ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները դժգոհ են լրագրողներից ու վերլուծաբաններից

hayasdani yevrobayi
01 ՓԵՏՐՈՒԱՐ 2016
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժաղովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամները դժգոհ են տեղի լրատվամիջոցների և վերլուծաբանների գնահատականներից. Ըստ նրանց` Մեծ Բրիտանիայի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հակահայկական զեկույցի տապալումն իրապես կարելի է որակել որպես լուրջ հաջողություն Հայաստանի համար: Ինչպես փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԽԽՎ-ում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, չնայած նրան, որ Հայաստանում շատերը ԵԽԽՎ-ի 2016 թվականի ձմեռային նստաշրջանի  առաջին լիագումար նիստի օրակարգում քննարկված և քվեարկության դրված Ռ. Ուոլթերի  հակահայկական զեկույցի տապալումը չեն համարում հաջողություն,  ադրբեջանական մամուլում այն որակվել է որպես ջախջախիչ պարտություն:

Ըստ նրա` Ռ. Ուոլթերի հակահայկական զեկույցը համարվում է Ադրբեջանի հիմնական և գլխավոր խաղաքարտի, որի վրա վերջինս ծախսել էր մեծ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ տապալվեց, ինչի հետևանքով Ադրբեջանում խնդիր է դրվել անվստահություն հայտնելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և  ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին անվստահություն հայտնելու հարցը:

«Ցավոք սրտի մեր որոշ քաղաքական վերլուծաբաններ և լրագրողներ սա մեզ համար պարտություն են համարում. Իհարկե, Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական զեկույցի ընդունումը լավ չէր, սա նշանակում է, որ այստեղ իրապես լրջագույն աշխատանք ունենք անելու»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Վերջինս վերլուծաբաններին հիշեցրեց, որ մինչ ռուսական պատվիրակությանը հայաստանյան իրենց գործընկերներին չաջակցելու մեջ մեղադրելը, հասկանան, որ Ռուսաստանի պատվիրակությունը երկու տարի է ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից և չէր կարող որևէ կերպ օգտակար լինել:

Ն. Զոհրաբյանը ընդգծեց, որ իրական վտանգի դեպքում  հայաստանյան պատվիրակության անդամներն, այնուամենայնիվ, ցույց տվեցին, որ կարող են միավորվել, կայացնել ճիշտ ու գրագետ որոշումներ` հետագայի համար ընտրելով  թիրախային հարցեր, որոնց ուղղությամբ պետք է նպատակային աշխատանք իրականացնեն:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության  ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքերով` Ռ. Ուոլթերի զեկույցը, ի տարբերություն Սարսանգի ջրամբարի վերաբերյալ Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի զեկույցի, հատուկ քաղաքական ծրագիր էր, որը նախաձեռնվել էր միջազգային հարթակներում աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում` նկատի ունենալով «նախաղրիմյան» և «հետղրիմյան» ժամանակաշրջանները:

«Սարսանգի զեկույցը ծնվել է «նախաղրիմյան» ժամանակահատվածում, երբ ադրբեջանցիներն ընդամենը ջրի խնդիր բարձրացնելու հարց կարող էին լուծել, իսկ  «հետղրիմյան» ժամանակահատվածում, երբ արդեն ռուսաստանյան պատվիրակության նկատմամբ եղավ Եվրոպայի բուռն արձագանքը, ընդհուպ մինչև լիազորություններից զրկելը, օգտվելով պահից և իրավիճակի փոփոխությունից` նրանք նախաձեռնեցին Ուոլթերի զեկույցը, որը խնդիր ուներ ծրագրային լուծում տալ Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ կամ դրան մերժող և հակասող  ադրբեջանական բոլոր հարցադրումներին տուրք տվող հակահայկական ծրագրի, որով փորձ կարվեր ընդհանրական  լուծում տալ Ղարաբաղյան խնդրին»,- նշեց Հ. Նաղդալյանը` հավելելով, որ հայաստանյան պատվիրակության քաղաքական գիծն այս զեկույցների առնչությամբ հստակ է.

«Մենք ունենք գլխավոր սկզբունք` Արցախին վերաբերող որևէ խնդիր կարող է քննարկվել և լուծվել միայն Արցախի մասնակցությամբ»:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պնդմամբ` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, կոնֆլիկտների կանխարգելումը և դրանց կարգավորումն այս կառույցի մանդատի մեջ չկա, իսկ Ադրբեջանը երկար տարիներ միտումնավոր կերպով ամեն ինչ անում է  բոլոր հարցերը  ԵԽԽՎ օրակարգ տեղափոխելու և դրանք ի նպաստ սեփական շահերին լուծելու համար:

«Արցախին և Ադրբեջանին վերաբերող խնդիրների շուրջ մշտապես ունեցել ենք մեր ռազմավարությունը, որի հիմնական սկզբունքն է կոնֆլիկտներին վերաբերող բոլոր խնդիրները լուծել միջազգային հանրության կողմից լիազորված միակ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում, որտեղ հավասարապես ներկայացված են թե Հայաստանը, թե Ադրբեջանը և թե Արցախը»,- ընդգծեց Հ. Նաղդալյանը:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
http://nt.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail