Ֆրանսիան ստեղծում է ներքին պետական փաստաթղթեր, որոնք կապահովեն Ֆրանսիայի վաղվա քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի հարցում
16.11.2022 | Հարցազրույց | ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Lragir.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը
Պարոն Ղուկասյան, Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու մասին բանաձևը։ Որքանո՞վ է կարևոր Սենատի այս որոշումը՝ նկատի առնելով, որ քննարկում կա, թե Սենատի որոշումները կառավարության համար պարտադիր կատարման ենթակա չեն։
Ֆրանսիայի Սենատն օրենսդիր մարմին է, բայց օրենսդիր մարմնի հայեցակարգը և առաջարկը, թե ինչպիսին պետք է լինի պետության արտաքին քաղաքականությունը, Ֆրանսիայում ունի էական նշանակություն։ Հայաստանում է, որ նման բաները նշանակություն չունեն։ Հայաստանը հռչակում ենք խորհրդարանական կառավարման մոդելով ղեկավարվող երկիր, բայց խորհրդարանի դերը և նշանակությունը քաղաքականություն ձևավորելու հարցում գրեթե հավասար է զրոյի։ Ֆրանսիայում այդպես չէ։ Սա երկրորդ փաստաթուղթն է, որն ընդունում է Սենատը, և կարելի է ասել, որ Ֆրանսիան ստեղծում է ներքին պետական փաստաթղթեր, որոնք կապահովեն Ֆրանսիայի վաղվա քաղաքականությունը Հայաստանի և Արցախի հարցում։ Այդ քաղաքականության գլխավոր ուղերձն այն է, որ Ֆրանսիան պատրաստ է վերցնել պատասխանատվություն՝ հանդես գալու որպես Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախաձեռնված քննարկումը զուգահեռ քայլ է։ Կարևոր է նաև այսօր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Թվիթերում հրապարակած ուղերձը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանը բաց չթողնի հնարավորությունը՝ քայլ անելու դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատում։ Բնականաբար, խոսքը Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանից հեռանալու մասին է։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն Դանիել Լասիկայի այցը Հայաստան նույնպես քաղաքական ուղերձ է հայերին, որ ԱՄՆ-ն նույնպես պատրաստ է անվտանգության հարցերում լինել Հայաստանի կողքին։
Սենատի բանաձևում կա կետ, որ Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է Արցախում հումանիտար գրասենյակ բացել, սա ի՞նչ նշանակություն կունենա Արցախի համար։
Քողարկված դեսպանատան մասին է խոսքը, և այդ հարցը լիովին գտնվում է Հայաստանի դաշտում։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է տան իրենց համաձայնությունն այդ գրասենյակի բացման համար։ Դա քայլ է դեպի Արցախի ճանաչում։ Եթե դատարկ խոսքեր չեն բոլոր այն հայտարարությունները, որ հայերը ձգտում են Արցախի միջազգային ճանաչմանը, ապա այդ միջազգային ճանաչմանը նախորդող քայլը Ֆրանսիայի կողմից ըստ էության դեսպանատան բացումն է Ստեփանակերտում։