Հայ հանրության ընդամենը մի քանի օրվա դիմադրությունը բավարար է, որպեսզի Իրանը և Արևմուտքը տապալեն ռուս-թուրքական այս ծրագիրը

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԽՈՅԻ(ՀԱՅԻ) ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ, ՈՐԸ ՊԻՏԻ ՋՆՋԻ ՁԿԱՆ ԹՈՂԱԾ ԱՐՀԱՎԻՐՔԸ, ՈՐԸ ԳԼԽԻՑ ԱՐԴԵՆ ՀՈՏԱԾ ԷՐ...

Հայ հանրության ընդամենը մի քանի օրվա դիմադրությունը բավարար է, որպեսզի Իրանը և Արևմուտքը տապալեն ռուս-թուրքական այս ծրագիրը

17.08.2022 | Հարցազրույց | ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

Lragir.amի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը

Պարոն Սարոյան, Արցախի դեմ հերթական ռազմական ագրեսիան գրանցվեց, ինչից հետո հայտարարվեց, որ Բերձորն ու Աղավնոն հայաթափվում են։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

2020 թվականի պատերազմն իր հետևանքներով գնահատելիս՝ բոլորի համար ակնհայտ է, որ տեղի է ունեցել ռուս-թուրքական համաձայնություն Արցախը երկու՝ թուրքական և ռուսական հատվածների բաժանելու վերաբերյալ։ Նաև մեր հանրության համար ակնհայտ է, որ այդ համաձայնությունն իր շարունակությունն է ունեցել նաև հետագա երկու տարիների ընթացքում, որի արդյունքում ռուսական կողմը հետևողականորեն հայկական շահաբաժինները հերթով վաճառում է թուրքական կողմին՝ դրա դիմաց ստանալով այլ շահաբաժիններ բոլորովին այլ տարածաշրջաններում։ Այս երկու ակնհայտ և ապացուցված իրողություններից ելնելով՝ ակնհայտ է, որ ներկա գործընթացը, որը կապված է Լաչինի միջանցքի գործող ճանապարհը նոր ճանապարհով փոխարինելու հետ, նույնպես ուղղակիորեն ռուս-թուրքական համաձայնության հետևանք է։ Չի կարող այլ տրամաբանություն լինել, եթե թե պատերազմի ժամանակ, թե հետպատերազմյան երկու տարիներին տեղի ունեցած իրադարձությունները մեկ տրամաբանության շրջանակներում են,  այս գործընթանցը չի կարող այդ տրամաբանությունից դուրս լինել։ Առանց համաձայնությունների չէր կարող տեղի ունենալ նման գործընթաց։

Միաժամանակ, ակնհայտ է, որ այս անգամ գործընթացին ներգրավված է նաև պաշտոնական Ստեփանակերտը։ Հիշենք Արցախի խորհրդարանում նոր ճանապարհի հետ կապված քննարկումները, երբ Արայիկ Հարությունյանը մեկնաբանեց, որ անվտանգության խորհրդում նշվել է նոր երթուղին, ճանաչվել է, իրենք ընդունել են, որ դա ավելի անվտանգ է, քան գործողը։ Պարզ դարձավ նաև, որ իրենք արդեն այդ ճանապարհի որակն էլ են երաշխավորում, որովհետև բնակչությանն արդեն տարհանելու խնդիր են դրել ու լուծում։ Այսինքն՝ իրենք ընդունում են, որ այդ ճանապարհն իրենց համար պետք է գործի։ Բնականաբար, մենք կարող ենք նաև կասկած ունենալ, որ նախկինում էլ՝ Փառուխի դեպքերի հետ կապված և այլն, Արցախի ղեկավարությունը նույնպես կարող էր մասնակից լինել, բայց փորձել ամեն կերպ թաքցնել իր մասնակցությունը ռուս-թուրքական այդ օպերացիային։ Արդեն իսկ ակնհայտ է, որ Արցախի ղեկավարությունն ուղղակի պետական դավաճանության ակտ է գործել և գործում։

Բերձորի, Սուսի և Աղավնոյի պահպանումը ոչ միայն այդ երեք բնակավայրերի պահպանություն է նշանակում, այլ նշանակում է նաև ողջ Արցախի և Ադրբեջանի կողմից օկուպացված մյուս տարածքների երբևէ հետ վերադարձնելու իրավունքի պահպանում

Միաժամանակ, ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը, չգործելով օրենքի ու Սահմանադրության դաշտում, չգործելով Անկախության հռչակագրի պարտադրած օրենքների շրջանակում, դեմ գնալով 30-ամյա փիլիսոփայությանը և օրենսդրական պահանջներին, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, այսօր որևէ անվտանգային խնդիր չի փորձում վերցնել իր վրա։ Եվ ամբողջ բեռը փորձում է թողնել ռուսական կողմի՝ ռուս խաղաղապահության վրա։ Այստեղից նույնպես պարզ է դառնում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի համար ծառայել և ծառայում է իր ուսերի վրա վերցրած սահմանադրական և իրավական բոլոր պարտավորությունները չկատարելուն։ Անկախության հռչակագրով, Սահմանադրությամբ, անվտանգության հայեցակարգեր կան մշակված ու որպես օրենք ընդունված, որտեղ գրված է, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Բացի այդ, մենք ունենք Գերագույն խորհրդի օրենքը, որով արգելում է ՀՀ-ին որևէ փաստաթղթի տակ ստորագրություն դնել, որը Լեռնային Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի կազմում։ Եվ այս համատեքստում Հայաստանի ղեկավարությունը նույնպես կատարում է պետական դավաճանական գործողություններ և նույնպես ուղղակիորեն ենթակա է քրեական պատասխանատվության։ Այդ պատասխանատվությունը երբևէ լինելու է՝ թե Արցախի, թե Հայաստանի ղեկավարության համար։

Բնականաբար, եթե կան նման կարգի դավաճանական ակտեր և նաև ռուս-թուրքական համաձայնություններ Լաչինի միջանցքի երթուղին բոլորովին այլ երթուղով փոփոխելու մասին, բայց միաժամանակ Արցախի կապը Հայաստանի հետ սահմանելու Ադրբեջանի վերահսկողության տակ, և դա կարող է տեղի ունենալ միայն այս դեպքերի շղթայի միջոցով, որն ակնկալվում է օգոստոսի 25-ին, այն դեպքում, երբ ամբողջական ճանապարհը դեռ պատրաստ չէ, հայկական ավտոմեքենաները ստիպված են լինելու ճանապարհի կեսից ադրբեջանական կողմին խնդրել, որպեսզի կարողանան հին ճանապարհով ի վերջո դուրս գալ Հայաստան, կամ մեկ անգամ ինչ-որ կերպ հաղթահարելով այդ մի քանի կիլոմետր գրունտային ճանապարհը, այլևս չփորձել այդ ճանապարհով անցնել: Սա ցույց է տալիս, որ այս ամենն արվում է այն նպատակով, որ ԼՂ-ն թե փաստացի, թե իրավաբանորեն դառնա Ադրբեջանի մաս։ Իմ նշած ճանապարհով անցնելու համար հայկական մեքենաներն ստիպված են լինելու ստանալ Ադրբեջանի պատկան մարմինների թույլտվությունը՝ ճանապարհի հին հատվածով անցնելու համար։ Իսկ իրավաբանորեն դա կձևակերպվի, երբ իրենք ստիպված կլինեն անձնագրերից հրաժարվել և ստանալ ադրբեջանական անձնագրեր, որպեսզի կարողանան այդ ճանապարհն անցնեն։ Հակառակ դեպքում, կորակվի, որ դա ՀՀ քաղաքացիներն են, հետևաբար՝ ՀՀ քաղաքացիները ԼՂ մտնելու համար պետք է մաքսատուրք վճարեն և այլն։ Այն դեպքում, երբ իրենք իրենց ճանաչելու են որպես ԼՂ բնակիչներ, Ադրբեջանը պահանջ է ներկայացնելու, որ կարող են այդ ճանապարհով երթևեկել, եթե ճանաչում են այդ բոլոր իրավական փաստերը։ Եվ դա կլինի ԼՂ դե յուրե պատկանելության ճանաչում հենց բուն արցախահայության կողմից, որից վախենում են այն բոլոր կողմերը, ովքեր այս ամենը նախաձեռնել են։ Ինչո՞ւ, որովհետև համաշխարհային քաղաքականության մեջ սուբյեկտային վարք ցուցաբերում են հանրությունները՝ հենց նման նպատակային գործողությունների միջոցով, այսինքն՝ ինքնորոշվելով ու իրենց որոշումները կյանքի կոչելով։

Ինչո՞վ է կարևոր Բերձորի միջանցքը հայկական պահելը։

Նման ընթացքը թույլ չտալու համար Հայաստանի ժողովրդի և ընդհանրապես հայության համար առաջնահերթ է հին ճանապարհի պահպանումը, որովհետև դա է երաշխիքը, որ Արցախը չի պատկանի Ադրբեջանին, հատկապես իրավաբանորեն։ Եթե մենք կորցնենք իրավական հիմքերը, վերջնականապես կկորցնենք Արցախը, ամեն ինչ իրավունքից է սկսվում։ Այն իրավիճակում, երբ նոր կառուցված ճանապարհը չունի մուտք ՀՀ, և մեխանիզմ է  ստեղծված, որպեսզի հին ճանապարհով որոշվի Արցախի պատկանելությունը, Բերձորի, Սուսի և Աղավնոյի պահպանումը ոչ միայն այդ երեք բնակավայրերի պահպանություն է նշանակում, այլ նշանակում է նաև ողջ Արցախի և Ադրբեջանի կողմից օկուպացված մյուս տարածքների երբևէ հետ վերադարձնելու իրավունքի պահպանում։ Հայության քաղաքական շերտերը, որոնք խոսում են մինչև 2020 թվականի պատերազմը Արցախի սուվերեն տարածքների ու դրանք ապագայում հետ վերադարձնելու մասին, պետք է հասկանան, որ մենք այդ ամենը կկորցնենք։ Այստեղից է բխում, որ Լաչինի միջանցքի ճանապարհը մեզ համար օդի ու ջրի պես անհրաժեշտ, Հայաստանի ու Արցախի անվտանգության խնդիրները լուծող հարց է։ Այդ ճանապարհը նաև մեր անվտանգության ողնաշարն է, որովհետև այդ խնդիրը լուծելուց հետո Ադրբեջանը միանգամից անցնելու է իր թմբկահարած «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործին։ Եվ դա ոչ թե առաջիկա ամիսների խնդիր է լինելու, այլ Ադրբեջանը շահագրգռված է լինելու Լաչինի միջանցքի հարցը ուժով լուծելու, որպեսզի լեգիտիմ հիմք ստանա՝ ասելու, որ այնտեղ ՀՀ զինված ուժերն են կանգնած, դիմադրությունը ոչ թե տեղի բնակչությունն է իրականացնում, այլ ՀՀ զինված ուժերն են, որոնք իբև թե մտել են «Ադրբեջանի ինքնիշխան» տարածք։ Ադրբեջանը չտեսնելու է տալիս նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որտեղ գրված է, որ Լաչինի միջանցքը 100 տոկոսով ռուսական մանդատի տակ գործող տարածք է, որը որևէ իրավական կապ չունի Ադրբեջան պետության հետ։ Այդ հանգամանքը չտեսնելու է տալիս նաև Ռուսաստանը։ Եվ Ալիևի գրեթե ամենշաբաթյա հայտարարություններն այդ մասին են, որ իրենք Լաչինի միջանցքը դիտարկում են որպես Ադրբեջանի սուվերեն տարածք և իրենց հայտարարությունների համաձայն՝ այդ տարածքը «ազատագրելու են հայ ահաբեկիչներից»։ Դա արվում է, որպեսզի նույն պահին իրենք կարողանան լեգիտիմ իրավունք ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու։ Դրա համար եմ ես նշում, որ այս դեպքերը մեկ շաբաթ հետո ուղղակի ՀՀ անվտանգությանը, Հայաստանի պետականության լինելիությանը վերաբերող գործողություններ են լինելու։ Այդ տեսանկյունից ՀՀ ներկայիս ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է դավաճանական վարքագիծը և երկիրը չի պատրաստում նման տեսակի ագրեսիայի դեմն առնելու։ Ոչ միայն չի պատրաստում, այլ նաև փորձում է արտաքին ինչ-որ ռազմավարական  դաշնակիցներ կամ դաշնակից մեջբերելու միջոցով անհիմն պաշտպանական ինչ-որ երաշխիքներ հաղորդել։ Ես նկատի ունեմ Ռուսաստան, ՀԱՊԿ և այլն, որոնք ինչպես նախկինում չեն ծառայել նման կարգի խնդիրներ լուծելուն, այնպես էլ հիմա որևէ նախադրյալ չկա դրա համար։

Այս զարգացումների ֆոնին մենք տեսնում ենք Հայաստանն ահաբեկելու, երկրում խուճապ տարածելու փորձեր, ի՞նչ է կատարվում։

Դրանք ուղղակիորեն կապված են հենց իմ նշած արտաքին անվտանգային սպառնալիքների հետ, որոնք դամոկլյան սրի նման կախվել են ՀՀ և Արցախի վրա։ Նման կարգի արտաքին ագրեսիա իրականացնելու դեպքում անկախ ամեն ինչից իրավական պատասխանատվության խնդիր է առաջ գալու հատկապես Ռուսաստանի Դաշնության համար՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից և նաև ՀԱՊԿ անդամ երկիր։ Իսկ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորություն ունի ՀՀ հանդեպ, եթե Հայաստանը ագրեսիայի ենթարկվի։ Ռուսաստանը խնդիր ունի այդ իրավական պարտավորությունից ամեն գնով ձերբազատվելու։ Եվ ինքը գտել է այդ ճանապարհը, դա կոնկրետ ինձ համար ակնհայտ էր դեռևս երկու ամիս առաջ, իսկ մեկ ամիս առաջ արդեն բոլոր ազդանշանները երևացին։ Տեխնոլոգիան ընտրված է՝ ամեն գնով Հայաստանում ստեղծել քաոս, որպեսզի ՀՀ-ն չկարողանա իր ինքնիշխան, սուվերեն իրավունքներն իրացնել և չկարողանա Ռուսաստանի՝ որպես դաշնակցի հետ կապված իր գործողությունները մեկնաբանել։ Տրամաբանական շղթան հետևյալն է՝ ցույց տալ, որ Հայաստանը՝ որպես Ռուսաստանի դաշնակից, ինքն ի վիճակի չէ իր պետությանը հարիր գործառույթները կատարել և դրանով իսկ հող է նախապատրաստել նման ագրեսիայի համար, ի վիճակի չէ անգամ իր անվտանգային խնդիրները լուծել, և ՌԴ հիմնական խնդիրն է դառնում Հայաստանում վերականգնել սահմանադրական ու պետական կարգը, նոր դրանից հետո կարողանա վերականգնել արտաքին սահմանները։ Այսինքն՝ մինչև օգոստոսի 25-ի գործողությունների սկիզբը Ռուսաստանը խնդիր ունի Հայաստանում ստեղծել քաոտիկ իրավիճակ, քաղաքացիական պատերազմի հիմք։ Եվ այդ քաոսի ֆոնին կմեկնաբանի, թե ինչու Ռուսաստանը չի զբաղվում Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանությամբ, դրա համար լեգիտիմ դաշտ է ձևավորում։ Այդ տրամաբանական շղթան է ձևավորվում, որ նախ Ռուսաստանը ստիպված է զբաղվել Հայաստանում ներքին կարգ ու կանոնը վերականգնելու խնդրով՝ որպես ռազմավարական դաշնակից, հետո նոր կկարողանա զբաղվել արտաքին սահմանների վերականգնմամբ։ Բնականաբար, արտաքին սահմանների վերականգնման խնդիր չի լինելու, թուրքը կանգնելու է այնտեղ, որտեղ ռուսն արդեն որոշել է, որ պետք է կանգնի։ Ընդամենը մեկնաբանելու են, որ Հայաստանի ներքին խնդիրները, քաոտիկ իրավիճակը իրեն այդ հնարավորութունը տվեցին, որ այդ պահին այդտեղ կանգներ։ Այսինքն՝ ավանդական ռուսական քաղաքականություն, որտեղ թուրքը որպես յաթաղան գործի է դրվում,և ռուսը որպես «փրկիչ» վերջին պահին գալիս ու «փրկում» է հայ ժողվորդին վերահաս վտանգից։

Մինչև օգոստոսի 25-ի գործողությունների սկիզբը Ռուսաստանը խնդիր ունի Հայաստանում ստեղծել քաոտիկ իրավիճակ, քաղաքացիական պատերազմի հիմք

Մենք այս հերթական արարին ենք ականատես լինելու, եթե հայ ժողովուրդը ողջախոհություն, շրջահայացություն չցուցաբերի, իր կամքը ցույց չտա։ Մենք ունենք իսկապես ողջախոհ հանրություն, կամային մարդիկ, պարզապես խնդիրը մեր ղեկավարությունն է, հատկապես բանակի ղեկավարությունը, ովքեր այս օրերին գտնվում են Մոսկվայում՝ հենց իմ նշած գործընթացներին չխանգարելու երաշխիքներն ապահովելու համար։ Անգամ 1980-ականների վերջին ու 1990-ականների սկզբին Կոմունիստական կուսակցության հայ ներկայացուցիչները նման կարգի ապազգային դեմք չեն ունեցել։ Իրենք պատրաստ են եղել անգամ իշխանությունը փոխանցել այլ ուժերի, բայց չգնալ արտաքին ուժերի հետ համագործակցության և ամեն գնով չպարել Կրեմլի դուդուկի տակ։ Չմոռանանք, որ 1989 թվականի Գերագույն խորհրդի որոշումը տեղի է ունեցել հենց Կոմունիստական կուսակցության ղեկավարման տարիներին։ Եվ մենք ունեցանք ԼՂ ինքնավար մարզը՝ Շահումյանի շրջանով հանդերձ Հայաստանին միավորելու մասին որոշում։ Ներկայում անգամ այդ որակը չկա։ Անկախ ՀՀ ղեկավարները շատ ավելի կոլաբորացիոնիստ են, քան կոմունիստ հայ ղեկավարները։ Բնականաբար, այս օրերին տեղի ունեցող բոլոր անհասկանալի գործընթացներն ակնհայտ մի քանի խնդիր են հետապնդում՝ խուճապ առաջացնել հայության շրջանում, վախեր սերմանել և երկիրը բերել քաոսի։ Ռումբերի մասին պարբերաբար կրկնվող ահազանգերը, «Սուրմալու»-ի պայթյունը դրա մասին են վկայում, և հնարավոր է հետագայում էլ կրկնվեն նման դեպքերը։

Ի՞նչ քայլեր ու գործողություններ պետք է անել։

Մենք ունենք հետևյալ խնդիրները՝ ամեն գնով չենթարկվել արտաքին այն նպատակադրումներին, որոնց մասին խոսեցի, չտրվել խուճապի, վախերը գիտակցված հեռացնել մեզանից։ Այս ամենն արվում է հենց վախեր սերմանելու համար, մեր խնդիրն է այդ վախերին չտրվել և ոչ մի գնով թույլ չտալ, որ երկիրը քաոսի ենթարկվի։ Հաջորդը՝ ամեն գնով հայության ողջ ներուժն օգտագործելով պետք  պահել Լաչինի միջանցքը, ինչի համար կան ճանպարհներ։ Այն, ինչ Ռուսաստանն ու Թուրքիան ծրագրել են և որի հլու ու հնազանդ կատարողները դարձել են Ալիևը և Նիկոլ Փաշինյանը, այդ ամենը կարող է խաթարվել, որովհետև դրա շահառուները միայն այդ երկրներն ու վարչակարգերն են։ Իրանն արդեն մի քանի անգամ ցույց է տվել, որ ինքը չի հանդուրժելու Հայաստանի սահմանների փոփոխություն։ Դրանք հենց այնպես ասված խոսքեր չեն, հենց այսօրվա համար են ասված, իրենց արտաքին հետախուզական մարմինները լիովին տիրապետում են իրավիճակին, ԱՄՆ, այլ երկրների հետախուզական ծառայությունները շատ լավ տիրապետում են իրավիճակին։ ԱՄՆ-ն և այլ երկրները շատ լավ գիտեն, թե ինչ են ծրագրել Թուրքիան և Ռուսաստանը՝ Հայաստանը հերթական անգամ բռնազավթելու և բաժանելու համար, այնպես ինչպես 100 տարի առաջ է եղել, այնպես, ինչպես երկու տարի առաջ Արցախում է եղել։ Եվ հետևաբար այս երկրները շահագրգռված են, որպեսզի այնպես, ինչպես Ռուսաստանը տապալվեց Ուկրաինայում, Լաչինի միջանցքում ևս այդ ծրագիրը լիակատար տապալվի։ Դրա համար այնպես, ինչպես ուկրաինական հանրությունը դիմեց դիմադրության և ստացավ Արևմուտքի աջակցությունը, այնպես էլ այսօր հայ հանրության՝ ընդամենը մի քանի օրվա դիմադրությունը բավարար է, որպեսզի թե Իրանը, և Արևմուտքը փոխադարձ համաձայնությամբ ու շահերի ճանաչմամբ այդ ծրագիրը տապալեն։ Ընդամենը հայության կամային վարքի շնորհիվ այդ ծրագիրը տապալվելու է, որովհետև դրան շահագրգռված չէ ոչ Արևմուտքը, ոչ Իրանը։ Դրա շահառուներն ընդամենը երկու պետություններ են՝ Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք այսօր աշխարհում անկյուն են քշված և ստիպված են այդ քայլին գնում, իրենք ուրիշ ճար չունեն։ Ռուսաստանը փրկվելու այլ շանս չունի, քան այդ միջանցքը թուրքերին զիջելը, որի դիմաց կկարողանա ևս մեկ կամ երկու ամիս դիմանալ այն արտաքին ճնշմանը, որն այդ երկիրն արդեն փլուզման է հասցրել։

Հայ հանրությունն ի վիճակի է այդ խնդիրը լուծելու, ընդամենը պետք է գիտակցի, կամային վարք  ցուցաբերի։ Կամային վարքը մեր ազգի համար մշտապես առկա, իրեն լավագույնս ցուցադրած երևույթ է։ Եվ դա ամբողջ աշխարհը գիտի, նաև 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, և հայ ժողովրդի ողջ պատմությունն է դա վկայում։ Հայ ժողովուրդը չէր կարող մի քանի հազար տարի գոյություն ունենալ առանց կամային վարքի և պատերազմելու ձիրքի։ Խնդիրը չգիտակցելն է, պետք է գիտակցել, որ ընդամենը օրեր դիմադրելու արդյունքում տապալվելու է ռուս-թուրքական ծրագրերը, որից հետո բոլոր շահագրգիռ պետությունները լեգիտիմ իրավունք են ստանում միջամտելու իրավիճակին և Ռուսաստանին ու Ադրբեջանին բերելու պատասխանատվության դաշտ։ Եվ հայ ժողովուրդն այդտեղ դառնում է և սուբյեկտ, և ինքնիշխան որոշում կայացնող, և Արցախին տեր կանգնած ժողովուրդ։

lragir.am/2022/08/17/734089/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail