Սինանեանը Եկաւ Ջաւախք, Հանդիպեցաւ, Խաբեց ու «Թռաւ» (տեսանիւթ)

Սինանեանը Եկաւ Ջաւախք, Հանդիպեցաւ, Խաբեց ու «Թռաւ» (տեսանիւթ)

18 ՅՈՒԼԻՍ 2022

2020 թ. Փետրուարին անդրադարձած էինք ՀՀ Սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի՝ վրաստան կատարած այցին, որուն ծիրէն ներս Զարեհ Սինանեանը եղաւ նաեւ Ջաւախքի շրջաններու մէջ՝ պաշտօնական այցով առաջին ու վերջին անգամ հանդիպելով ջաւախահայութեան հետ:

Ստորեւ կը ներկայացնենք հատուածներ Զ. Սինանեանի՝ Ախալքալաքի մէջ հանդիպումէն՝ փաստելու համար, որ թէեւ ջաւախահայութեան բարձրացուցած սուր հարցերուն ու Սինանեանի տուած առատ խոստումներուն, մինչ օրս որեւէ հարց տեղէն չէ շարժած: Բաւական է այցելել Ջաւախքի տարբեր բնակավայրեր եւ աղերսուիլ 21-րդ լուսաւոր դարուն իրագործուող սպիտակ ցեղասպանութեան հետ: Աւելին՝ ազգային-քաղաքական բնոյթի սուր խնդիրները հետզհետէ աւելի խորացած են, որոնց մասին, սակայն, հայկական շրջանակներու մէջ երբեմն անիմաստ կը համարեն բարձրաձայնել՝ պարզորոշ հասկնալով, որ Արցախը յանձնող ու թուրք-ազրպէյճանական տանդէմի հետ քիրուայութիւն երազող փաշինեանական խմբակին Ջաւախքը պարզապէս անհասկնալի «առարկայ» մըն է:

Ի դէպ, վրացական ղեկավար օղակներէն այժմ ջաւախահայ հասարակական-քաղաքական շրջանակներուն յստակ ուղերձ կու տան, որ անոնք իրենց ազգային եւ հայապահպան գործունէութեամբ դէմ են ՀՀ-ի որդեգրած թրքամէտ քաղաքականութեան՝ այդպիսով խանգարելով փաշինեանա-վրացա-թրքական «եղբայրութեան»:

Այսպիսով՝ Փաշինեանի պետականակործան, պառակտիչ ու թրքահաճոյ ծրագրերը Սփիւռքի մէջ կեներացնելու գործին լծուած Զարեհ Սինանեանը եկաւ Ջաւախք, հանդիպեցաւ, խաբեց ու «թռաւ» այնտեղէն՝ ջաւախահայութիւնը սեփական խնդիրներուն հետ ձգելով մեն-մինակ:

***

Դաւիթ Ռստակեան (ջաւախահայ հասարակական-քաղաքական գործիչ) – Ունենալով մօտ 30 տարուայ փորձ` հասարական, քաղաքական ոլորտում, ասեմ ձեզ հետեւեալը` եթէ ծանօթանաք Վրաստանի օրէնսդրութիւնը, այնտեղ յստակ գրուած է, որ ձեւաւորւում է ունիտար պետութիւն, այսինքն` բազմազգ, բազմալեզու, բազմասէգմենտ հասարակութիւնում կառուցւում է այդպիսի պետութիւն: Յարգարժան դեսպանն ասաց` կրթութեան մասին չխօսենք, բայց դա լրջօրէն վերաբերում է կրթութեան ոլորտին, «Կրթութեան մասին» օրէնքի 4-րդ յօդուածն ասում է` Վրաստանի հանրակրթական դպրոցներում դասաւանդման լեզուն վրացերէնն է, այսինքն` չկայ հայկական դպրոց, մոռացէք:

5-րդ յօդուածը վերաբերում է ինքնակառավարման մարմնին: Այստեղ կան շատ պատգամաւորներ, որ ժամանակին ինձ հետ նստում էին այդ աթոռներին, այդ ժամանակ մեր առաջին հարցը եղաւ այն, որ ինքնակառավարման մարմնի գործավարութեան լեզուն լինի նաեւ հայերէնը: Ճիշտ է, մենք դէ ֆակտոյ կիրառում էինք հայերէնը, բայց դէ իւրէ վրացերէնն է: Ին՞չ էք կարծում, մեր գիւղում` Սամսարում կարելի՞ է միանգամից վրացական դպրոց ստեղծել, հնարաւոր չէ, բայց տենդենցն աստիճանաբար գնում է դրան: Այսինքն` այս տեմպերով եւ այս օրէնսդրութեամբ մենք երբեք չենք յաջողի ձեզ հետ: Դրա համար առաջին գործը, որ պէտք է հիմա անենք, վրաց պետութեան հետ աշխատելն է, քանի դեռ կան պայմաններ եւ ուշ չէ:

Ի միջի այլոց, Սփիւռք-Հայաստան 6-րդ համաժողովում մենք համապարփակ ներկայացրինք մեր նկատառումներն ապագայ տեսլականի համար, ջաւախահայութեան` մասնաւորապէս: Ի հարկէ, Վրաստանում Ջաւախքի ու Թիֆլիսի պրոբլեմները տարբեր են. մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքում, եւ միջազգային օրէնսդրութիւնը, իրաւունքի նորմերը, բնականաբար, տարբեր են: Դուք պիտի սա տեղ հասցնէք Վրաստանի իշխանութիւններին, որ մենք վրաց ժողովրդին թշնամի չենք, իշխանութիւններին` եւս, չնայած նրանք, իրար յաջորդելով, աստիճանաբար հայաթափում են տարածաշրջանը: Սա իրական պատկերն է: Եթէ տեղական ինքնակառավարման մարմինը ձեւաւորում ենք յատուկ ծառայութիւններով, առանց նրանց հետ համաձայնեցնելու, որեւէ բան չի արւում:

2006 թուականին, օրինակ, ես պատգամաւոր էի, յատուկ ծառայութիւններ էին կազմակեպրում ընդդէմ պատգամաւորների, բայց կոնկրետ իմ դէպքում չեղաւ այդպէս, չկարողացան առաջն առնել` ես ընտրուեցի պատգամաւոր: Յետոյ մենք մեր տեղական ինքնակառավարման մարմնով ընդունեցինք հայոց լեզուին տարածաշրջանային լեզուի կարգավիճակ տալու խնդրանքը խորհրդարանին եւ նախագահին, նա էլ համայն աշխարհին` հեռուստատեսութեամբ, ասաց, թէ Ռսկատեանն իր ընկերների հետ ուզում է հայոց լեզուն Ջաւախքում դարձնել տարածաշրջանային լեզու, եւ դա, պարզւում է, Վրաստանի անվտանգութեան խնդիր է: Եթէ Ջաւախքում հայոց լեզուի կարգավիճակը Վրաստանի անվտանգութեան խնդիր է, էլ ինչի՞ մասին կարող ենք խօսել: Յետոյ սկսուեցին հետապնդումները մարդկանց նկատմամբ, որոնք սկսում էին մտածել այս ուղղութեամբ, մի քանի միջադէպեր յատուկ ծառայութիւնների հետ…

Հիմա այս դահլիճում էլ, որ հաւաքուած ենք, յատուկ հսկողութեան տակ է: Դրա համար եկէք այսօրուանից սա հասկանանք, եւ սա բխում է Հայաստանի ու Վրաստանի շահերից` միանշանակ, որովհետեւ սա այն տարածաշրջանն է, որը հաւասարապէս պահելու է եւ’ Հայաստանը, եւ’ Վրաստանը: Եթէ Վրաստանը չունենայ հսկողութիւն այս տարածքի վրայ, չկայ Վրաստանը, եթէ Հայաստանը չունենայ հսկողութիւն, Հայաստանը չկայ: Դէ պատկերացրէք` այս սիամական երկուորեակներն ինչպէս են իրար հետ կապուած: Խնդրում եմ ձեզ, քանի ուշ չէ, եկէք աւելի ռէալ, ճիշտ ճանապարհով գնանք:

Ռուբէն Սադոյեան (Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան) – Դուք ինձ սխալ էք հասկացել, այսինքն` երբ ես ասում եմ` այստեղ` դահլիճում, կրթութեան հարցերը չբարձրացնենք, մեր ժամանակը չխլելու համար եմ ասում. տոտալ, ամբողջական տիրապետում ենք, թէ ինչ խնդիրներ ու թերութիւններ կան:

Դաւիթ Ռստակեան – Հարցս յանձնակատարին յստակ է, հարց է սա` Դուք այս պայմաններում այս պետութեան հետ հնարաւոր համարու՞մ էք այս հարցերը լուծելը, եթէ օրէնսդրութիւնը մի բան է ասում…

Զարեհ Սինանեան (ՀՀ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար) – Եթէ ասեմ` հնարաւոր չեմ համարում, յետոյ ի՞նչ, ի՞նչ է մեզ բոլորիս սպասւում: Հասկանում ենք Ձեր ասածը, այնպէս չէ, որ տեղեակ չենք: Աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպէսզի կարողանանք նման հարցերին լուծում տալ: Մենք առաջարկում ենք, մենք աշխատում ենք, փորձում ենք իրենց դիրքերից այդ ամէնը տեսնել, բայց մենք աշխատում ենք վրաց գործընկերների հետ, որպէսզի այդ հարցերը լուծում ստանան: Ասածս ինչ է` եթէ ասենք` չէ, չենք տեսնում լուծում, բայց դա փակուղային վիճակ է, դրանից ոչ ոք չի շահի:

Ստեփան Յակոբեան (ջաւախահայ հասարակական-քաղաքական գործիչ) – Համամիտ եմ այստեղ ելոյթ ունեցող ընկերների հետ, որ, իրօք, այսօր շրջանում կուտակուել են բազմաթիւ հիմնախնդիրներ, որոնցից առաջնային են լեզուական խնդիրը, կրթութեան խնդիրը, մարդու իրաւունքների պաշտպանութեան խնդիրը, որն ամէն տեղ ոտնահարւում է, իւրաքանչիւր պահի: Այսօր ունենք հիմնարկներ, որտեղ արգելուած է խօսել հայերէն: Նոյնիսկ այնտեղ ունենք հայ աշխատողներ, որոնց երբ ինչ-որ հարցով դիմում, նրանք ասում են, որ իրենց դիմեն վրացերէնով: Այն, որ շրջանի մեծամասնութիւնը չի տիրապետում մեր պետական լեզուին, դա մեր մեղքը չէ, Խորհրդային Միութեան մեղքն է, յամենեան դէպս, այսօր մեզ համար շատ դժուար է սովորել պետական լեզուն: Բայց մարդիկ ունեն բազմաթիւ խնդիրներ, նրանց ռուսերէնով են բացատրում կամ այլ լեզուով, եւ մարդիկ բողոքում են:

30 տարի այս պրոցեսների մէջ ենք, եւ Ջաւախքը միշտ եղել է հայութեան կողքին: Հայաստանի ու Վրաստանի յարաբերութիւնները որ ջերմանում են, դա ողջունելի է, 90-ականներին այդ յարաբերութիւնները հիմնականում պայմանաւորուած էին Ջավախքով, Ջաւախքը մեծ նշանակութիւն ունեցաւ, որ մեր յարաբերութիւնները հասել են մի աստիճանի, որ կարելի է միասին նստել, հարց լուծել: Այսօր ունենք մի այլ վտանգ էլ` երրորդ, չորրորդ պետութիւնների գործօնը պիտի հաշուի առնենք: Մեր խնդրանքն է` ստեղծել յատուկ յանձնաժողով, որը կը զբաղուի շրջանում ստեղծուած խնդիրներով: Վաղը, միւս օրը ընտրութիւններ կը լինեն, ես այստեղ նստածներից շատերի հետ քաղաքական տարաձայնութիւններ ունեմ, բայց Ջաւախքի խնդիրների հարցում մենք միասնական ենք: Յետոյ չասեն` գիտէք, ջավախքցիք անջատողական են, կամ ուրիշ բաներ: Այսպէս ապրել այլեւս հնարաւոր չէ: Ճիշտ է, ունենք բարեկարգ ճանապարհներ եւ այլն, բայց կտրել երեխայի լեզուն ու նրան նոր շոր հագցնել, դա մենք թոյլ չենք տայ: Մեզ համար առաջայինը լեզուի հարցն է, այս հարցը պէտք է կարգաւորենք ու դրանից բխող բոլոր հետեւանքները: Եթէ այսօր մարդն իր լեզուով չի կարող խօսել, չի կարող աշխատել, հետեւաբար` պիտի հեռանայ Ջավախքից, եթէ այսօր հայաթափութիւն է, ուրեմն երրորդ պետութիւն` իր ներկայութեամբ, այստեղ բոյն է դնում, իսկ դա կը լինի վախճանը եւ’ Հայաստանի, եւ’ Վրաստանի: Հայն ու վրացին դարերով եղբայր են եղել ու թող եղբայր մնան, եւ դա լինի յօգուտ Ջաւախքի:

Վալերի Յովհաննիսեան (Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գիւղի բնակիչ) – Ես ուղղախօս տղայ եմ` Աֆղանստան ծառայած, Ղարաբաղ կռուած: Մեր ղեկավարութեանն եմ ասում` ու՞ր է մեր հայկական դրօշը, հայկական դպրոցներում մի հայկական դրօշ ունէ՞ք, բոլորդ աշխատել էք, մէկիդ կաբինետում հայկական դրօշ կա՞յ: Հա՞յ էք, վերջապէս: Տանս տանիքին հայկական դրօշն եմ բարձրացրել, ամէն օրը մէկը գալիս է, վախեցնում` ԿԳԲ-ն կը գայ, քեզ կը տանի: Թող տանի, նստեմ` աւելի լաւ է, քան այսպէս ծնկաչոք մեռնեմ: Թուրքը մեր տունն է լցուել: Մենք այստե՞ղ պիտի ապրենք, թէ՞ չապրենք, դա է հարցը: Ռուսական դպրոցը գնացէք` տեսէք, դեպուտատ ունեն, ղեկավարներ ունեն…

Երկու բահ ասֆալտ չի՞ կարելի լցնել, որ երեխան չընկնի` ոտքը կոտրի: Ին՞չ հայութիւն է էստեղ: Ին՞չ է մնացել Ջաւախք աշխարհից, ջաւախահայութիւնից: Թուրքերն արդէն զաւթում են մեր տները: Դրա դէմ պայքար տարէք: Մենակ կազինօ է բացուել, թալան, սպանութիւններ… Լֆիկը եկել, կազինօ է բացել, Հայաստանում քի՞չ էր:

Մի հարց էլ` ամբողջ Ջաւախքից 200-300 հոգի բանակային զօրակոչի համար հաւաքում են, 3 հոգու են տանում բանակ, միւսներից` հացի կարօտ մարդկանցից, փողերը վերցնում են: Սա եղաւ Ջաւա՞խք, սա եղաւ հայութիւ՞ն:

Ամբողջ Ջաւախքը կեանքով, հոգով, տնով Ղարաբաղում էր ու երկրաշարժին, գոնէ հիմա մի փոքր բանով մեզ օգնած եղէք:

18 տարեկան էի, ասում էին` եղբայր ենք, 62 տարեկան եմ, նոյն բանն են ասում, բայց եղբայրութիւն չեմ տեսնում:

Ռուբէն Սադոյեան – Այս էլ որերորդ ոչ պոզիտիւ ելոյթն է: Բայց իրականում շատ պոզիտիւ բաներ էլ կան: Ենթադրենք` ճանապարհը չէր սարքւում, ձեզ հետ միասին դիմել ենք վրացական իշխանութիւններին, ճանապարհը սարքել են, ինչ-որ խնդիր չէր լուծւում, այդ հարցը լուծել են: Բա դա էլ մեր համատեղ աշխատանքի շնորհիւ է եղել: Դա էլ պէտք է գնահատել, ժողովու՛րդ ջան: Ո՞վ է ասում, որ խնդիրներ չպիտի բարձրացնէք, բայց նաեւ չպիտի ծայրայեղացնէք:

Զարեհ Սինանեան – ես հասկանում եմ` Դուք շատ զգացմունքային էք: Կասկածի տակ չեմ դնում, որ օդից չէ ձեր զգացմունքայնութիւնը, պարզապէս կրկնում եմ` մենք աշխատում ենք, պատրաստ ենք աշխատել վրացի գործընկերների հետ, որ հարցերը լուծուեն: Որ ասում էք` դու ինչ ես արել, դուք ինչ էք արել, ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում: Ես ձեզ ասում եմ, որ մեր գործընկերների հետ շատ ինտենսիւ, ակտիւ աշխատելու ենք, որ այս հարցերը լուծենք: Դրանից աւելի ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ չի անում կամ չի արել: Ասէք` շտկենք:

Հոգեշնորհ Տ․ Մաղաքիայ վարդապետ Ամիրեան (2019 – 2020 թթ. Սամցխէ-Ջաւախքի եւ Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ (նստավայրը՝ ք. Ախալքալաք, Սբ. Խաչ առաջնորդանիստ մայր եկեղեցի)) – Լինելով Ջաւախքի հոգեւոր առաջնորդը` ձեր բարձրացրած իւրաքանչիւր հարցի հետ համաձայն եմ: Բոլորիդ այստեղ շատ կարեւոր պատգամ եմ թողել եկածս առաջին օրուանից` ես բոլորի համար նոյն հայր սուրբն եմ: Դուք կարող էք ունենալ տարբեր քաղաքական ուղղութիւններ, ճանապարհներ, բայց ես ձեզ համար միշտ հասանելի եմ եւ լսելի: Բայց ես մի խնդրանք ունեմ` բոլոր խնդիրներով հանդերձ, մեզ մի բան է պակասում Ջաւախքում` միասնականութիւն: Սիրով` միասնական եղէք: Հաւատացէք` ուժը ծնում է իրաւունք: Ես չեմ ուզում որեւէ մէկին որեւէ բան ասել, պարզապէս ուզում եմ նշել` թող մեր խօսքը պարապ խօսք չլինի` օդի մէջ կախուած, թող մենք սկսենք մեզանից, մեր սխալներից: Եկեղեցիների խնդիրները կան, շատ ուրիշ հարցեր կան, բայց, եթէ մեր ընկերը օտարին բերում է այստեղ, հայի հետ զուարճանալու ու յետոյ գնալու, դրա մեղաւորը ոչ թէ քաղաքական գործիչնրեն են, այլ մենք: Մեզ պակասում է սիրով կառուցուած միասնութիւնը, համերաշխութիւնը: Ուզում եմ Քրիստոսի օրինակով ինչ-որ բանի հասնենք` սիրով հասնենք: Չտայ Աստուած, որ մենք ստիպուած լինենք ուժի դիմել, մենք դրա կարիքը չունենք, մենք խաղաղասէր ժողովուրդ ենք: Եւ այսօր մեր հայրենի իշխանութիւնները եկել են մեզ լսելու, եւ վստահ եմ, որ նրանք անում են ամէն բան, ինչ կարող են: Բայց մենք պիտի չմոռանանք, որ ունենք երկու պետութիւն, որոնց միջեւ կան ճիշտ յարաբերութիւններ, եւ բոլոր հարցերը պէտք է լուծուեն այս յարաբերութիւնների զարգացման շնորհիւ: Առճակատումով որեւէ հարց չենք լուծելու:

Հռիփսիմէ Կարախանեան

Ախալքալաք-Երեւան

yerakouyn.com/2022/07/14/սինանեանը-եկաւ-ջաւախք-հանդիպեցաւ-խաբ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail