Ջեքի Սփիերը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները դատապարտող բանաձևը

Carte-armenia-britannica

Ջեքի Սփիերը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները դատապարտող բանաձևը

Ջեքի Սփիերը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական 
հանցագործություններն ու վայրագությունները դատապարտող բանաձևը

28 Սեպտեմբեր 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։

«Շատ երկար ժամանակ Ադրբեջանն անպատիժ կերպով վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ զինծառայողների մարմինների մասնատումից մինչև գլխատում, բուժհաստատությունների և կրոնական օբյեկտների միտումնավոր թիրախավորումներ։ Ադրբեջանը բազմիցս արհամարհել է մարդկային հիմնարար արժեքներն ու միջազգային իրավունքները։ Մենք պետք է Ալիևի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք Ժնևի կոնվենցիայի խախտումների և վայրագությունների համար, որոնք իրականացրել են նրա զորքերը հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասել է Սփիերը։

Սփիերի ներկայացրած բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները՝ իրականացնելով կանխամտածված սպանություններ, խոշտանգումներ, դրսևորելով անմարդկային վերաբերմունք քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ։

Բանաձևում անդրադարձ կա նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակմանը, որը կրկնությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ հարձակման և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների դիերի խոշտանգումները։

Բանաձևում հիշատակվում է 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում ծննդատան հրթիռակոծումը, ինչպես նա ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց գլխատման դեպքերը, որոնք փաստագրվել են տեսանյութերով և որոնց իրավացիությունը հաստատել են ոչ կառավարական կազմակերպությունները։ Անդրադարձ կա նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին, որի կիրառումն արգելված է Ժնևի կոնվենցիայով։

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանն ապօրինի պահում է ավելի քան 100 հայ ռազմագերիների, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, ներառյալ ռազմական հանցագործությունները, որոնք խարխլել են միջազգային իրավունքի գերակայությունը։ Դրանով Միացյալ Նահանգների կառավարությանը և համաշխարհային հանրությանը կոչ է արվում դիմել Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի էական քայլեր ձեռնարկվեն Իլհամ Ալիևի հրահանգով արդբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։

Բանաձևն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել Ժնևի կոնվենցիայի բոլոր խախտումները, որոնք ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացվել են հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական օբյեկտների ոչնչացումն ու դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերը։

Բանաձևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան այդ երկրի ագրեսիայի և թույլ տված պատերազմական հանցագործությունների։

armenpress.am/arm/news/1093629.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail