
Հունաստանի հետ լարվող հարաբերություններում Թուրքիան բաց տեքստով նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիք է հնչեցնում – Շահան Գանտահարյան
6 Սեպտեմբեր 2022
ԲԵՅՐՈՒԹ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարա-Աթենք լարվածությունը նոր գագաթներ է նվաճում։ Նման գնահատական տվեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի և Հունաստանի միջև կրկին սրվող լարվածությանը. Թուրքիան մեղադրել է հունական օդուժին ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող թուրքական ինքնաթիռի դեմ ոտնձգության համար․ Էրդողանը սպառնացել է Հունաստանին հարված հասցնել։
«Թուրքիայի վերջին հայտարարությունը այս առումով շատ ուղենշային էր․ պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ Հունաստանը «ծանր գին» կվճարի, եթե Անկարայի հետ հարաբերություններում «հեռուն գնա»: Էրդողանը նշել էր, որ Հունաստանը Թուրքիային սպառնում է C-300-ով եւ հիշեցրել Իզմիրը։ Սա բաց տեքստով նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիք էր»,-նկատում է փորձագետը:
Խնդիրը վերաբերում է էգեյան եւ Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմաօդային ուժերի եւ Հունաստանի գործի դրած C-300 ՀՕՊ համակարգերին։ Աթենքն ավելի ուշ հերքել էր թուրքական կողմի հայտարարությունը։ «Անկարան փորձում է ՆԱՏՕ-ին ներքաշել միջերկրական հակամարտության դաշտ, եւ փորձ է անում Աթենքին մեղադրել ՆԱՏՕ-ի դեմ կատարած ոտնձգության մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Անկարայի ուղերձը հիմնականում ուղղված է ԱՄՆ-ին՝ չզորակցելու Հունաստանին․ առընթեր՝ հիմնավորելու ռուսական սպառազինություն ստանալը։ Ռուսական էներգետիկ շուկայի սահմանափակմամբ հավելյալ նշանակություն է ստանում միջերկրական այլընտրանքային շուկան»,-ընդգծում է Գանտահարյանը:

armenpress.am/arm/news/1091844.html





