի ժամանակ նաև յայտնի է դարձել, որ մի շարք ադրբեջանցի գիտնականներ և հասարակութեան ներկայացուցիչներ դիմել են ԵՈՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէին։ Փաստաթղթում, որ իրենից ամբողջութեամբ ներկայացնում է պատմական փաստերի խեղաթիւրում և հայկական տարածքների նկատմամբ ադրբեջանական հաւակնութիւնների հիմնաւորման փորձ, հեղինակները խնդրում են ԵՈՒՆԵՍԿՕ-ին Երևանի «Թեփեբաշի» թաղամաս ուղարկել առաքելութիւն և յոյս յատնում, որ «Հայաստանում չեն խոչընդոտի ԵՈՒՆԵՍԿՕ-ի առաքելութեան գործունէութեանը»։

Այս իրադարձութեան նախօրէին՝  յուլիսի 4-ին կայացել էր «Նիւթական-մշակութային ժառանգութիւնը ադրբեջանական պատմական հողերի վրայ․ Երևանից մինչև Զանգեզուր» գրքի շնորհանդէսը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի մշակոյթի նախարար Անար Քարիմովը։ Վերջինս դժգոհութիւն է յայտնել ԵՈՒՆԵՍԿՕ-ից՝ համարելով այն քաղաքականացուած կազմակերպութիւն, քանի որ այն առաքելութիւն չի ուղարկել Հայաստան՝ «Հայաստանում Ադրբեջանի մշակութային ժառանգութեան ոչնչացումը» ուսումնասիրելու համար և աչք է փակել «ադրբեջանական հողերի օկուպացիայի ժամանակ պատմամշակութային յուշարձանների ոչնչացման մասին ապացուցների վրայ»։

 

Յիշեցնենք, որ 2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքուի շքահանդէսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը յայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սիւնիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նպանատիպ առաջին յայտարարութիւնը չէր։ Ադրբեջանական իշխանութիւնը հետևողականօրէն ներարկում է իր հասարակութեանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելութեան մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտէզների ստեղծումով, որոնց վրայ Սևանը և Սիւնիքը պատկերուած են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարութիւնների կատարմամբ։

Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հաւականութիւնների վառ դրսևորում կարելի է համար պաշտօնական հռետորաբանութեան մէջ «Արևելեան Զանգեզուր» և «Արևմտեան Զանգեզուր» եզրերի կիրառումը։ «Արևելայն Զանգեզուր» արհեստական անուան տակ հասկացւում է Արցախի Հանրապետութեան հարաւ-արևմտեան այն հատուածները (Քաշաթաղի շրջան), որոնք օկուպացուել են 2020 թ. Արցախեան երրորդ պատերազմի արդիւնքում, իսկ «Արևմտեան Զանգեզուր»-ն օգտագործւում է ՀՀ Սիւնիքի մարզը նշելու համար։ Ընդ որում, դրանց կիրառմանը զուգահեռ նշւում է որ թէ՛ Արևելեան, թէ՛ Արևմտեան Զանգեզուրները Ադրբեջանի «պատմական հողերն են»։ Հաւելենք նաև, որ 2021 թ․ յուլիսի 7-ին Ադրբեջանի նախագահի հրամանով, ըստ «Ադրբեջանի Հանրապետութեան տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքի, Արցախեան երրորդ պատերազմում Ադրբեջանի կողմից օկուպացուած տարածքներում ստեղծուել են «Արևելեան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական շրջանները։ Իսկ նոյն տարուայ յուլիսի 14-ին Ալիևը յայտարարել էր․ «Ստեղծուել է նաև Արևելեան Զանգեզուրի տնտեսական շրջանը: Հիմա սրա պատճառով Հայաստանում հիստերիա է տիրում: Դրա կարիքը չկայ, քանի որ Արևելեան Զանգեզուրը մեր պատմական հողն է։ Ինչպէս նաև Արևմտեան Զանգեզուրը: Ամբողջ Զանգեզուրը՝ արևելեան և արևմտեան, մեր նախնիների հողն է։ (…) Ես ասացի, որ մենք կը վերադառնանք այնտեղ: Ես դա ասել եմ 10 տարի առաջ: Սա մեր նախնիների երկիրն է, մենք պէտք է վերադառնանք այնտեղ, և կը վերադառնանք: Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել: Մենք անպայման կը վերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկայ»:

Կարող ենք պնդել, որ Ադրբեջանի կողմից այս և նմանատիպ այլ յայտարարութիւնները, իրադարձութիւններն ու նախաձեռնութիւնները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդէն իսկ 2020 թուականի նոյեմբերից յետոյ ՀՀ սուվերեն տարածքի աւելի քան 70 քառակուսի կմ հատուածի գրաւումը Ադրբեջանի ԶՈՒ կողմից, այլև հող են նախապատրաստում Սիւնիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դէմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժէք գրաւում։

Այս իրականութեան պայմաններում, երբ Հայաստանի դէմ հնչում են տարածքային հաւակնութիւններ և իրականացւում է ռազմական անթաքոյց ագրեսիա, պաշտօնական Երևանը ի դէմս դե-ֆակտօ իշխանութիւնների առաջ է մղում այսպէս կոչուած «խաղաղութեան օրակարգը», որ,  սակայն, միակողմանի է։

 

Արփի Մադոյեան, թուրքագէտ

hayaliq.com

horizonweekly.ca/en/ադրբեջանի-հերթական-պահանջը/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail