Հայաստան Կը Քննարկէ ՍՈՒ-30 Կործանիչներ Ձեռքբերելու Հարցը. Սեյրան Օհանեան

seyran yerakouyn
27 ՅՈՒՆՈՒԱՐ 2016

Հայաստանի Զինուած ուժերու զարգացման ծրագիրով կը նախատեսուի զարգացնել բոլոր զինատեսակները եւ նոր միջոցներ ձեռք բերել: Այս մասին լրագրողներու հետ 2015 թուականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ յայտարարած է պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան` հաստատելով հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի նիստէն ետք տարածուած տեղեկութիւնը, որ քննարկուած էր ՍՈՒ- 30 կործանիչներու ձեռքբերումը, կը յայտնէ Tert.am-ը:

Անդրադառնալով հայկական սահմանի մօտ թուրք-քրտական բախումներու վտանգի գնահատման նախարարութեան կողմէ` Սէյրան Օհանեան ըսած է. «Նախ, պաշտպանական ռազմավարական վերանայման շրջանակներում մենք գնահատել ենք բոլոր այն սպառնալիքները, որոնք կան անվտանգութեան միջավայրից ելնելով եւ հաշուի ենք առել այն իրադարձութիւնները, որոնք տեղի են ունենում մեր հարեւան պետութիւնում` մեր սահմանին: Եւ այս առումով, Ազգային անվտանգութեան ծառայութեան եւ այլ կառոյցների հետ համապատասխան պլանաւորում ենք իրականացնում:

«Սա առաջին հերթին սահմանային ծառայութեան խստացումն է, համագործակցութիւնն է ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների եւ սահմանապահների հետ. եւ եթէ լինեն փախստականներ, նրանց ուղղութեամբ համապատասխան միջոցառումներ իրականացում ենք: «Շանթ 2015» զօրավարժութեան ժամանակ սա փորձարկուեց զօրավարժութեան գործնական մասում»:

Նախարար Սէյրան Օհանեան կրկնեց իր նախորդ յայտարարութիւնը, որ ՀԱՊԿ-ն անհրաժեշտ է յատկապէս Թուրքիայէն եկող սպառնալիքը չէզոքացնելու համար: «Հիմա էլ եմ կրկնում, որ ՀԱՊԿ-ի հնարաւորութիւնները եւ՛ նրանց տարածաշրջանային համակարգերի ձեւաւորման, եւ՛ ՀԱՊԿ համակարգում մեր ռազմավարական գործընկերոջ հետ միացեալ զօրախմբի կազմում ունենք համապատասխան պլանաւորում, մենք տարէցտարի բարձրացնում ենք մեր կարողութիւնները յատկապէս` օպերատիւ ծաւալման, զօրահաւաքային պատրաստութեան առումով»,- նշած է նախարարը:

2015-ին Հայաստանն ու Ռուսիան կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագիրներ, որոնց համաձայն Մոսկուան պէտք է $270 միլիոն` տրամադրէր Մեծամորի հիւլէակայանի նորոգման եւ $200 միլիոն` սպառազինութեան ձեռքբերման համար:

ԵՌԱԳՈՅՆ
http://www.yerakouyn.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail