Հիմնախնդրի շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս չի երևում – Շահան Գանտահարեան

Culture-Monastère de Gandzak

Հիմնախնդրի շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս չի երևում – Շահան Գանտահարեան

Միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

18 ՅՈՒԼԻՍ 2022 – Հարցազրույց

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Radar Armenia-ին տված հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
– Խնդրում ենք ներկայացնել Ձեր տեսակետը Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ․ ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը։
– Իհարկե, առաջին անգամը չէ, որ երկու երկրների ղեկավարները իրար շնորհավորում են։ Նախկինում ՀՀ նախագահն ու Թուրքիայի իր պաշտոնակիցը ազգային տոների առիթով իրար էին շնորհավորում։ Հիմա առիթը օգտագործել է հայկական կողմը՝ դրական ուղերձ փոխանցելու համար։ Կարծում եմ՝ թայմինգը քաղաքական առումով շատ կարևոր է։ Երբ Անկարան անվերջ փոխկապակցում է Երևանի հետ երկխոսությունն ու հայ-ադրբեջանական բանակցությունները, երբ Անկարայի վարիչները անվերջ խոսում են «զանգեզուրյան միջանցք»-ի մասին, երբ Թուրքիայի համապատասխան մարմինները փակում են օդային տարածքը հայկական թռիչքների առջև, կարծում եմ՝ քաղաքականորեն անտեղի է «բայրամ» շնորհավորելը։ Չմոռանանք՝ 44-օրյա պատերազմը Բաքուն չէր նախաձեռնի՝ առանց Թուրքիայի ուղղակի ներգրավման:
– Արդյոք կարելի՞ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ առաջընթացի մասին, թե՞, այնուամենայնիվ, դրա հեռանկարը մշուշոտ է։
– «Մշուշոտ» եզրը, կարծում եմ, ճիշտ բանաձև է։ Երբ ամեն ինչ համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, ենթադրում է թուրք և ադրբեջանական պահանջների, ճնշման միակողմանի բավարարում։ Իսկ համատեղ պահանջը, առաջին հերթին, իրենց ձևակերպած «զանգեզուրյան միջանցք»-ն է, մեր ասելով՝ կոմունիկացիոն ճանապարհը։ Ըստ էության, սակայն, դա թուրանական կամուրջ է։
– Ձեր կարծիքով՝ սփյուռքն ինչպե՞ս կարձագանքի կատարվածին, հնարավո՞ր է այս անգամ եթե ոչ դրական, ապա, առնվազն, լոյալ դիրքորոշում որդեգրի։
– ՀՀ-Թուրքիա հարաբերությունները համահայկական օրակարգի մաս են։ Իսկ համահայկական օրակարգի մշակման և հայկական կողմի անելիք քայլերի շուրջ ներազգային համախոհությունը առաջադրանք է։ Համազգային հայեցակարգի մշակումը ենթադրում է սփյուռքյան ներկայացուցչության ներգրավում, ինչը, ցավոք, բացակայում է։ Երկկողմանիորեն ասվում է, որ երկխոսությունն ընթանում է առանց նախապայմանների, զուգահեռ՝ Անկարան պահանջում է ՀՀ-Թուրքիա սահմանագծում, ինչը համազոր է Կարս-2-ի։
– Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ տեսնո՞ւմ եք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հեռանկար։
– Այս պահի դրությամբ կշարունակվի գործընթացը, սակայն չի լինի կարգավորում, որովհետև դա փոխկապակցվում է արցախյան հակամարտության կարգավորմանը, ինչը տեսանելի չէ, քանի որ մինչ այժմ չի երևում աշխարհաքաղաքական կոնսենսուս՝ հիմնախնդրի շուրջ։

artsakhpress.am/arm/news/166669/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail