Բոլոր մակարդակներով և տարբեր հարթություններում մրցապայքար է լինելու. Շահան Գանտահարյան

Բոլոր մակարդակներով և տարբեր հարթություններում մրցապայքար է լինելու. Շահան Գանտահարյան

14 հոկտեմբերի, 2022, Քաղաքական

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

-Պրահյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Հայաստան են ժամանել ԵՄ քաղաքացիական դիտորդները։ Նրանց ներկայությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ։
-Դիտորդական մրցապայքարը Արևմուտք-ՌԴ լարված հարաբերությունների դրսևորման շղթայական օղակ պետք է համարել։ Ռուսական արձագանքը չուշացավ. Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել սահմանագիծ։ Այս բոլորը նախանշում են, որ բոլոր մակարդակներով և տարբեր հարթություններում մրցապայքար է լինելու՝ թեժ կետում հայտնված մեր սահմանամերձ շրջաններում։
-ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե հնարավոր է մինչև տարեվերջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Ինքներդ որքանո՞վ եք ռեալ համարում՝ հաշվի առնելով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ-ի և Արևմուտքի միջև սրվող մրցակցությունը։
-ԱԽ քարտուղարը վերընդգծում է գլխավոր խաղացողների ժամանակային նախատեսումները։ Կա խաղի կանոն՝ խաղաղության ծրագրին կողմ լինելու և դրան չհակադրվելու։ Սակայն, կարծում եմ, գործընթացը բարդ է, որովհետև ներգրավվել են տարբեր խաղացողներ։ Բոլորը խոսում են խաղաղության ծրագրից, սահմանազատումից ու սահմանագծումից, նաև՝ ապաշրջափակումից։ Խնդիրը երաշխավորին և միջնորդին է վերաբերվում։
Կարծում եմ՝ արցախյան հակամարտության երկարատև ստատուս-քվոն պայմանավորված էր խաղաղապահ առաքելության բաղադրության շուրջ միջազգային անհամաձայնությամբ։ Հիմա այդ անհամաձայնությունը տարածվում է ընդհանրապես միջնորդության երաշխավորության, գումարած՝ խաղաղապահության հարթությունների վրա։ Դրա վառ օրինակը դիտորդական մրցապայքարն է։
-Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարը նշել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմին խանգարում է սփյուռքը։ Ըստ Ձեզ՝ հայկական սփյուռքն արդյո՞ք խանգարում է այս գործընթացին։
-Հայաստանն ու սփյուռքը տարանջատելու՝ Անկարայի հռետորաբանությունը նոր չէ՝ հակադրել ծայրահեղական սփյուռքը չափավորական Հայաստանին։ Անկարայի նպատակը հարաբերությունների նորմալացման խոչընդոտող որպես հայկական կողմին ներկայացնելն է։ Երբ Երևան-Անկարա հարաբերությունների հաստատումը պայմանավորվում է Հայաստան- Ադրբեջան խնդիրների լուծումով, դա ոչ միայն Ադրբեջանի հաշվարկը կամ Բաքվի շահերը գերադասելն է, այլ գործընթացի տապալումը հայկական կողմին վերագրելը։ Հիմա պաշտոնական Անկարան ուզում է ասել, որ Հայաստանի հետ խնդիրները կլուծի Մոսկվայի հետ բանակցելով, բայց սփյուռքը այդ ազդեցությունից հեռու է և կարող է խանգարիչ հանգամանք ունենալ։ Ասվածն այն է, որ թուրք-ադրբեջանական խաղի կանոններին կարող է հակադրվել Սփյուռքը, որ քաղաքական գործոն է նաև արևմտյան այն երկրներում, որոնք գործնականորեն սկսել են հակակշռել ռուս-թուրք համաձայնությամբ կայացած իրավիճակները։
-Ըստ Ձեզ՝ հայկական սփյուռքում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ի՞նչ տրամադրություններ են առկա։
-Կարծում եմ՝ ցյուրիխյան արձանագրությունների բովանդակությունը վերադառնում է ավելի բացասական գույներով։ Անկարան ուզում է առարկայացնել Կարս-2-ը, երբ հայտարարում է, որ անհրաժեշտություն կա Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագծում իրականացնելու։ Թուրքիան, ցեղասպանության ճանաչումից ավելի, տարածքային հատուցման առաջադրանքից է անհանգստանում կամ Սևրի սինդրոմից։ Դրա համար էլ ուզում է իրավապայմանագրային երաշխիք ապահովել տարածքային պահանջների հրաժարումից։ Սա, կարծում եմ, համահայկական խնդիր է, և միայն սփյուռքին չի վերաբերում։ Նույնը նաև՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդունելի դարձնելու՝ թուրք-ադրբեջանական պահանջներին զիջելու դեպքում։

artsakhpress.am/arm/news/171004/bolor-makardaknerov-ev-tarber-hartutyunnerum-mrcapayqar-e-linelu–shahan-gantaharyan.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail