«Ֆրանսիայում Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունումը աշխարհի վրա քաղաքական մեծ անդրադարձ է ունենալու»

vartan kaprielian
01 Փետրուար 2016

Ինչպես հայտնի է՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի լավագույն իրավաբաններից մեկին՝ Մարդու իրավունքների Եւրոպական ատյանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային  հանձնարարել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական տեքստը հնարավորինս մոտեցնել սահմանադրական դրույթներին, որպեսզի, ինչպես նախորդ անգամ, այս անգամ այն երկրի Սահմանադրական դատարանի կողմից մերժվելու հնարավորություն չունենա:

Հայ-ֆրանսիական գործարարների համախմբման  նախագահ,  Փարիզի «Այբ-Էֆ.Էմ.» ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանն  «Արևելքի» հետ զրույցում ասաց,   թե սպասվում է, որ օրենքն ընդունվի ընտրություններից առաջ, և այդ մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահը,  որպեսզի այն չխառնվի ընտրական գործընթացներին  և չընկալվի իբրև նախընտրական քայլ: «Այս օրենքը սովորական մի օրենք  չէ, կենցաղային կյանքի հետ կապված  օրենք չէ, համամարդկային արժեքների դրսևորման, նահատակների հիշատակի հաստատման  օրենք է,  ուստի նախընտրական գործընթացներին խառնելը հայության կողմից սխալ է հասկացվելու, և նախագահն ինքն էլ չի գնալու այդ քայլին: Նա հանձնարարել է հնարավորինս արագ ժամկետներում եզրակացնել օրենսդրական տեքստը»,-ասաց Վարդան Գաբրիելյանը, ավելացնելով, որ այս հարցում մեծ է եղել նաև ֆրանսահայության դերը, որը հաստատուն կերպով աշխատել է նախագահի խորհրդատուների հետ և արդեն տեղյակ էր, որ նման հարց է քննարկվում կուլիսներում:

Շեշտելով ֆրանսահայության դերը հայկական հարցերի բարձրացման առումով՝ Վարդան Գաբրիելյանը հիշեցրեց, որ Թուրքիայում Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի և  Դինքի եղբոր աղջկա հետ, նույնպես ֆրանսահայ որոշ շրջանակների խորհրդով է  տեղի ունեցել:

Ինչ վերաբերվում է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը Ֆրանսիայում ընդունելուն,  մեր զրուցակիցը նշեց, որ հազիվ այն խորհրդարան մտնի, հայությունը կրկին   «զորակոչի» պիտի ենթարկվի՝ կենտրոնացնելով իր բոլոր ուժերը, բացատրական, քարոզչական և այլ աշխատանք պետք է տանի ընդդիմության և առհասարակ` բոլոր ուժերի հետ,  ելնելով նաև նախորդ օրենքի մերժման փորձից, պետք է կարողանա լրացնել բոլոր բացերը, որպեսզի օրենքն այս անգամ իսկապես ընդունվի և, ինչպես նշեց մեր զրուցակիցը,  «հայությունը այս անգամ պայքարից ավելի զորացած դուրս գա»:

Ֆրանսիայի պես երկրում նման օրենքի ընդունումը, ըստ Վարդան Գաբրիելյանի, քաղաքական մեծ անդրադարձ է ունենալու աշխարհի վրա:

«Երկրներ կան, որոնք չեն համարձակվել  նույնիսկ հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու: Եւ երբ  աշխարհի հինգերորդ գերտերություն պետությունը, որը ոչ միայն ճանաչման օրենք ունի, այլ ունենա նաև պայքարի օրենք, հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրները ի վերջո հասկանալու են, որ հասունացման մեծ գործընթաց կա, և համամարդկային արժեքների հաստատման առումով իրենք ամոթ են ապրելու, չեն կարողանալու այլևս երկար մնալ լռության պատյանի մեջ, ինչ-ինչ շահերից մղված՝  քանդելու են  լռության շղթան  և հայոց ցեղասպանության  ճանաչման պրոցեսը աշխարհում արագանալու է»,-նշեց ֆրանսահայ հայտնի մտավորականը:

Խոսելով Թուրքիայի կողմից հակազդեցության մասին՝ Վարդան Գաբրիելյանն ասաց, որ անպայման հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին առաջանալու է լարվածություն, բայց այդ հեռանկարն ընդհանրապես խոչընդոտ չէ՝ առաջ գնալու և հայության ծրագրերն իրականացնելու համար:

«Օրենքի ընդունումը  Թուրքիայի ազգայնական շրջանակների համար  առիթ է դառնալու ավելի լարվելու  հայության դեմ, իսկ  ժողովրդին հնարավորություն է տալու  մտածելու, ավելի զարգացնելու  հետաքրքրությունը՝ սեփական պատմության հանդեպ,  մարդկանց դնելու է սեփական պատմության դեմ հանդիման, ինչը երկար գործընթաց է նախ՝ հասկանալու, հետո՝  ընդունելու, իսկ իբրև  վերջին քայլ՝ ներողություն խնդրելու՝ տարբեր դրսևորումներով:  Օրենքը դրական աղդեցություն կարող է ունենալ պոլսահայության վրա, որոնք թերևս կարող են ավելի հանգիստ մասնակցել ապրիլի 24-ի ցույցերի և այլ միջոցառումների՝ մտածելով, որ ինչ-որ նեցուկ կա դրսում:

Սա՝ Թուրքիայի մակարդակով: Իսկ  ինչ վերաբերվում է  թուրքական սփյուռքին, կրկին  ազգայնական  հատվածի վրա պարզ է՝ ինչ  ազդեցություն է ունենալու, իսկ մյուս թուրքերու մոտ, որոնք եւրոպական երկրներում են ապրում և որոնք խնդիր ունեն իրենց հարևանների, գործընկերների, Եւրոպայի երկրների  այլ քաղաքացիների  հետ շփվելու հայկական հարցի շուրջ, ի վերջո նաև այսպիսի օրենքներն են առիթ  հանդիսանալու, որպեսզի նրանք դուրս գան իրենց ուրացողական դերից,  կամ անտարբերությամբ,  ավելին՝ լռությամբ մեղսակից դառնալու կարգավիճակից:

Շղթաները  քանդվելու են,  և որոշ թուրքեր  սկսելու են  հայկական ցեղասպանությունը  խորապես ճանաչելուց հետո նաև երևութապես ճանաչել այն: Այս ամբողջ գործընթացը, որ նաև հոգեբանական բնույթի  դաշտի տարողությամբ է,  այս զանգվածի վրա ժամանակի ընթացում դրական ազդեցություն է ունենալու,  որի կարիքը մենք ունենք: Մենք, հաճախ ասում ենք, որ թուրքական հասարակության մեջ ներսից պիտի գտնենք աջակիցներ, և սա է ճանապարհը այդ վաղվա, կամ արդեն՝  թեկուզ այսօրվա մեր աջակիցների մոտ ստեղծելու բարի տրամադրություն հայերի նկատմամբ, լինի դա մեղքի զգացումից մղված, թե լինի դա իբրև  զուտ մարդկային, դրացիական, ինչու չէ նաեւ հասակակական ավանդույթներ և  ապրելաոճ կիսող  ժողովուրդների միջև վերամիացման կամ եղբայրության փորձ»,-նշեց  Վարդան Գաբրիելյանը:
Նա խոսեց նաև օրենքի ընդունման անհրաժեշտության մասին, որի մեջ արժանապատվության տարր կա:

«Մեր նպատակը ոչ թե ասենք տարին չորս ուրացող թուրքի բանտ նստեցնելն է կամ նմանատիպ պատիժներ կիրառելը, այլ այստեղ կա նաև արժանապատվության հարց, կա հիշատակի ամրացման խնդիր՝ մեր նահատակների կորստին և նրանց հիշատակին իմաստ տալու խնդիր:  Այսինքն ամեն անգամ,  որ ցեղասպանությունը մերժվի, ուրացվի կամ ժխտվի, մեր հավաքական արժանապատվությանը հարված է այն առումով,  որ մենք այդպիսի բան կարող ենք թույլ տալ այն դեպքում,  երբ   արդեն  տարբեր երկրներում դարձել ենք կազմակերպված հավաքականություն:

Երբ որ հրեական  Հոլոքոստի ժխտումը վաղուց քրեականացված է Ֆրանսիայում,  չենք կարող հանգիստ լինել,  որ մենք չունենք նման  օրենք:

Այս օրենքը նպաստավոր է նույն հենց Ֆրանսիայի համար, քանի որ զերծ է մնալու հասարակական   հակազդեցությունից, զսպող դեր է ունենալու  բախումների տանող դեպքերի համար»,-օրենքի հնարավոր ազդեցությունները մեկնաբանեց Վարդան Գաբրիելյան՝ Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը՝ նման օրենք ունենալու հարցում համարելով իրատես ու վճռական:
Վարդան Գաբրիելյանը, որ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած  ավանդական ընթրիքին, որին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահը՝ ֆրանսահայ ընտրախավի հետ միասին,  նշեց, որ ցեղասպանության քրեականացումը հաստատող օրենքի մասին խոսելուց բացի, Ֆրանսուա Օլանդը նաև այլ հարցերի  է անդրադարձել, ինչպես օրինակ՝ Սիրիայի խնդրին անդրադառնալով  նշել է , որ հայերին ծանոթ է այդ տառապանքը, և նրանք մեկ անգամ արդեն անցել են այդ ճանապարհով:
holland costa
Արեւելք
http://www.arevelk.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail