
Ադրբեջանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ դանդաղ ցեղասպանություն է իրականացնում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտ
21.09.2022 – Տարածաշրջան: Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա – Թեմա: Քաղաքականություն, Վերլուծություն,
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտել է ադրբեջանցիների կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ հայ զինվորականների, հատկապես հայկական զինվորական եւ բժշկական կորպուսում ծառայող կանանց նկատմամբ իրականացված վայրագությունները:
Իր հայտարարության մեջ ինստիտուտը կոչ է արել աշխարհի կառավարություններին դատապարտել Ադրբեջանին եւ միջազգային լրատվամիջոցներին կոչ անել հավաստիորեն լուսաբանել ահաբեկչական արշավը։
«Telegram-ում շրջանառվում են ադրբեջանական ուժերի վերջին վայրագությունները, ինչպես եղավ 2020 թվականի պատերազմի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Telegram-ում հայտնված առաջին տեսանյութում երեւում է, որ ադրբեջանցի զինվորները շրջապատում են մերկ կնոջ մարմինը (հայ դիպուկահար Անուշ Ապետյանի ինքնությունը հետագայում պարզվել է): Նա մասամբ գլխատված է, ոտքերը կտրված են, առնվազն մեկ մատը կտրված է եւ դրված նրա բերանում, իսկ մի աչքը հանված է եւ փոխարինված քարով։ Նրան շրջապատող ադրբեջանցի զինվորները տոնում եւ ծաղրում են նրան։
Ըստ ինստիտուտի՝ համացանցում հայտնվել է երկրորդ տեսանյութը, որտեղ երեւում է հայ բուժքույր Իրինա Գասպարյանի մերկ եւ խոշտանգված մարմինը:
«Ադրբեջանի կողմից իր հանցագործությունների շարունակական ժխտման եւ միջազգային դատապարտման բացակայության պատճառով ներկայումս հնարավոր չէ որեւէ հետաքննություն իրականացնել՝ պարզելու այս ռազմական հանցագործությունների պատշաճ բնույթը: Ապացույցները ադրբեջանցիների ձեռքում են, եւ շատ քիչ հավանական է, որ ներկայիս սցենարով որեւէ ազգային կամ միջազգային անկախ քննչական խումբ կարողանա մուտք ունենալ դրանց: Այս պատերազմական հանցագործությունների ապացույցների պահպանումը, որոնք կարող են նաեւ լինել մարդկության դեմ հանցագործություն եւ/կամ ցեղասպանություն, անհրաժեշտ է հաշվետվողականության եւ կանխարգելման համար: Ուստի մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում շտապ հետաքննել բոլոր ներկա եւ անցյալ վայրագությունները:
Այս տեսանյութերը հիշեցնում են Սիրիայում եւ Իրաքում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետության» կիրառած մարտավարությունը։
Եթե որեւէ մեկը կարծում է, որ այս վայրագությունները առանձին դեպքեր են, Լեմկինի ինստիտուտը ցանկանում է մատնանշել ահաբեկչական օրինաչափությունը, որը կապում է այդ վայրագությունները Ադրբեջանում, Թուրքիայում եւ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության հակահայկական քաղաքականության հետ»,-նշում են հեղինակները։
Լեմկինի ինստիտուտը կարծում է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի լիակատար աջակցությամբ հայերի դեմ դանդաղ ցեղասպանություն է իրականացնում։ Նման իրավիճակում Արեւմուտքի կոչերը Հայաստանին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցել Արցախի կարգավիճակի, Սյունիքով անցնող միջանցքի եւ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքների շուրջ, անհեռատես են եւ վտանգավոր։
«Կառավարությունները, կազմակերպությունները, ընկերությունները եւ հաստատությունները, որոնք շարունակում են աջակցել այս պետություններին, մեղսակից են եւ կշարունակեն մեղսակից լինել այս դաժան հանցագործություններին, եթե նրանք չփոխեն իրենց կուրսը եւ ակտիվորեն չպայքարեն անպատժելիության դեմ», ասված է եզրակացության մեջ։
https://news.am/arm/news/721364.html





