«Թուրքական միջավայրները լավատեղյակ են, որ ես եմ առաջին գծի վրա և, անշուշտ, ես կարող եմ թիրախ դառնալ». Մուրադ Փափազյան

«Թուրքական միջավայրները լավատեղյակ են, որ ես եմ առաջին գծի վրա և, անշուշտ, ես կարող եմ թիրախ դառնալ». Մուրադ Փափազյան

11 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2022 – ՍՓԻՒՌՔ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին դարձյալ անհանգստացնում է հայկական Սփյուռքը. այս անգամ նրան մտահոգել է Ֆրանսիայի հայ համայնքի գործունեությունը, որը, ըստ նրա, խոչընդոտում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Մտահոգությունների մասին թուրք պաշտոնյան պատմել է Ստրասբուրգում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ապա Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել պայքարել այդ երևույթի դեմ՝ հիշեցնելով, որ թուրք-ամերիկյան համակարգող կոմիտեն ևս հաջողությամբ պայքարել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի դեմ։

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը շեշտում է՝ Սփյուռքը պատմականորեն դեմ է այդ հարաբերությունների կարգավորմանը, որովհետև հստակ է՝ ՀՀ-ն պատրաստ չէ գործընթացին, որը ղեկավարում է Թուրքիան:

«Այսօր պարտվող Հայաստանը, դժբախտաբար, ի վիճակի չէ ստորագրել որևէ համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև այս վիճակում անխուսափելիորեն մեր դեմ կշրջվի ցանկացած պայմանագիր, որ Թուրքիան և Ադրբեջանը կգրեն, որովհետև իրենք գրիչն ունեն իրենց ձեռքում. ՀՀ-ն, ցավոք, իր ձեռքում չունի գրիչ: Դրա համար է, որ Սփյուռքը և մասնավորապես ֆրանսահայությունը դիմադրում ենք այս ամենին:

Չավուշօղլուն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում Սփյուռքի դեմ. եթե հիշում եք՝ հուլիսի 3-ին նույն հայտարարություններն էր արել, և 10 օր անց ինձ արգելեցին մտնել Հայաստան Նիկոլ Փաշինյանի հրահանգով. սա, կարծում եմ, լուրջ կապ ունի, և պետք է տեսնենք այդ կապը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մուրադ Փափազյանը:

Հարցին՝ արդյո՞ք Չավուշօղլուին անհանգստացրել է նաև Ձեր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» աշխատությունը, որով, կարելի է ասել, դուրս եք եկել Էրդողանի ռեժիմի դեմ, սփյուռքահայ գործիչը պատասխանեց. «Այս գիրքն ուղղակի Էրդողանի դեմ է և բավական լուրջ արձագանք է գտել ֆրանսիական մեդիաների և քաղաքական միջավայրների մոտ, և հստակ է, որ այս գիրքը խանգարում է Թուրքիային: Տեղյակ ենք արդեն, որ Թուրքիայի դեսպանը շատ մոտից է հետևում այս գրքի մասին հրապարակումներին և արձագանքներին: Վստահ եմ, որ թուրքական կառավարությանը զայրացրել է Ֆրանսիայում նման գրքի հրապարակումն ու հաջողությունները. սա հստակ է:

Բայց հստակ է նաև, որ Թուրքիան կարողացավ ճնշել ՀՀ կառավարությանը, և ՀՀ կառավարությունն ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանը շատ տկար դիրքի վրա են Թուրքիայի դեմ և ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը. Արցախի մասին արդեն չեմ խոսում, Հայաստանի մասին եմ խոսում, որովհետև Հայաստանն է այսօր վտանգի տակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

Թուրք ղեկավարները հասկացել են, որ Փաշինյանն արդեն իրենց գրպանի մեջ է, ու այժմ խնդիրը Սփյուռքն է, որը կարող է իր լծակներով խանգարել ՀՀ-ի դեմ թուրքական ծրագրերը, որովհետև լուրջ պանթուրքական ծրագրեր կան ՀՀ-ի և Հայաստանի ժողովրդի դեմ: Ու որովհետև մենք ազատորեն, անկախորեն նշում ենք դրանց մասին Սփյուռքում, Չավուշօղլուն կոչ է արել Ֆրանսիայում թուրքական սփյուռքին հակազդելու, ընդդիմանալու հայկական սփյուռքին»:

Արդյոք Չավուշօղլուի այս կոչին կհաջորդի՞ նաև անհատների, այդ թվում՝ Ձեր թիրախավորումը՝ մեր վերջին հարցադրումին ի պատասխան էլ՝ Մուրադ Փափազյանը նկատեց.

«Վստահ եմ, որ դա է նպատակը. այսինքն՝ երբ հանրային ձևով շատ հստակ թիրախավորում են, անունս տալու կարիքը չունեն. թուրքական միջավայրները շատ լավատեղյակ են, որ ես եմ առաջին գծի վրա և,անշուշտ, ես կարող եմ թիրախ դառնալ»:

168.am/2022/10/11/1779413.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail