Աստանայում Փաշինյանը խոսել է սահմանները ճանաչելու մասին, Ալիևը սպառնացել է, Պուտինը երկուսին հրավիրել է Ռուսաստան
Հոկտեմբեր 14, 2022 – Հրաչ Մելքումյան:
ԱՊՀ գագաթաժողովում Հայաստանի վարչապետը բարձրացրել է ԱՊՀ երկրների միջև սահմանները ճանաչելու հարցը։
Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակավրեպ է համարել ՀԱՊԿ-ում ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալու առաջարկին՝ բարձրացնելով երկու հիմնական հարց։
«Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և թույլ տվեք ասել հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն այն գոյություն չունի»,-ընդգծել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նաև ասել է, թե շատ կարևոր է հստակ պատասխան տալ, թե արդո՞ք ԱՊՀ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր և նշել, որ այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։
Նա նշել է, որ այդ հարցերը Հայաստանի համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի բոլորովին չհրահրված վերջին ռազմական ագրեսիայի պատճառով և ներկայացրել է ադրբեջանական զորքերի հարձակման մասշտաբներն ու վայրագությունները։
Նրա հայտնել է, որ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի 36 բնակավայր։ Ավելի քան 7 հազար 600 մարդ տեղահանվել է։ Զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցել է 210-ը, վիրավորվել է 293 զինծառայող և ութ խաղաղ բնակիչ։ 28 զինծառայող դեռ անհետ կորած է։ Ադրբեջանական կողմը ինքն է տարածել խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր։
Փաշինյանն ասել է, որ Հայաստանն իրապես անկեղծ նպատակադրված է տարածաշրջանում խաղաղությանը։ Նշել է, որ դրա համար պետք են դրամատիկ քայլեր և Հայաստանի կառավարությունը ապացուցել է, ցույց է տվել պատրաստ է նման քայլերի, իսկ Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է։
Ալիևը շարունակում է սպառնալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում պնդել է, որ Հայաստանը մինչ հիմա չի կատարել 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունով ստանձնած պարտավորությունները՝ չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից անխափան մուտք Նախիջևանի ինքնավար հանրապետություն, ինչպես նաև մինչև հիմա դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից։
«Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն անսահման չէ։ Եթե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այդ երկու կարևոր կետերը չիրականացվեն, մեզ ուրիշ ընտրություն չի մնա, քան համարժեք գործելը», – սպառնացել է Ադրբեջանի ղեկավարը։
Ղարաբաղի մասին Ալիևն ասել է, որ Պրահայի հանդիպմանը ևս այդ հարցով մտքերի փոխանակում է տեղի ունեցել, նրա խոսքերով Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է և հստակ։
«Ղարաբաղը Ադրբեջան է։ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովվելու է Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան։ Մենք ոչ մի երկրի հետ չենք պատրաստվում քննարկել մեր ներքին հարցերը։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այդ թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև որևէ տարընթերցումներ չի առաջացրել», – նշել է Ադրբեջանի առաջնորդը:
Ալիևի պնդմամբ՝ սեպտեմբերի կեսերի բախումները դադարեցվել են ռուսական կողմի միջնորդությամբ. «Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում, կցանկանայի սա հատուկ ընդգծել, որ հենց ռուսական կողմն է հանդես եկել կրակը դադարեցնելու առաջարկով, ոմանք դա վերագրում են այլ երկրների, ինչը բացարձակապես անհիմն է, ռուսական կողմի միջնորդության արդյունքում են ռազմական բախումները դադարեցվել»։
Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում, իրենց հարմար ժամանակ։
«Ես հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի ղեկավարին և Հայաստանի վարչապետին։ Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և ինչպես հասկացա՝ այժմ հետաքրքրություն կա հանդիպելու Ռուսաստանում»,- ասել է Պուտինը՝ հավելելով, թե Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանի ցանկացած քաղաքում՝ Սոչիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ։
Պուտինի հրավերը հաջորդում է Եվրոպայի առաջնորդների հետ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումներին, բանակցություններին, որոնց արդյունքում հոկտեմբերի սկզբին Պրահայում ընդունված քառակողմ հայտարարության համաձայն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ճանաչել միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը 1991-ին ԱՊՀ-ն հիմնելու փաստաթղթերով ընդունված սահմաններով։
Պուտինն ու Ալիևը քննադատում են Մակրոնին
Աստանայում Պուտինը քննադատել է Ֆրանսիայի նախագահին հայ-ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանի դերակատարության խոսքերի համար։
Նախօրեին Էմանյուել Մակրոնոը France 2 հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, որ ռուսներեն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեին։ «Տեսնում եք ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»,-ասել է Մակրոնը։
«Երեկ ես զարմանքով կարդացի Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպումների արդյունքների հետ կապված։ Գտնում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը և ֆրանսիական կողմում, դատելով ամեն ինչից, կողմերի դիրքորոշումների մասին տեղեկատվությունը, այդ պատճառով դրանք հնչել են ոչ կոռեկտ, ես նույնիսկ կասեի այլասերված, ուստի անընդունելի»,- ասել է Պուտինը։
Բաքուն ևս քննդատել է Մակրոնին՝ հարցականի տակ դնելով նրա միջնորդական ջանքերը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հիշյալ հարցազրույցում Ադրբեջանի դեմ ուղղված, հիմնականում ներքին լսարանի համար նախատեսված, ամբողջովին կողմնակալ և Հայաստանին բացահայտ պաշտպանող հայտարարություններն անընդունելի են և մենք հերքում ենք Ադրբեջանի հասցեին Ֆրանսիայի ղեկավարի անհիմն մեղադրանքները»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Պաշտոնական Բաքուն նաև նշել է, որ Ադրբեջանը հաշվի առնելով տվյալ պահին Մինսկի Խմբի աշխատանքի անհնարինությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացում չի հրաժարվել Ֆրանսիայի նախագահի միջնորդական նախաձեռնությունից և Մակրոնի նախաձեռնությամբ այս տարա փետրվարի 4-ին և հոկտեմբերի 6-ին քառակողմ հանդիպումներ են տեղի ունեցան։
«Սակայն Ադրբեջանի հասցեին Ֆրանսիայի նախագահի հնչեցրած արտահայտությունները լուրջ հարցականի տակ են դնում նրա միջնորդական ջանքերի չեզոքությունն ու անկողմնակալությունը։
Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն, զարգացում ապահովելու, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հարաբերություններ նորմալացնելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշումն ու անհիմն մեղադրանքները ստիպում են վերանայել այդ երկրի միջնորդական ջանքերը»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն։
azatutyun.am/a/32083600.html?fbclid
Copyright © 2024 | WordPress Theme by MH Themes